Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /16-րդ մաս/
30.06.2024
Եթե հիմնադրման տարում «Մարտիկը» հիմնականում լուսաբանում էր ռազմական հաղթանակները, մեթոդական օգնություն ցուցաբերում, ապա հետագայում թերթն արձանագրում էր ՊԲ զարգացման անընդհատ գործընթացը, արծարծում բանակի հիմնախնդիրներն ու նպաստում դրանց լուծմանը։ Մեծ տեղ էր հատկացվում բանակային առօրյայի, մարտական պատրաստության ու մարտական հերթապահության լուսաբանմանը»[195]։
1994թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ, ստեղծվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը[196], որի համար ուղենիշային դարձան բանակը արդիական զենքով սպառազինելու, անձնակազմին բարձր հայրենասիրական ոգով դաստիարակելու, մեր ազգային ռազմական ավանդույթներին, առաջավոր համաշխարհային փորձին, ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու հարցերը: Ռազմագիտական հանդեսը իր գործունեությամբ շոշափելի կերպով սկսեց նպաստել առաջավոր ռազմական գիտական մտքի ու փորձի տարածմանը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնակցել հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը[197]:
Ս. Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման առաջին շրջանի ամենածանրակշիռ գնահատականը տվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի օբյեկտիվությանը կասկածելու հիմքեր չկան, մանավանդ եթե նկատի ունենանք, որ երբեմնի ենթակայի վերաբերյալ առաջին նախագահն արտահայտվել է ընտրական ու հետընտրական գաղափարական-հայեցակարգային տարաձայնությունների ամենաեռուն շրջանում: «Մենք նրան (Սերժ Սարգսյանին.-Մ.Հ.) Հայաստան հրավիրեցինք,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը,- վստահեցինք Հայաստանի բանակը, և եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք՝ լավ էլ նախարար է եղել»[198]:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանում (2000-2007թթ.) Ս. Սարգսյանի ավանդը ՀՀ ԶՈՒ-ի կայացման և հետագա զարգացման գործում
2000թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ս. Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[199]:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու առթիվ Ս. Սարգսյանը անկեղծորեն ներկայացրել է իրականությունը.
«2000 թվականի գարնանը, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարն էի, և պիտի վարչապետի փոփոխություն լիներ, ապա նախագահն ասաց, որ պիտի գնամ պաշտպանության նախարարություն։
Երբ Վազգենը գնում էր (1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո.-Մ.Հ.) վարչապետ…նա ինձ առաջարկեց գալ պաշտպանության նախարար: Կատեգորիկ հրաժարվեցի: Եվ ահա, երբ Վազգենն ինձ ասաց, որ պիտի գնաս պաշտպանության նախարար, ասացի. «Վազգեն ջան, ես չեմ կարող գնալ Պաշտպանության նախարարություն ու աշխատել որպես պաշտպանության նախարար»: Ասաց. «Ինչու՞, բանակը չե՞ս սիրում, թե չես ուզում, որ ես գնամ վարչապետ»: Ասացի, որ. «Դու շատ լավ գիտես, որ ես բանակը սիրում եմ, շատ լավ գիտես, որ ուզում եմ, որ գնաս վարչապետ, բայց ես չեմ կարող պաշտպանության նախարար լինել, որովհետև գալով պաշտպանության նախարարություն (դու գիտես իմ բնավորությունը)` ես միանձնյա պետք է ղեկավարեմ այդ նախարարությունը, և քո միջամտությունները ուղղակի պրոբլեմատիկ են լինելու, կոնֆլիկտային են լինելու, իսկ դու չես կարող չմիջամտել, որովհետև երկար ժամանակ եղել ես պաշտպանության նախարար, բոլորը քեզ գիտեն, բոլորը քեզ ենթարկվում են, և ավելորդ տեղը պետք է կոնֆլիկտ լինի»:
Եվ երբ նախագահն ասաց, ճիշտն ասած էլի մեծ ցանկություն չունեի պաշտպանության նախարարություն գնալու, որովհետև գիտեի, թե ինչպիսին է պաշտպանության նախարարության վիճակը։ Մանավանդ` հոկտեմբերի 27-ից հետո բացասական երևույթներ կային: Բայց նախագահի որոշումը որոշում է. գնացի պաշտպանության նախարար և արդեն երկու տարի է, որ աշխատում եմ»[200]:
Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ-ում տեղի են ունեցել այնպիսի բարեփոխումներ, որոնց ընթացքում շատ ստորաբաժանումներ օպտիմալացվել են, ստացել այլ կազմակերպակառուցվածքային տեսք, համալրվել նոր զենքերով ու զինտեխնիկայով, նախապատրաստվել այնպիսի խնդիրների կատարմանը, որոնք նախատեսված չէին ռազմական նախկին՝ խորհրդային չափանիշներով: Այդպիսի բարեփոխումների են ենթարկվել հատկապես տեխնիկական զորամասերը և ստորաբաժանումները: Քննարկումներ են ծավալվել Հայաստանի տարածքային պաշտպանության տարբերակների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանը Ս. Սարգսյանի համար ևս դյուրին չէր: Ադրբեջան-Արցախ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի անշեղ կուրսը, այդ երկրի արագ տեմպերով ռազմականացումը և սպառազինությունների մրցավազքը, Ալիևյան կլանի ռազմատենչ հայտարարությունները, Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու չդադարող սպառնալիքները լուրջ մարտահրավերներ էին հայկական պետականությանը: Արցախի, Հայաստանի Հանրապետության տնտեսական ու տրանսպորտային շրջափակումը, տարածաշրջանային ծրագրերին նրանց մասնակցությանը խոչընդոտելն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արդեն իսկ պատերազմական գործողություններ էին՝ նպատակաուղղված անմիջական ագրեսիայի համար հող նախապատրաստելուն:
Թուրքիան Ադրբեջանին ծավալուն ռազմական ու դիվանագիտական օգնության բացահայտ ցուցաբերմամբ ՀՀ-ի դեմ այդ երկու կազմավորումների ագրեսիվ տանդեմի ձևավորման եզրափակիչ փուլն էր թևակոխում: Այդ ամենը ՀՀ զինված ուժերից պահանջում էր մարտական բարձր պատրաստականություն, մարտունակություն ու զգոնություն: Հայաստանի Հանրապետության համար պաշտպանական ոլորտում անվտանգության ապահովման գլխավոր միջոցը համակարգված պաշտպանական քաղաքականությունն էր, որի մշակումը և իրագործումը կատարեց պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը` երկրի նախագահի` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Պաշտպանական քաղաքականությունը իրագործվեց տարբեր ուղղություններով` ներքին ու արտաքին, ինչպես նաև տարբեր ոլորտներում` ռազմական, տնտեսական, ֆինանսական, իրավական, գիտակրթական, հոգեբանական և այլն:
Ստեղծվեցին ժամանակակից բանակներին համապատասխան ստորաբաժանումներ ու ենթակառուցվածքներ, այդ թվում` ռազմաուսումնական մի շարք հաստատություններ: 2005թ. դեկտեմբերին հիմնադրվեց ՀՀ անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրման գիտակիրառական հաստատությունը` ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ):
2005 թվականից սկսած` համապետական բարեփոխումների համատեքստում սկսվեցին նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները:
Պաշտպանական բարեփոխումների իրականացման համար որդեգրվեցին հետևյալ հիմնական նպատակները՝
ա) զինված ուժերի արդիականացում և մարտունակության ամրապնդում` ժամանակակից չափանիշների ներդրմամբ,
բ) ՀՀ ռազմական անվտանգության ապահովում` իրական և հնարավոր ռազմական սպառնալիքների ճշգրիտ գնահատմամբ,
գ) զինված ուժերի կողմից միջազգային անվտանգության ապահովման մասնաբաժնի ստանձնում` միջազգային անվտանգության տարբեր կառույցների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմամբ,
դ) զինված ուժերի կայուն ու համակողմանի զարգացման ապահովում` ղեկավարման ու կառավարման ճկուն, թափանցիկ և արդյունավետ համակարգերի ներդրմամբ[201]:
