Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /3-րդ մաս/
30.06.2024
Հերթական հասարակական կազմակերպության քաղաքային հիմնադիր համաժողովը Ղարմետաքսկոմբինատի դահլիճում 1988թ. հուլիսի 8-ին բացեց Ս. Սարգսյանը, որտեղ 11 հոգի ընտրվեցին խորհրդի կազմում, այդ թվում նախագահ՝ Ռ. Քոչարյանը, քարտուղար՝ Հ. Գրիգորյանը[24], իսկ նախագահի տեղակալ՝ Ս. Սարգսյանը[25]: 1988-1989 թվականներին՝ ԼՂ մարզգործկոմի նախագահ, 1989-1990 թվականներին՝ Կառավարման հատուկ կոմիտեի անդամ Սեմյոն Բաբայանի գնահատմամբ՝ թեև «Միացում» շարժումը հետագայում ստեղծված իր շրջանային կազմակերպությունների հետ «մեծ ավանդ է ունեցել Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորմանը հասնելու գործում, բայց չկարողացավ գլխավորել շարժումը, և գործադուլը շարունակվեց, թեև հանրահավաքների ժամանակ բազմիցս կոչեր են հնչել այն դադարեցնելու մասին»[26]:
Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարների խրախուսմամբ ծայրահեղական ուժերը ԼՂԻՄ հայ ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների ու անօրինական գործողությունների, Հայկական ԽՍՀ-ի և ինքնավար մարզի խստացված շրջափակման հետևանքով լարված իրավիճակում նոր թափ էր ստանում հանրահավաքային ու գործադուլային պայքարը: 1988թ. սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում հրավիրված բազմահազարանոց հանրահավաքում շրջափակումը վերացնելու պահանջով ելույթ ունեցան Սերժ Սարգսյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Համլետ Գրիգորյանը, Էռնեստ Հայրապետյանը, Ավետիս Գրիգորյանը և ուրիշներ: Այդ նույն հարցը Մոսկվայում ԽՄԿԿ կենտկոմի իրավական և վարչական հարցերով քարտուղար Անատոլի Լուկյանովի մոտ ընդունելության ժամանակ զարգացրել են ԼՂԻՄ-ից ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ Բորիս Դադամյանը, Հենրիխ Պողոսյանը և Սեմյոն Բաբայանը[27]:
1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին անցկացվեցին Հայաստանի Գերագույն խորհրդի ժողովրդավարական, այլընտրանքային ընտրություններ, որոնց մասնակցեց նաև Արցախի հայ բնակչությունը: Ընտրական պայքարը ծավալվել էր հիմնականում ՀՀՇ-ի և ՀԿԿ-ի միջև: Արցախյան շարժման ալիքի վրա ՀՀՇ-ի առաջադրած և պաշտպանած թեկնածուների մեծամասնությունը, այդ թվում նաև Արցախյան շարժման Հայաստանի կոմիտեի գրեթե բոլոր անդամները ընտրվեցին հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր[28]: ԼՂԻՄ 11 ընտրատարածքներից Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների մանդատներ են ստացել Իշխան Ավետիսյանը, Սլավիկ Առուշանյանը, Վահրամ Աթանեսյանը, Գրիշա Բաղյանը, Մանֆրեդ Բախշյանը, Համլետ Գրիգորյանը, Ռազմիկ Դանիելյանը, Էդուարդ Ղուկասյանը, Վիգեն Շիրինյանը, Գեորգի Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը[29]:
Արցախյան շարժման ընդհատակյա ղեկավարությունը, փորձելով կապ ստեղծել ԼՂԻՄ-ում արտակարգ դրության խստակարգ իրականացնող ԽՍՀՄ ուժային կառույցների հետ, հանձնարարել է դեռևս կուսակցական աշխատանքի բերումով քաղաքական դաշտում երևացող գործիչներին փոխըմռնման եզրեր գտնել նրանց լոյալ ներկայացուցիչների հետ՝ ի շահ շարժման հետագա ծավալման:
Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման գործում նախանձախնդիր գործիչների, այդ թվում՝ Ս. Սարգսյանի մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել 1990-1991թթ. ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-հետաքննչական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը իր օրագրային գրառումների հիման վրա կազմած հուշագրությունում:
Ներկայացնելով գաղտնի հանդիպման մասնակիցներին՝ Վ. Կրիվոպուսկովը գրել է. «Եթե հավատալու լինենք այն օպերատիվ նյութերին ու բնութագրին, որ տվել են նրանց Վ. Պ. Պոլյանիչկոն ու գեներալ Վ. Ն. Սաֆոնովը, երեքն էլ (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան և Ա. Ղուկասյան) առնչվում էին Ղարաբաղյան շարժման ամենաագրեսիվ ու անհաշտ մասին… Նրանք համարվում էին ազգամիջյան իրարանցման գրեթե գլխավոր դեմքերը»[30]:
ՆԳՆ ռուս սպան, հիշելով, թե ինչպես է հատկապես Սերժ Սարգսյանը այդ երեկո խորհուրդ տվել այցելելու ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների կազմալուծված Մարզկոմիտեի գործկոմ, տեսնելու, թե ինչպիսի միջոցներով, ինչ պայմաններում է այդ գործադիր կոմիտեն հարկադրված աշխատում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության առօրյա հարցերը, նրան բնութագրել է հետևյալ կերպ. «Սերժ Սարգսյանն առանձնանում էր զարմանալի բարյացակամությամբ և հազվադեպ հաջողությամբ լրացնում էր Ռոբերտին։ Նա պատմում էր ղարաբաղյան իրադրության պատմական զարգացման մասին, ըստ որում, ինչպես ինձ թվաց, միանգամայն օբյեկտիվ դիրքերից: Հիշում եմ, ես այն ժամանակ մտածեցի, որ դա հաստատ հետևանք է երկար ժամանակ Արկադի Իվանովիչ Վոլսկու մոտ խորհրդական աշխատելուն»[31]:
ԼՂԻՄ իշխանության տեղական մարմինների գործունեության դադարեցումը զգալիորեն բարդացնում էր կազմակերպական հրատապ խնդիրների լուծումը, այդ թվում` ինքնապաշտպանության նվազագույն պահանջների բավարարումը: Ընդհատակում գործող Շարժման ղեկավարներն ընդամենը լուծում էին ինքնապաշտպանության հետ կապված կոնկրետ հարցեր, որոնք ծագում էին իրադրության հաճախակի փոփոխման ընթացքում: Նման պայմաններում, տեղական իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, հանդես էին բերում ստեղծված կացությունից ելքի ուղիներ գտնելու նախաձեռնություն: 1991թ. հունիսի առաջին օրերին ԼՂԻՄ գործկոմի շենքում հավաքված ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի մի խումբ անդամներ ու մարզի ղեկավար աշխատողներ, երկար քննարկումներից հետո, պայմանավորվել են համախմբել բոլոր ուժերն ու միջոցները մարզի խաղաղ բնակչության անվտանգության խնդիրը լուծելու համար[32]:
Սակայն դա բավական չէր, ուստի հարկ էր լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Դրանցից հատկանշելի է մարզի ղեկավար աշխատողների հերթական նախաձեռնությունը: Մարզգործկոմում հավաքված ձեռնարկությունների ու կազմակերպությունների` Ստեփանակերտում ու շրջաններում հայտնի աշխատողներն ու ղեկավարները քննարկել են մարզում ստեղծված աղետալի իրավիճակը: Քննարկումների արդյունքում ակտիվը հանգել է այն եզրակացությանը, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է