Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /10-րդ մաս/

30.06.2024

 Վազգեն Մանուկյանը հիշում է. «Ես նրան (ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.– Հ․Խ․) զեկուցեցի այդ օպերացիայի փոքր մասը միայն, և, ստանալով նրա համաձայնությունը, մենք արեցինք ավելին»[113]:

Նորից ամենայն սրությամբ ծառացավ պատասխանատվության ստանձնման հարցը, և այն, ինչպես նախկինում, հանձնառել է ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը: Այդ մասին հետագայում վկայել է Ս. Բաբայանը. «…Քելբաջարի շրջանի ռազմագործողությունը մշակել եմ ես, սակայն Վազգեն Մանուկյանն ու Սերժ Սարգսյանն արդեն պատասխանատվություն էին կրում (այսինքն՝ ի տարբերություն որոշ բարձրաստիճան գործիչների՝ չէին խուսափել իրենց վրա վերցնել պատասխանատվությունը.-Մ.Հ.)»[114]:

Մարտակերտի շրջանի բռնազավթված ու զորակայանների վերածված գյուղերում թշնամին կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կուտակել, նախապատրաստվելով նոր, լայնածավալ հարձակման: Հաշվի առնելով շրջանի հայ բնակչությանը սպառնացող իրական վտանգը` Արցախի Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունը մշակել է անհետաձգելի միջոցառումներ վերադարձող խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Բացի այդ, ավելորդ չէ կրկնել, որ Լաչինի շրջակա տարածքը և Արցախը Հայաստանի Հանրապետությունից կտրելու` այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի համառ փորձերը, ինչպես նաև անմիջական սպառնալիքը Մարտակերտ շրջկենտրոնի ուղղությամբ ազատագրական մարտեր մղող Արցախի Հանրապետության ԻՊՈՒ հիմնական զորամասերի թիկունքին, մարտ ամսվա վերջին օրակարգի հարց են դարձրել հակառակորդի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումը:

Մարտական գործողությունները սկսվել են մարտի 27-ին, որոնց նախորդել են մանրազնին հետախուզությունն ու հրամանատարների` իրենց շտաբների հետ կատարած նախապատրաստական համակողմանի աշխատանքները: Լեռնային ծանր պայմանները, զրահատեխնիկայի օգտագործման սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև բնակավայրերում հակառակորդի կենդանի ուժի ու սպառազինության մեծ կուտակումները դժվարացրել են ԻՊՈՒ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Փորձելով շեղել ԻՊՈՒ կազմավորումների ուշադրությունն արևմտյան ռազմաճակատից` հակառակորդը, հրետանու աջակցությամբ, նոր հարձակում է ձեռնարկել Պուշկեն յալի հայկական դիրքերի ուղղությամբ: Հարձակումը բարեհաջող հետ է մղվել: Մարտի 29-ին ինքնապաշտպանության ուժերն ազատագրել են Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղը և, շարունակելով առաջխաղացումը, ճնշել են Ենիքենդ, Աղջաքենդ գյուղերի կրակակետերը:

Մարտի 29-30-ին ԻՊՈՒ զորամասերն առաջ անցնելով Աղդաբանից 2-3 կմ, իսկ Չարեքտարից` 5 կմ` ազատագրել են Չարեքտարից հյուսիս-արևելք ընկած Վանք գյուղը և հայկական ճարտարապետության հին կոթող Դադիվանքը (Խութավանք)[115]:

Մարտավարական բարենպաստ դիրքերում գտնվող հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Միայն Չարեքտար գյուղի համար մղված գիշերային մարտերում ինքնապաշտպանության ուժերն առգրավել են 2 թնդանոթ, 2 ՀԱՆ-17 տիպի նռնականետ և 1 ԴՇԿ[116]: Ազատագրվող բնակավայրերից մշտապես հրետակոծվել ու ավազակային հարձակումների են ենթարկվել Մարտակերտի շրջանի բնակավայրերը: Գետավանցի ազատամարտիկներն Աղդաբանում և նշված մյուս գյուղերում տեսել և ճանաչել են իրենց ու հարևան գյուղերից դեռևս 1992-ի ամռանը կողոպտված իրերն ու կահկարասին, հայատառ գործվածքով ազգային գորգեր, ավարառված հեռուստացույցներ ու սառնարաններ[117]:

Ազատագրական մարտերին զուգընթաց, փետրվար-մարտ ամիսներին շարունակվել է Արցախի զինված ուժերի կազմավորումը ԻՊԿ-ի ղեկավարությամբ: Բոլոր աստիճանների հրամանատարներն ու շտաբները քրտնաջան աշխատանք են կատարել զորամասերի և ստորաբաժանումների հետագա կազմավորման, նրանց համալրման ու լրակազմավորման ուղղությամբ: Հայրենիքի պաշտպանների շարքերը համալրել են 18 տարեկան պատանիները, որոնք համապատասխան պատրաստություն են անցել Ուսումնական կենտրոնում:

Կատարելագործվել է զորքերի կառավարումը, շտաբները սկսել են ավելի ըմբռնումով մոտենալ ու զբաղվել մարտական գործողությունների կազմակերպման ու կառավարման հարցերով: Բոլոր մակարդակների հրամանատարները զորամասերի և ստորաբաժանումների կառավարման, մարտական գործողությունների կազմակերպման ու լեռնային տեղանքի, դաժան ձմռան պայմաններում մարտը ղեկավարելու փորձ են ձեռք բերել: Կատարելագործվել է հրետանու, հետախույզների ուսումնական կենտրոններում զորքերի մարտական և սպաների հրամանատարական նախապատրաստումը: Աստիճանաբար ծավալվել է մեկօրյա հավաքների, ինչպես նաև զորամասեր մեկնելու մեթոդով շտաբների ու պաշտպանական ուղղությունների ծառայությունների սպաների նախապատրաստումը: Կատարելագործվել է մարտի ընթացքում տեխնիկայի ու սպառազինության շահագործման, նորոգման ու սպասարկման կազմակերպումը: Շարունակվել են տեխնիկայի ու սպառազինության վերանորոգման բազայի հզորացումն ու կատարելագործումը:

Թիկունքային մատակարարման կատարելագործման, զորքերի կարիքներին ու պահանջմունքներին նրա համապատասխանեցման ուղղությամբ նշանակալի աշխատանք են կատարել ԻՊԿ-ի, պաշտպանական շրջանների և զորամասերի թիկունքի աշխատողները:

  

Թերություններով հանդերձ, բարելավվել է մարտական գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը:

Հատկանշելով ձեռք բերված հաջողությունները, հայրենի գյուղերն ազատագրող մարտիկների ու հրամանատարների արիությունը՝ սխալ կլիներ շրջանցել թերությունները: Դրանց մասին բարձրաձայնում և այդ թերություններն օր առաջ շտկելու անհրաժեշտության մասին խոսում էր նաև ԻՊԿ ղեկավարը: Մարտական գործողությունների կազմակերպման ու անցկացման վերլուծությունը ցույց է տվել, որ երբեմն ցածր մակարդակով էին լուծվում մարտական գործողությունների պլանավորման և հատկապես դրանց համակողմանի ապահովման, փոխգործակցության կազմակերպման հարցերը: Մինչև վերջ չէր լուծվել նվաճված բնագծերում ստորաբաժանումների դիրքերի ամրապնդման և հակառակորդի հրետակոծություններից նրանց պաշտպանության կարևոր հարցը, ինչի հետևանքով չարդարացված կորուստներ են եղել: Ցածր մակարդակի վրա էր մարտական գործողությունների ինժեներական ապահովումը, մասնավորապես վատ են կազմակերպվել ինժեներական հետախուզումը, ճանապարհների ականազերծումը: Դեռևս լուծված չէր պաշտպանության առաջին գծի ինժեներական սարքավորման հարցը: Շատ թերություններ ու բացթողումներ են եղել հակաօդային պաշտպանությունում, ինչի հետևանքով չի օգտագործվել մի քանի նշանակետերի խոցման հնարավորությունը[118]:

Այս ամենով հանդերձ, շարունակելով թշնամու կողմից զավթված Մարտակերտի շրջանի ազատագրման` փետրվար-մարտ ամիսների մարտական հաջող գործողությունները, ԻՊ ուժերը Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում ապրիլի սկզբին անմիջականորեն հասել են նախկին պետական սահմանին: Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և ձգտելով ընդլայնել ու վտանգազերծել կենսականորեն կարևոր Լաչինի միջանցքը` ԻՊ ուժերը վճռական հարձակման են անցել Քելբաջարի` պատմական Քարվաճառի (կամ Ծարի մելիքության) ուղղությունում:

Ինքնապաշտպանության ուժերն առաջ են շարժվել երեք տարբեր ուղղություններով՝ նպատակ ունենալով վերջնականապես ջախջախել հակառակորդի լաչին-քելբաջարյան խմբավորումը և հուսալիորեն փակել Օմարի բարձրադիր լեռնանցքը: Զինապաշարի, վառելիքի ու մյուս նյութատեխնիկական միջոցների պակասով հանդերձ, հայ մարտիկների արիության և տոկունության, հայրենի հողն ազատագրելու վճռականության, հրամանատարների ու շտաբների կազմակերպական աշխատանքների շնորհիվ ԻՊՈՒ զորամասերն ու ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները:

Գրագետ ու հմտորեն են գործել հրետանավորներն ու կապավորները, ինժեներական ծառայության զինվորները: Բոլոր ստորաբաժանումների փոխհամագործակցությունն ու հմուտ ղեկավարումը կանխորոշել են ձեռք բերված հաջողությունները: ԻՊՈՒ զորամասերի հաղթարշավը շարունակվել է նաև հաջորդ օրերին և պսակվել հակառակորդի` լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախմամբ[119]: Հակառակորդն անզոր է գտնվել որևէ լուրջ դիմադրություն ցույց տալու: Տարերային դիմադրության օջախները վերացնելով` ԻՊՈՒ ստորաբաժանումները կրնկակոխ հետապնդել են հակառակորդին: Լաչինի ու Մարտակերտի շրջաններից հասցված միաժամանակյա հարվածով Արցախի Հանրապետության ԻՊՈՒ զորամասերը ապրիլի 2-ին տիրել են Քելբաջար-Գանձակ խճուղու թունելին, ապա` Քելբաջար շրջկենտրոնին: Շարունակելով թշնամու կրակակետերի վնասազերծումը` Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Քելբաջարի շրջանի ռազմավարական բնագծերը, իսկ այնուհետև փոխհամագործակցելով Արևելյան զորախմբի ստորաբաժանումների հետ` զարգացրել են հարձակումը և դուրս եկել Օմարի ռազմավարական լեռնանցքը:

Ամենաթեժ մարտերի մասին ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը վկայել է հետևյալը. «Ամենահամառ մարտերը մղվում էին Աղդաբան-Չարեքտար-Նարեշտար ուղղության վրա և թունելի շրջակայքում: Հետագայում ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին և նահանջեցին: Ահա, թե ինչու զգալիորեն քիչ եղան Քելբաջարի խաղաղ բնակիչների, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական զինծառայողների կորուստները»[120]:

Այսպիսով, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի ՊՇ-ների կողմից համատեղ անցկացված կայծակնային ռազմագործողությունն ավարտվել է այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումով, ինչը ձախողել է հակառակորդի զավթողական մտադրությունները, ապահովել անվտանգ երթևեկությունը «Կյանքի ճանապարհով»: Մարտերով ազատագրվել են երկու տասնյակից ավելի գյուղեր, ռազմավար են վերցվել զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա և մեքենաներ[121]: Օմարի լեռնանցքի վրա վերահսկողության սահմանումը նկատելիորեն ամրապնդել է ԻՊՈՒ դիրքերը՝ ցնցող հարված հասցրել թշնամուն, ի չիք դարձնելով նրա զավթողական նկրտումներն այդ շրջանում: Մարտերում աչքի են ընկել №№ 48183, 47722 զորամասերի, Մարտունու ՊՇ, Շուշիի ՊՇ հետախուզական դասակի և այլ ստորաբաժանումների անձնակազմերը[122]:

Նմանապես հաջող են ընթացել միաժամանակ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի ՊՇ-ներում ծավալված պաշտպանական ու հարձակողական մարտերը[123]: Հարավ-արևելքում Հադրութի և Մարտունու ՊՇ-ների համատեղ ջանքերով գրավված կարևոր նշանակության Խազազ, Շահրուվեն յալ բարձունքները, Ղաջար, Գովշաթլու և Դիվանալար բնակավայրերը, որոնք ադրբեջանական զինված կազմավորումների համար հենակետեր էին Արցախի Հանրապետության տարածք ներխուժելու համար, չեզոքացրել են սպառնալիքը: Դրա հետ մեկտեղ, Մարտունու ՊՇ-ում ձեռք բերված անառարկելի հաջողությունների համապատկերի վրա նշմարվել է հարձակմամբ գրավված դիրքերում և բնագծերում ամրանալու մարտիկների չվարժված լինելը: Դիրքերը բազմիցս հանձնելը և վերագրավելը կամ ձեռքից ձեռք անցնելը, վկայում են, որ կրտսեր հրամանատարները պատշաճ կերպով չեն մշակել նոր գրավված բնագծերում ամրանալու հարցերը: Հաշվի չեն առնվել տեղանքի մարտավարական առանձնահատկությունները, բացակայել է ամուր կարգապահությունը: Դա պարզորոշ երևացել է Մարտունու ՊՇ-ում մղված, հատկապես Ոսկեբլուր (Կըզըլկայա) սարի, 631,8 բարձունքի մարտական գործողությունների վերլուծությունից[124]:

ԻՊՈՒ-ի ձեռնարկած հակահարձակողական ու պաշտպանական մարտերը, ընդհանուր առմամբ, թեև հաջող էին, սակայն, դեռևս ուղեկցվել են մի շարք թերություններով:

Ունենալով անհրաժեշտ քանակությամբ միջոցներ` այն անարդյունավետ կերպով է պայքարել թշնամական նշանակետերի դեմ, որից օգտվելով` հակառակորդի օդուժը բազմիցս ներխուժել է Արցախի Հանրապետության օդային տարածքը և հրթիռառմբային հարվածներ հասցրել խաղաղ բնակավայրերին[125]: Այս ամենով հանդերձ, բանակի կազմակերպման ու շինարարության նախնական փուլը որակական նոր առաջընթաց է ապրել: Դա հաստատվել է ապրիլ ամսում ձեռք բերված մարտական բարձր հաջողություններով: Փետրվարյան մարտական գործողություններում սկզբնավորված բեկումը հետագա զարգացում է ապրել, հակառակորդը կորցրել է նախաձեռնությունը[126]:

Թեև 1993թ. մայիս ամիսը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն ադրբեջանական զինված կազմավորումների ակտիվ տեղաշարժերը, զենքի ու զինամթերքի, ինչպես նաև կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները ռազմաճակատի տարբեր հատվածներում, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային հարվածներով, փաստել են ռազմագործողություններն ակտիվացնելու հակառակորդի մտադրությունները: Միաժամանակ չեն հանգստացել կրքերը` կապված Քելբաջարի շրջանի կրակակետերի վնասազերծման հետ: Մի շարք երկրների խաղաղարարական ջանքերը հակասել են հակամարտող կողմերից որևէ մեկի կենսական շահերին: Եվ ինչպես միշտ, ստեղծված իրավիճակը հակառակորդը փորձել է ծառայացնել պատերազմի սաստկացման նպատակին՝ շարունակելով սադրանքները ռազմաճակատում և տեղեկատվության ոլորտում:

Հակառակորդին զսպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրանցից հատկանշելի է Շահումյանի շրջանը բռնազավթած թշնամու թիկունքում մղվող գործողությունների նկատելի ակտիվացումը: Ընդհանրապես հարկ է ընդգծել պարտիզանական պայքարի լավագույն ավանդույթների շարունակման և Արցախի Հանրապետության պաշտպանության գործում դրա ունեցած դերը: Պարտիզանական մարտերում կոփված Շահումյանի ու Մարտակերտի շրջանների արժանի զավակները հետագայում միավորվել են զորամասի մեջ և կազմավորել Շուհումյանի պաշտպանական շրջանը, որը դարձել է ՊԲ մարտունակ զորամասերից մեկը և նշանակալի ավանդ է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիսային սահմանների պաշտպանության գործում:

Թեև ակտիվ հարձակողական ռազմագործողություններ չեն վարվել, սակայն տեղի ունեցող դիրքային մարտերն ինքնին հստակ պատկերացում են տվել թշնամական այն բնակավայրերի ու դրանցում առկա կրակակետերի աշխարհագրության մասին, որոնք ագրեսիվ վարքով ու սադրիչ չարագործություններով վաղ թե ուշ իրենց վրա էին հրավիրելու կամ հրահրելու հայ վրիժառու բազկի հակահարվածը, որն անխուսափելի էր, նախևառաջ` Արցախի անվտանգությունը և հայ ազգաբնակչության նորմալ կենսագործունեությունն ապահովելու առումներով:

Բանակաշինության ոլորտում ինտենսիվ կերպով աշխատանքներ են տարվել օրավուր աճող ու բարդացող մարտական խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ ենթակառույցները և նյութատեխնիկական բազան բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, մայիսին շարունակվել է մարտական պատրաստության, անձնակազմերի համապատասխան քանակության ապահովման և ՊՇ-ներում նրանց տեղավորվածության, կենցաղային պայմանների հետագա բարելավման գործընթացը:

 

168.am

← Վերադառնալ ցուցակին