Զուգահեռաբար ՀՀ պաշտպանական գերատեսչությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեցին բանակցություններ վարել ՀՀ ռազմական գործընկերների հետ` պաշտպանական բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակություն ապահովելու համար: Այս ամենի արդյունքում 2005-2006 թվականներին հստակեցվեցին պաշտպանական բարեփոխումների իրականացման ձևերն ու ընթացակարգերը, ծրագրվեցին անհրաժեշտ ռեսուրսներ, ստեղծվեցին համապատասխան օղակներ: Սպառնալիքների վերլուծությունը, գնահատումը, դրանց դիմակայման միջոցները և ՀՀ անվտանգ ու կայուն զարգացման ուղիները նախանշվեցին 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» (Ռազմական դոկտրին) փաստաթղթում[202]:
Դրա նախագիծը մշակեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը, որի քարտուղարության դերը ստանձնեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ն: «Ռազմավարության» մեջ անփոփվեց երկրի քաղաքական ղեկավարության տեսլականը Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման վերաբերյալ: Այն նախանշեց նաև ՀՀ ազգային անվտանգության գերատեսչական ծրագրերի ռազմավարության իրագործումը, իսկ պաշտպանության ոլորտում` մշակվող ռազմական դոկտրինը: Նույն տարվա դեկտեմբերի 25-ին հաստատվեց ՀՀ ռազմական դոկտրինը[203]:
Մշակվեց և 2008թ. նոյեմբերի 27-ին ընդունվեց «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը, որը հստակորեն տարանջատեց պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի գործառույթները[204]: Օրենքով ամրագրվեց, որ նախարարի ու տեղակալների պաշտոնները քաղաքական են, և զորքերի վերահսկողության հիմնական պատասխանատուն ԳՇ-ն է, որ բանակի մատակարարման հարցերը լուծվում են ԳՇ-ի պատվերով և նախարարի տեղակալ-դեպարտամենտի պետի ապարատի կողմից իրականացվող տենդերային թափանցիկ գնումներով: 2009 թվականից սկսվեց և ավարտին հասցվեց ՊՆ-ում քաղաքացիական հատուկ ծառայության ստեղծումը:
Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում մշակվեցին նաև հայեցակարգային ու ծրագրային մի շարք փաստաթղթեր, իրականացվեց օպերատիվ և վարչական ընթացակարգերի, անձնակազմի կառավարման մեխանիզմի գնահատման կարգը: Ռազմաքաղաքական գործունեությունը նպաստեց ՀՀ միջազգային ռազմական համագործակցության ակտիվացմանը՝ ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով: ՀՀ ռազմական քաղաքականության արտաքին բաղադրիչում տեղի ունեցավ սկզբունքային փոփոխություն` պայմանավորված արտաքին քաղաքականության մեջ փոխլրացման սկզբունքի որդեգրմամբ, ԱՊՀ-ի և ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդմամբ:
Այս տեսանկյունից մեծ նշանակություն ունեցավ 2002թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության ակտիվ ռազմական համագործակցության ծավալումը ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) շրջանակներում[205]: Այն համարվում էր ոչ միայն հանրապետության անվտանգության կարևոր բաղադրատարրը, այլև արտոնյալ պայմաններ ընձեռեց ռազմատեխնիկական մատակարարումների ծավալմանը և ամենամյա համատեղ զորավարժությունների միջոցով բանակի մարտունակության բարձրացմանը: 2009թ. հունիսին Մոսկվայում ստորագրվեց «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի» մասին համաձայնագիրը[206], որը ամբողջացրեց օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման և ՀՀ-ի համար հավաքական անվտանգության ապահովման գործուն մեթոդների մշակման աշխատանքները:
Նոր գործընկերների հետ հարաբերությունների ու գործակցության համար Հայաստանի Հանրապետությունը ներգրավվում էր նոր ձևաչափերի ու ծրագրերի մեջ, ինչպես 1997 թվականին անդամակցությունն էր Եվրաատլանտյան գործընկերության խորհրդին (ԵԱԳԽ), որի շրջանակներում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար մասնակցում էր անվտանգության հարցերի շուրջ «Հյուսիսատլանտյան դաշինք» կազմակերպության (ՆԱՏՕ-ի) ռազմաքաղաքական ղեկավարության խորհրդակցություններին:
Այդ հարաբերությունների որակական նոր մակարդակ էր 2006թ. ՀՀ-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրով (ԱԳԳԾ) սկսված գործակցության անհատական ձևաչափը, ինչը «օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու հարցերում: Անհատական ձևաչափում գործակցությունը դրսևորվում է նաև ՆԱՏՕ-ում հավաքական գործողություններին, ի մասնավորի՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությամբ, որը ՀՀ-ն իրականացնում է ուժերի ներածին չափով»[207]:
2002 թվականից սկսած՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) պլանավորման և վերանայման գործընթացին ՀՀ-ի մասնակցությամբ պայմաններ ենստեղծվել՝ բարելավելու սեփական զինված ուժերի ունակությունները, և, որպես դրա վերջնարդյունք, այդ տարվա ապրիլի 22-ին տեղի ունեցավ «28+Հայաստան+գործընկերներ» ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստը, որտեղ քննարկվեց և հաստատվեց Հայաստան-ՆԱՏՕ Պլանավորման և վերանայման գործընթացի փաստաթուղթը[208]:
2003թ. ՀՀ-ն հյուրընկալեց «Համատեղ լավագույն ջանք – 2003», իսկ 2008թ.` «Համատեղ աղեղ և համատեղ նիզակակիր» զորավարժությունները: 2005թ. հաստատվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը, որը նախատեսված էր հետագա 10 տարիների համար, նպաստում էր միջազգային փորձի հաշվառմամբ իրականացվող բարեփոխումների միջոցով հանրապետության պաշտպանական ոլորտի, մասնավորապես բանակի համապարփակ արդիականացման ընթացքին:
ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ իր դրսևորումը ստացավ Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում իրականացված խաղաղապահ գործողություններում: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման և մասնագետների մասնակցությամբ Հայաստանը դարձավ միջազգային անվտանգության ակտիվ մասնակից, որը զգալիորեն բարձրացրեց Հայաստանի ռազմաքաղաքական հեղինակությունը միջազգային ասպարեզում[209]: Ռազմաքաղաքական հարթությունում Հայաստանի Հանրապետության ավելի բազմավեկտոր և հավասարակշռված միջազգային հարաբերությունները, բացի հայաստանյան միջազգային պարտավորությունների իրականացումից, կոչված էին ծառայելու ՀՀ պաշտպանական բարեփոխումների խթանմանը: Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար կարևորագույն գործընթաց է նաև համագործակցությունը այլ երկրների զինված ուժերի հետ, փորձի փոխանակումը, մասնակցությունը տարբեր զորավարժություններին: 2009թ. ընթացքում շարունակվեց համագործակցությունը ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ: Կարելի է հատկապես առանձնացնել մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ փորձադաշտում անցկացված «Փոխգործակցություն-2010» զորավարժությանը, որտեղ մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին[210]:
ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Նոր որակ ու թափ ստացավ Հայաստան-Գերմանիա ռազմաքաղաքական երկխոսությունը, որին նպաստում էր այն հանգամանքը, որ Աֆղանստանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը գործում էր գերմանական հրամանատարության ներքո: Զարգացավ համագործակցությունը Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի հետ: 2010թ. ՀՀ-ի հետ երկկողմ ռազմական համագործակցության ծրագրեր իրականացնող պետությունների շարքում ավելացան Հունգարիան, Սլովակիան, Ֆրանսիան և Չեխիան:
2007 թվականից սկսած՝ պաշտպանական բարեփոխումների շրջանակներում 2009 թ. հաջողությամբ գործարկվեց ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կառուցվածքը. ՀՀ ՊՆ-ում ստեղծվեցին պաշտպանական քաղաքականության վարչություն, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում` ռազմավարական պլանավորման վարչություն, ինչպես նաև ակտիվացավ ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, շարունակվեց ՀՀ խաղաղապահ բրիգադի համալրումը:
ՀՀ ԶՈՒ-ում և ՊԲ-ում մահվան ելքով ու մարմնական վնասվածքներով զուգորդված դեպքերով դատաբժշկական փորձաքննությունների կատարումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինվորական դատախազի համատեղ հրամանը սահմանում էր այդ գործողությունների նոր կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով 1998 թ. մայիսի 11-ի նմանատիպ համատեղ հրամանը[211]:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկու (1993-1995թթ.) և (2000-2007թթ.) շրջաններում ՀՀ զինված ուժերի կայացման ու անընդհատ զարգացման գործում Ս. Սարգսյանի ավանդի մասին են վկայում նաև դրա անմիջական արդյունքի՝ ՀՀ ԶՈՒ-ի ընթացիկ վիճակի գնահատականները արտասահմանցի ռազմական մասնագետների ու փորձագետների կողմից:
«Արևմուտքը «գլուխ է ջարդում» Հելսինկիի անձեռնմխելիության վրա,- ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Կոմս Շեննոնը,- Մենք կարող ենք ուսումնասիրել այն ժամանակ գոյություն ունեցող Ղարաբաղի անձեռնմխելիության հարցը մինչև Հելսինկի ընկած ժամանակահատվածում: Հնարավոր է` այդ հարցով պետք է որ զբաղվեն իրավաբանները: Ամեն դեպքում, վերջնական արդյունքը Ադրբեջանի ներխուժումն էր Ղարաբաղ, որը օգտագործում էր Խորհրդային չորրորդ բանակի թողած սպառազինությունը, որը զորացրվել էր Բաքվում՝ թողնելով ողջ զինանոցը։ Արդյունքում, Ադրբեջանն իր հզորությամբ տեսականորեն գերազանցում էր Ղարաբաղին. մեծ բնակչություն, նրա զորքերը ղեկավարվում էին թուրքական բանակի համազգեստով սպաների կողմից և մոջահեդներ, որոնցից ես թարգմանչի օգնությամբ հարցազրույց եմ վերցրել, և որոնք ամսական 500 դոլար գումարով կռվում էին Ադրբեջանի կողմում։ Ղարաբաղի փոքրաթիվ բնակչությունը, այնուամենայնիվ, կարողացել է դիմադրություն ցույց տալ, հետ շպրտել Ադրբեջանի գերազանցող ուժերին և իր երկրի շուրջ հուսալի արգելք ստեղծել, որպեսզի պաշտպանվի հրետակոծություններից»[212]:
«Լեռնային Ղարաբաղի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում,- 2004թ. մայիսին գրել է «Կենտրոնական Ասիա և Կովկաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Շվեդիա) տնօրեն Մուրադ Էսենովը,- մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերն առ այսօր ողբալի վիճակում են և չեն համարձակվի նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Վերջին տասը տարիներին ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացման ասպարեզում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել, մինչդեռ, հակառակ դրան ղարաբաղյան բանակն առանձնանում է իր մարտունակությամբ ու պատրաստվածությամբ» [213]:
«Անկեղծ ասած՝ իմ առաջին տպավորությունը ղարաբաղյան բանակի մասին շատ մեծ է, և դա ունի իր հիմնավոր պատճառը,- գրել է կանադացի ռազմական պատմաբան, նախկին դեսանտային ու ծովային կոմանդոս, ռազմավարական հետախուզության բնագավառում կարիերա ունեցած Պատրիկ Ուիլսոն Գորը,- իմ պարագայում, որպես ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մարդու, դժվար չէր այստեղ նկատել այն հիմնական տարրերը, որոնք բանակին անհրաժեշտ են մարտունակ կոչվելու համար։ Տեսնելով շարքային ու սպայական կազմի կեցվածքը, նրանց փոխհարաբերությունները մեկը մյուսի հետ, առկա սպառազինության և տեխնիկայի շահագործման ու սպասարկման վիճակը և էլի մի շարք կարևոր հանգամանքներ, զգացի, որ այստեղ գոյություն ունի կանոնավոր և կարգապահ բանակ, որն անհրաժեշտության դեպքում ընդունակ կլինի կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր։ Հատկապես ուշադրության արժանի է հակամարտող զորքերի շփման գծում ղարաբաղցիների ստեղծած պաշտպանական համակարգի առանձնահատուկ կառուցվածքը: Այդ ամենին թռուցիկ հայացք գցելով, ոչ միայն ես, այլ երևի թե ցանկացած կողմնակի մարդ կարող է կատարել մեկ կարևոր հետևություն՝ ղարաբաղցիները առավել շատ մտահոգված են պաշտպանողական խնդիրներով, քան՝ հարձակողական։ Իսկ դա, թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական տեսանկյուններից վերցրած ավելի շատ խոսում է նրանց որդեգրած ճիշտ դիրքորոշման մասին»[214]:
«Հայկական զինված ուժերն ունեն լավ համբավ և ջերմ հարաբերություններ ռուսների հետ,- 2011թ. գրել է Փաթթերսոնի դիվանագիտության և միջազգային առևտրի դպրոցի դոցենտ, ռազմական փորձագետ, ազգային անվտանգության հարցերի մասնագետ Ռոբերտ Ֆարլին (ԱՄՆ),- Ադրբեջանի ռազմական ծախսերը նշանակալիորեն գերազանցում են Հայաստանի ծախսերին, սակայն հայկական զինված ուժերն ունեն լավ համբավ և բավականին ջերմ հարաբերություններ ռուսական զինվորականության հետ… Մասնագետների մեծամասնությունը, որոնց հետ ես զրուցել եմ այդ թեմայի շուրջ, զգույշ են վերաբերվում Ադրբեջանի հնարավորություններին…»[215]:
«Իրականում Ադրբեջանի ռազմական բյուջեն անհամեմատ մեծ է: Սակայն Բաքվին դեռևս երկար ժամանակ է հարկավոր նման ներդրումներ կատարելու ռազմական ոլորտում, որպեսզի բանակի հզորությունը հասնի այն մակարդակին, որը հնարավորություն կտա տվյալ հարցը լուծել պատերազմի միջոցով,- 2010թ. դեկտեմբերին ասել է Ադրբեջանում (2000-2003) և Թուրքիայում (2005-2008) ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոսս Ուիլսոնը,- Ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը ծայրահեղ դժվար կլինի: Այն ոչ միայն թանկ կնստի Ադրբեջանի վրա, այլև բացասաբար կանդրադառնա իր ապագայի և Արևմուտքի հետ փոխհարաբերությունների վրա… Հայերը լեռնային պայմաններում ունեն հզոր դիրքեր և շատ դժվար կլինի նրանցից հետ վերցնել ինչ-որ հողակտոր…»[216]:
«Հայաստանի զինված ուժերի զարգացման տասնամյա արդյունքներին անդրադառնալիս հարկ է խոստովանել, որ հայերին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ ու մարտունակ բանակներից մեկը՝ զինված ուժերի շինարարության ասպարեզում բազմաթիվ առումներով առաջ անցնելով հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններից,- 2002թ. գրել է ՌԴ ՊՆ «Կրասնայա զվեզդա», պաշտոնաթերթի աշխատակից Ալեքսանդր Տիխոնովը,- այժմ էլ Հայաստանում նայում են դեպի ապագան: Դրան են նպատակաուղղված գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական մի շարք աշխատանքներ. օրինակ` կատարվում են ռազմավարության, մարտավարության ու օպերատիվ արվեստի զարգացման, ինչպես նաև սպառազինության հին համակարգերի արդիականացման համար առավել կատարելագործված հանգույցների արտադրության աշխատանքներ»[217]։
«Եթե ադրբեջանական բանակը կողմնորոշվել է դեպի քանակական,- 2011թ. կարծում էր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը,- ապա հայկական բանակը՝ դեպի որակական չափորոշիչներ, որպիսիք են ՀՕՊ համակարգի, Լեռնային Ղարաբաղում պաշտպանական համակարգերի զարգացումը»[218]:
«Հայկական ու ղարաբաղյան բանակների պատրաստությունն ու մարտական ոգին անհամեմատ բարձր են ադրբեջանականից,- 2011թ. գտնում էր ռազմական փորձագետ Ալեքսանդր Վյատկինը,- իսկ վերջինիս ունեցած քանակական գերակշռությունը ոչ մի կերպ չի փոխարկվում որակականի: Ավիացիայի ասպարեզում ունեցած գերակշռությունը չեզոքացվում է հայկական կողմի ունեցած ռուսական արտադրության արդիական ՀՕՊ համակարգով, իսկ տանկերի ու հրետանային համակարգերի գերակշռությունը մարտական գործողությունների թատերաբեմի յուրահատուկ պայմանների հետևանքով բացահայտորեն անբավարար է ճեղքելու համար ամրաշինական կառույցներով ու հակատանկային՝ արգելքներով հագեցած ղարաբաղյան պաշտպանական բնագծերը»[219]։
Այսպիսով, Ս. Սարգսյանի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարության երկրորդ շրջանը նույնպես հագեցած էր բարեփոխումներով, ռազմական շինարարությամբ, մարտական պատրաստությամբ, ԶՈՒ կարողությունների զարգացմամբ, որոնց արդյունքները փաստվել են նաև արտասահմանյան փորձագետների ու մասնագետների գնահատականներով:
168.am