ձեռնարկել կազմակերպական շտապ միջոցներ և ամրապնդել մարզի ղեկավարության դիրքերը: Դա բխում էր ինքնապաշտպանության ուղղությամբ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հրամայականից: Այդ առումով, ինչպես ընդունված էր, անմիջապես տեսանելի ձեռնարկումը կադրային փոփոխությունն էր: 1991թ. հունիսի 11-ին ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի ընդլայնված նիստը նախագահի պարտականությունները դրել է նրա առաջին տեղակալ Լեոնարդ Պետրոսյանի վրա[33], որը գործկոմի անդամների հետ ձեռնամուխ է եղել ռազմական ու տնտեսական ծանր քաոսից մարզը դուրս բերելու միջոցառումների մշակմանն ու կազմակերպմանը:
Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների նախահարձակ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությունից ինքնավար մարզը դուրս բերելու ուղիների որոնման շրջանակներում, նույն թվականի հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողպատգամավորների ընդլայնված նիստում մշակվել է Արցախի հայ ազգաբնակչության գոյատևման ծրագիր: Դա անհրաժեշտություն էր և շատ կարևոր նախաձեռնություն, քանզի ապրիլ-մայիսյան իրադարձությունները ցույց էին տվել, որ մարզային և տեղական իշխանությունների կազմալուծման պատճառով, ժողովուրդը միանգամայն պատրաստ չէր զինված դիմադրություն ցույց տալու ԽՍՀՄ ԶՈՒ և ՆԳՆ զորքերի աջակցությամբ ԱդրԽՍՀ իշխանությունների իրականացվող լայնածավալ ագրեսիային: Ծրագրում նախատեսվել է կարգավորել մարզի քաղաքական ու տնտեսական վիճակը և ձեռնարկել տխրահռչակ «Օղակ» ռազմագործողության հետագա ծավալումը կասեցնելու միջոցներ: Դրա համար, նախ և առաջ, անհրաժեշտ է համարվել ԽՍՀՄ ղեկավարության միջոցով հասնել մարզգործկոմի և ժողպատգամավորների մարզխորհրդի վերականգնմանը, անցկացնել Մարզխորհրդի ժողպատգամավորների ընտրություն, ժողովրդի ցանկությունների հաշվառմամբ, մարզի նորընտիր ղեկավարության ուժերով մշակել Արցախի գոյատևման իրատեսական ծրագիր, հավուր պատշաճի նախապատրաստվել զինված ինքնապաշտպանության:
1991թ. հուլիսի վերջին ԼՂԻՄ Ազգային խորհրդի «Պ» (այսինքն` պաշտպանություն) ժամանակավոր խմբի հիման վրա ստեղծվել է ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե, ինչը թելադրված էր ադրբեջանական բանակի ճնշմանն ու հարձակումներին դիմագրավելու համար մարզի պաշտպանությունը նոր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այդ իսկ նպատակով ստեղծվել է ինքնապաշտպանության ուժերի շտաբ, որի կազմում ընդգրկվել են Վ. Բալայանը, Գ. Պետրոսյանը, Մ. Պետրոսյանը, Ս. Սարգսյանը, Ռ. Քոչարյանը և այլ անձինք[34]:
Նորաստեղծ շտաբը սկզբում կազմավորել ու զինել է արագ հակազդման ջոկատներ: Մարզի բոլոր շրջաններում և Ստեփանակերտում դրանց թվաքանակը օրըստօրե աճել է, քանի որ ցանկացողները շատ էին: Մարզի գրեթե բոլոր հասուն տղամարդիկ ինքնակամ, յուրահատուկ խանդավառությամբ ցանկություն էին հայտնում կանգնելու հայրենիքի, իրենց ընտանիքների, երեխաների պաշտպանության դիրքերում: Սակայն ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենքն ու սպառազինությունն անբավարար էին: Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ էին հանգում այն եզրակացությանը, որ Արցախի ինքնապաշտպանության հարաճուն պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է կազմավորել կանոնավոր բանակ: Դրա համար նպաստավոր հիմքեր են ստեղծել Շահումյանի շրջանում և Արցախի այլ վայրերում ընթացող պաշտպանական համառ մարտերը, որոնց բովում ապագա հրամանատարները թրծվում էին, ձեռք բերում համապատասխան մարտավարական փորձ:
Զուգահեռաբար սկսել է ձևավորվել ռազմաքաղաքական իրադրությանը համապատասխանող ռազմավարություն, ինչն էլ, իր հերթին, թելադրել է համապատասխան քաղաքականություն: Ուստի Ս. Սարգսյանը և ժողովրդի անվտանգության ապահովման պատասխանատվություն ստանձնած նրա գործընկերները պատրաստակամորեն հաղթահարել են ինքնապաշտպանական ջոկատները կանոնավոր բանակի վերակազմավորվելու երկար ու ծանր փորձություններով առլեցուն ճանապարհը: Հատկանշելի է, որ խորհրդային ու կուսակցական տեղական մարմինների ձևական առկայության պայմաններում հաջորդաբար մեծ պատասխանատվություն ու ղեկավարելու ծանր բեռ են ստանձնել ընդհատակյա կազմակերպությունները՝ «Կռունկ», «Միացում», «Ղարաբաղ» հայաստանյան կոմիտեի Արցախի բաժանմունք, ՀՅԴ «Անտառ» կոմիտե (1994-ից՝ Արցախի մեկուսի կենտրոնական կոմիտե), Ժողովրդական ճակատ, «Կոորդինացիոն գաղտնի խորհուրդ», «Ազգային խորհուրդ» և այլն, որոնք պատեհաժամորեն փորձել են դժվարին պահերին ստանձնել ժողովրդի ղեկավարման գործը, անհրաժեշտության դեպքում զբաղեցնել ԼՂԻՄ օրինական իշխանությունների թափուր տեղը:
Անմիջապես նրանց և ինքնապաշտպանության հարցերով զբաղվող մարմինների կամ պատասխանատու անձանց նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, Արցախում զինված ինքնապաշտպանության կազմակերպման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ճանապարհին, մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել: Նախ` ԽՍՀՄ-ում առաջացած քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբեք էլ Ադրբեջանի կազմկոմիտեն չընդունած Արցախի հայ ազգաբնակչությունը վերականգնել է օրինական իշխանությունը` հանձին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի[35]:
Իշխանության վակուումի պայմաններում Արցախում այն լրացնելու քաղաքական հայտ էին ներկայացրել ՀՅԴ, «Ժողովրդական ճակատ», «Միացում» և «Հայ երիտասարդության ճակատ» (այնուհետև՝ Հայ ազգայնականության ճակատ) և այլ կազմակերպություններ: 1991 թվականին ՀՀՇ-ի հովանավորությունը վայելող «Ժողովրդական ճակատ», «Միացում» կազմակերպությունները ագրեսիվ հակառակորդի զսպման նպատակով կազմակերպեցին տեղային նշանակության ռազմական օպերացիաներ Հադրութի և Մարտունու, իսկ ՀՅԴ ընդհատակյա մարտական շտաբը՝ Ասկերանի, Մարտակերտի և Շահումյանի շրջաններում:
Այդ գործողությունները հետագայում համաձայնեցնելու և ընդհանուր հրամանատարության տակ դնելու գործում կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեից Ա. Տեր-Թադևոսյանի Արցախ գործուղումը, որին հաջողվեց մի շարք հաջող օպերացիաների մշակման ու իրականացման շնորհիվ ձեռք բերել վստահություն մարտական ջոկատների և նրանց հրամանատարների շրջանում և 1992թ. մարտի 4-ին պաշտոնապես նշանակվեց ԻՊՈՒ հրամանատար: Հայրենիքի պաշտպանության գաղափարի գերակայությունը գիտակցող, բայց տարբեր քաղաքական հայացքների տեր ազատամարտիկների համախմբման գործում կարևոր դեր խաղաց նաև մի քանի շաբաթ անց ստեղծված Ինքնապաշտպանության կոմիտեի նպատակասլաց գործունեությունը:
Արցախյան շարժման ակտիվիստներից Մուրադ Պետրոսյանը[36], որը 1990-1991թթ. Արցախի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետն էր, իր հուշերի գրքում Սերժ Սարգսյանի ռազմական կարիերայի սկիզբը այսպես է ներկայացրել. «Բաբայանի ձերբակալությունից[37] հետո կապավորները հաղորդեցին, որ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը ցանկանում են հանդիպել ինձ: Այն ժամանակ նրանք արդեն լիովին կողմնորոշվել էին դեպի ՀՀՇ-ն, որը մինչ այդ իշխանության գլուխ էր անցել Հայկական ԽՍՀ-ում:
Դաշուշեն գյուղի մոտ հանդիպմանը նրանք ինձ հայտնեցին ստեղծված իրավիճակում հետագա արդյունավետ կիրառման նպատակով զինված խմբերի վերաբերյալ բոլոր տվյալները իրենց փոխանցելու նպատակահարմարության մասին»: Գտնելով, որ իրականում հետապնդումներից թաքնվելով գյուղում, ի վիճակի չէր ինքնապաշտպանության գործերը օպերատիվորեն համակարգել, այդ գործառույթը Մ. Պետրոսյանը սիրահոժար փոխանցել է Ս. Սարգսյանին: Ավելին, երբ ազատամարտիկները մոտենում էին հանձնարարություններ ստանալու, Մ. Պետրոսյանը նրանց ասում էր. «Դիմեք Սերժ Սարգսյանին»: Իսկ զարմանք արտահայտողներին նա բացատրում էր, որ տարբերություն չկա՝ ինձ եք դիմում, թե Սերժ Սարգսյանին: Ըստ Մ. Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի կազմակերպական ջիղի զարգացման վրա դրականորեն են ազդել կոմերիտմիության և կոմկուսի բարձր մարմիններում, ընդհուպ մինչև Հ. Պողոսյանի Մոսկվա մեկնելը, աշխատելու փորձը[38]:
1991թ. օգոստոսի սկզբներին ԽՍՀՄ ՆԳՆ և Ադրբեջանի ՄՀՆՋ զորամասերը շրջապատեցին Մարտակերտի շրջանի Հաթերք և Վերին Հոռաթաղ գյուղերը, ապա պատանդ վերցրին ինքնապաշտպանության ջոկատի 15 անդամների: Պատասխան գործողությամբ, նույն ջոկատի՝ ազատության մեջ մնացած մարտիկները, օգոստոսի 13-ին շրջապատեցին ու պատանդ վերցրին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի պարեկախմբի 33 սպայի և զինվորի, առգրավեցին մեկ զրահափոխադրիչ, մեկ նռնականետ և 29 ավտոմատ[39]՝ պահանջ դնելով ազատ արձակել հայ պատանդներին: Վերին Հոռաթաղի կանայք և ջոկատի մարտիկներն իրենց հերթին զինաթափեցին 13 զինվորականի, որոնք ազատ արձակվեցին օգոստոսի 23-ին՝ առանց մարտական զենքերի: Թե՛ Հաթերքում և թե՛ Վերին Հոռաթաղում հիմնականում երևում էին պատանդառվածների կանայք ու մայրերը, իսկ ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները և օգնության հասած կամավորականները անտառներում քողարկված, կազմ ու պատրաստ սպասում էին դեպքերի հետագա զարգացմանը: Հաթերքում օգոստոսի 20-ին կատարվեց պատանդների փոխանակություն, վերացվեց Հաթերքի պաշարումը: Խորհրդային Միությունում 1991թ. օգոստոսի 19-21-ի հեղաշրջման համապատկերում մեծ աղմուկ հանած այս ինքնաբուխ ձեռնարկումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնման, կազմակերպվող ինքնապաշտպանական ուժերի առնականացման մի վկայություն էր:
Այս դեպքերին անդրադարձած պատմաբան Աշոտ Սարգսյանը գրել է. «Միջադեպը կարգավորելու համար Հաթերք էին եկել ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավորներ, Հայաստանի ԳԽ-ի պատգամավորներ Վազգեն Սարգսյանը և Սերժիկ Սարգսյանը, սակայն որևէ հաջողության չէին հասել: Այժմ դա կարող էր չափազանց վտանգավոր առիթ հանդիսանալ, բայց հարթվեց հենց օգոստոսի 19-ին՝ այդ նպատակով այստեղ ժամանած ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանի ջանքերով»[40]:
Ժամանակին հրապարակել ենք Հաթերքի բնակիչ, ականատես Գուրգեն Նարիմանյանի օրագիրը, որտեղ մի քանի էջ հատկացված է վերոհիշյալ դեպքերին: Նպատակահարմար ենք գտնում մեջբերել մի քանի հատվածներ այդ օրագրից: «Իրիկնադեմին գյուղում հայտնվում է Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ շրջանային խորհրդի նախագահ Վահան Գաբրիելյանը: Գյուղ են ժամանում նաև մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը, Մարտակերտի զինվորական պարետ Վասիլի Ժուկովը, մարզային կուսկազմակերպության պատասխանատու աշխատող Սերժ Սարգսյանը»[41]:
Այնուհետև նկարագրելով հուզված կանանց բացասական ընդունելությունը և հյուրերին ճամփելու մանրամասները՝ ականատեսը վկայել է. «Սերժ Սարգսյանը մնում է գյուղում, զրույցի բռնվում մարդկանց հետ: …Ուշ երեկոյան վարորդ Լ. Գրիգորյանը գաղտնի, կես ճանապարհը ոտքով, մյուս կեսը մեքենայով, Սարգսյանին հասցնում է անտառի բնակիչների (փոխանակման նպատակով պատանդ վերցված զինծառայողների.-Մ.Հ.) մոտ: Նա անձամբ է տեսնում ու զրուցում զինվորների հետ, համոզվում, որ զինվորների ապրուստի մասին մտահոգվելու կարիք չկա: Գյուղացիները նպատակադրված չեն հեռանալու հրապարակից (Հաթերք գյուղի.-Մ.Հ.), Սարգսյանը պարտավորվում է ստեղծված իրավիճակի մասին առնվազը ժամը մեկ անգամ իրազեկ դարձնել բնակչությանը»[42]:
Ժամ առ ժամ պայթյունավտանգ դարձող իրավիճակի մասին վկայելով, ականատեսը նկարագրել է լարվածությունը թուլացնելու, կրքերը հանդարտեցնելու Ս. Սարգսյանի ջանքերը. «Լույս 15-ի գիշերը գյուղը շարունակում է մնալ անհանգիստ: Չէր դադարում թաղամասերում շրջող զրահամեքենաների դղրդոցը: Այսքանն արվում էր բնակչությանը սարսափի մեջ պահելու, իբր գերված զինվորականներին վերադարձնելու, մարդկանց խեղճացնելու նպատակով: Ավելանում էին զինվորական ստորաբաժանումների կուտակումները գյուղի շրջապատում ու Թարթառի հովտում: Սերժ Սարգսյանը չէր հեռանում գրասենյակից, կապի բաժանմունքից, կապվում էր Ստեփանակերտի հետ, դեպքերի զարգացման մասին իրազեկ պահում ղեկավարությանը, (ահազանգում, որ.-Մ.Հ.) «Դրությունը ծանր է ու լուրջ, սպասվում է պայթյունավտանգ, անկառավարելի դրություն, անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակից շուտ դուրս գալու համար, զորքը շարունակում է շրջապատել գյուղի տարածքը»[43]:
Օրագրողի նկարագրությունից ակնհայտ է դառնում, որ Ս. Սարգսյանը տեղում ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների և խաղաղ բնակչության միջև բախումներ, կամա թե ակամա սադրանքներ թույլ չտալու համար. «Պայմանավորվածության համաձայն` Սարգսյանը ժամը մեկ անգամ հրապարակի ամբիոնից նորություններ է հայտնում հավաքված բազմությանը: Վարորդ Գրիգորյանը վերադառնում է անտառից ու հայտնում Սարգսյանին, որ պատանդների դրությունն ու տրամադրությունը լավ են, ապահովված են առաջին անհրաժեշտության սննդամթերքով: …Ս. Սարգսյանը նորից եղավ անտառում, անձամբ տեսավ զինվորներին, իմացավ նրանց որպիսությունը»[44]:
Ս. Սարգսյանը նաև ակտիվորեն մասնակցում էր պատանդների փոխանակման շուրջ բանակցություններին, որի մասին օրագրողը վկայել է. «Ս. Սարգսյանը, Մոսխորհրդի պատգամավոր Լև Բալաշովը, թղթակիցների, գյուղի ներկայացուցիչների հետ գնացին անկոչ հյուրին (ԽՍՀՄ ՆԶ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, ՆԶ գեներալ-մայոր Վ. Պ. Ստարիկովին, «Թող չլինի մի Հաթերք, սա առաջինը չէ և ոչ էլ երկրորդը» խոսքերի հեղինակին.-Մ.Հ.) դիմավորելու, նրա հետ բանակցելու»[45]:
Բանակցությունների վարումը, Մոսկվայից ու Երևանից ժողովրդական պատգամավորների ու թղթակիցների հանդիպումների կազմակերպումը, ԽՍՀՄ ՆԶ գեներալների սպառնալից վերջնագրերից վրդովված հաթերքցիների հանգստացման ամենօրյա աշխատանքը Ս. Սարգսյանի Հաթերքում կատարած առաքելության միայն երևացող մասն էին: Օգոստոսի 18-ի գրառումը փաստում էր. «Որքանով Սմիռնովը, Շաբադը, Բալաշովը, Վ. Սարգսյանը, Լունինան, Ս. Սարգսյանը աշխատում էին հանգստացնել հաթերքցիներին, միևնույնն է, նրանք չէին հեռանում հրապարակից, շատ անհանգիստ էին»[46]:
Օգոստոսի 19-ի գրառումը պատանդառված զինվորականներին հերթական այցելության և ՆԶ կարգախմբերի գործողությունների խստացման մասին է. «Կապը անտառի հետ անխափան է: Գիշերը Սմիռնովը, Շաբադը, Վ. Սարգսյանը, Ս. Սարգսյանը տեսակցության գնացին «անտառի բնակիչներին»: …Առավոտվանից զինվորներն արգելեցին գյուղացիների անասունները արոտ քշել»[47]:
Օգոստոսի 19-ին Վ. Սարգսյանը, Ս. Սարգսյանը, Սմիռնովը, Շաբադը, Հաթերքից Բ. Գրիգորյանը, Գ. Նարիմանյանը և ուրիշներ գնում են ուղղաթիռի վայրէջքի վայրը` դիմավորելու Երևանից ժամանած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանին և նրան ուղեկցող անձանց: Վերջիններս բանակցեցին ՆԶ գեներալ-մայոր Վ. Ստարիկովի և այլ պաշտոնյաների հետ, որի արդյունքների մասին տեղեկացրին հավաքված բազմությանը: Հաջորդ օրերին երեք փուլերով տեղի է ունենում պատանդների փոխանակությունը: ԱԴՊՎ-ի ձախողումից հետո իրավիճակը նորմալանում է նաև Հաթերքում ու Թարթառի հովտի մյուս բնակավայրերում[48]:
Ականատեսի օրագրային գրառումներից վերոհիշյալ ընդարձակ մեջբերումները համադրելով հանրահայտ այլ փաստերի[49] հետ՝ գտնում ենք, որ օբյեկտիվ չէ Հաթերքի ճգնաժամի լուծումը վերագրել մեկ անձի՝ անտեսելով բազմաթիվ մարդկանց ջանքերը, որոնց համախմբված ու նպատակասլաց գործադրումը հանգեցրել է ցանկալի արդյունքի:
Ականատեսի օգոստոսի 23-ի գրառումը, թեև չի վերաբերում նախորդ տագնապալից դեպքերին, բայց նպատակահարմար ենք գտնում մեջբերել, որովհետև այդ անկեղծ տողերում արտացոլվել են Ս. Սարգսյանի անմիջականությունն ու մարդկային որակները. «Առավոտյան կոլտնտեսության տնօրենի ծառայողական մեքենայով Սերժ Սարգսյանը եղավ դաշտում աշխատող հացագործների, ֆերմաներում աշխատող անասնապահների, մեխանիզատորների մոտ, մեկ անգամ ևս զրուցելու աշխատավոր մարդկանց հետ, լսելու նրանց պահանջները, որպեսզի մարզային համապատասխան մարմիններին տեղյակ պահի իրերի դրության մասին, և, անհրաժեշտության դեպքում, օգնություն ցուցաբերվի հողագործներին` տնտեսական տարին հաջողությամբ եզրափակելու համար: Սարգսյանը համոզվեց, որ մինչև 3-5 օրը կավարտվի հունձը, կսկսվի եգիպտացորենի բերքահավաքը, արդեն իսկ խրամատավորված են 3000 տոննա սիլոս և սենաժ, կվերսկսվեն անասնապահական շենքերի ընթացիկ նորոգումները:
Երեկոյան Սարգսյանը գյուղի կենտրոնում է:
– Գնում եմ,- ասում է նա:
– Մնա, վաղը կգնաս, չե՞ս ցանկանում գոնե մի գիշեր մեզ մոտ հանգիստ անցկացնել,- ասում է տնօրեն Գ. Դավթյանը:
– Ոչ, որ մնամ, վաղվա աշխատանքային օրն էլ կկորչի, տանն էլ անհամբեր սպասում են…
Սարգսյանն օգոստոսի 14-ից մեզ մոտ էր, միակ ղեկավարը, որը չհեռացավ գյուղից: Նրա անձնվեր վերաբերմունքը երկար կմնա հաթերքցիների հիշողության մեջ:
«Նիվա» մակնիշի ավտոմեքենան սպասում է տիրոջը: Պատշգամբում կանգնած Սարգսյանի և նրան շրջապատած գրասենյակի աշխատողների միջև մտքերի աշխույժ փոխանակում է կատարվում:
Լսվում է գյուղից հեռացող զրահամեքենաների թուլացող դռռոցը:
– Գնում են անկոչ հյուրերը,- ծիծաղելով ասում են զրուցակիցները:
– Ես էլ եմ գնում,-ժպտալով ասում է Սարգսյանը,- իմ հետևից էլ կասե՞ք «անկոչ հյուր»:
– Ի՞նչ ես ասում,- ժպտում, ծիծաղում են բոլորը:
– Կատակում եմ, ընկերներ, մնում է մի բան էլ ասեմ ու… երբ այս պատշգամբում ոտք դնելու տեղ չկար, մտածում էի, Աստված չանի, հանկարծ փլվի պատշգամբը, օդից (պարեկող ուղղաթիռների դեսանտայինները.-Մ.Հ.) կծիծաղեն մեզ վրա: Դիմացան կաղնե սյուները, բայց հարկավոր է պատշգամբը մի լավ նորոգել, ուրախ առիթների ժամանակ հարկավոր կլինի: Հաթերքի պատմությունում կհիշվեն նաև այս պատշգամբը, հրապարակը, ինչպես նաև ծառերի կատարներին շփվող ռազմական ուղղաթիռները: Դե գնացի,- գրկախառնվում է շրջապատի մարդկանց հետ,- մինչ նոր հանդիպում: Ցտեսություն, հաթերքցինե՛ր:
– Որ ձեզ համարենք մեր պատվավոր գյուղացի, դեմ չե՞ք լինի, չէ՞,- հարցնում է Սերգեյ Բալլույանը:
– Դա ձեր գործն (ընտրությունն) է,- պատասխանում է Սարգսյանը ու բացում ավտոմեքենայի խցիկի դռնակը, նստում և ավելացնում,- գնացի՛նք»[50]:
Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար[51], քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը: 1991թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացած արտադրական ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նիստում հարց է բարձրացվել Արցախի Հանրապետության պաշտպանության խորհուրդ և զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ, ինչը թելադրված էր նաև Ադրբեջանի կողմից բանակ ստեղծելու և այն Արցախի հայկական պետության դեմ ուղղելու վերահաս վտանգին դիմագրավելու անհրաժեշտությամբ[52]:
Բնութագրելով Ս. Սարգսյանի այս ժամանակահատվածի գործունեությունը՝ լրագրող Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ ԱՀ արտգործնախարար, ԱՀ նախագահ) գրել է. «Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»[53]:
168.am