Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /9-րդ մաս/

30.06.2024

 Արցախի Հանրապետության ԻՊՈՒ 1992թ. աշնանային ռազմարշավի մասին ժամանակին ուշագրավ տեղեկություններ է հրապարակել ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը՝ պատասխանելով թղթակցի հարցերին. «Ռազմաճակատի ամբողջ գծում առանձին փոփոխություններ տեղի չեն ունեցել: Վերջին 15 օրվա ընթացքում մղվել են, այսպես ասած, տեղական նշանակության մարտեր: Հիմնականում բարելավել ենք մեր դիրքերը: Ընդհանրապես, այսօր դրության տերը մենք ենք: Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական բանակը զանգվածային հարձակման է անցել ռազմաճակատի Մարտակերտի և Ասկերանի ուղղություններով: Երեկոյան կողմ հակառակորդը հետ է շպրտվել` մարտադաշտերում թողնելով ավելի քան 60 դիակ: Մեր կողմից զոհվել են ութ ազատամարտիկներ: ՈՉ ՄԻ ՊԱՀԱԿԱԿԵՏ, ՈՉ ՄԻ ԲԱՐՁՈՒՆՔ, ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ: Ռազմավարական նշանակության դիրքերը, որ գրավել էինք Մարտունու շրջանում, վերահսկում են ինքնապաշտպանության ջոկատները:

Որոշակիորեն բարելավել ենք մեր դիրքերը Հադրութի շրջանի Մեծ Թաղերի, Խծաբերդի և սահմանակից Ղութաբլուի շրջանի ուղղություններում: Եվ վերջապես, մարտական հաջողությունները Լաչինի մարդասիրական միջանցքում: Մարդիկ իրենք են զգում այստեղ տեղի ունեցած դրական փոփոխությունները: Ներկայումս ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը Մարտակերտի շրջանն է: Թեժ մարտեր են ընթանում Չլդրան-Ղազանչի հատվածում: Հոկտեմբերի 29-ի առավոտյան ադրբեջանական զորախմբերը նորից փորձել են ակտիվություն դրսևորել Ասկերանի շրջանում: Բայց հրետանային դիպուկ կրակով ոչնչացվել է հակառակորդի ավտոշարասյան վեց մեքենաներից երկուսը: Խուճապի մատնվելով` ադրբեջանական զինյալների մնացորդները դիմել են փախուստի: Այժմ շրջանում իրադրությունը համեմատաբար հանգիստ է: Այստեղ շարունակվում են միայն փոխադարձ հրթիռահրետակոծությունները»[104]:

Փոփոխական հաջողություններով ընթացած մարտական գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության ձեռնարկած լայնածավալ նախահարձակմանը հնարավոր է եղել դիմակայել միմիայն օգոստոսի 14-ին կազմավորման նոր փուլ թևակոխած ԼՂՀ ԻՊՈՒ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքի, ինչպես նաև հայ զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության, հայրենի հողը պաշտպանելու վճռականության շնորհիվ: Սակայն, քանի դեռ բանակի կազմավորման գործընթացը նոր էր թափ առնում, ապա նրա արդյունքները շոշափելիորեն տեսանելի և ընկալելի էին միայն մի քանի ամիս անց, երբ համառ պաշտպանական մարտերում հյուծելով թվապես ու տեխնիկապես, սպառազինությամբ ու նյութական ռեսուրսներով մի քանի անգամ գերակշռող թշնամական ուժերը, ԻՊՈՒ հրամանատարությունը հող է նախապատրաստել հաջորդ տարվա փետրվարի 5-ի հակահարձակման և հակառակորդի մարտակերտյան, լաչին-քելբաջարյան խմբավորումները ջախջախելու համար:

1992թ. աշնանային և ձմեռային ռազմարշավները (ինչպես նաև 1993թ. հունվարը) բնութագրվում են ռազմական նախաձեռնության համար հակամարտող կողմերի համառ ու անզիջում պայքարով:

Այսպիսով, 1992թ. տարեվերջին ադրբեջանական բանակը փաստորեն ամբողջությամբ սպառել էր իր հարձակողական հնարավորությունները: Ըստ չեզոք աղբյուրների` 1992թ. իր իսկ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի Հանրապետությունը կորցրել է 3300 մարդ, այդ թվում` ավելի քան 2000 զինծառայողներ, իսկ հայերի կորուստները կազմել են 1 հազար զինվոր ու սպա և 1,5 հազար խաղաղ բնակիչներ[105]: Ստեղծվել էր ուժերի իրական հաշվեկշիռ: Ահա թե ինչու ադրբեջանական կողմը հիմնահարցը բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամություն էր հայտնում՝ միաժամանակ շարունակելով ռազմական նախապատրաստությունները և ուժի գործադրման սպառնալիքները:

Նախապատրաստվելով 1993թ. ձմեռային ռազմարշավին` Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993թ. հունվարին հարձակողական գործողություններ ծավալել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, ինչպես նաև Լաչինի միջանցքի ուղղություններում: Հունվարի վերջին հիմնական հարվածն ուղղվել է Լաչինի շրջանի հայկական պաշտպանական դիրքերի վրա: Այստեղ հայկական ուժերը ձախողել են ադրբեջանական զինված կազմավորումների հարձակումները երկու` հյուսիսային (Քելբաջարի ռազմահենադաշտից) և հարավային (Կուբաթլուի ռազմահենադաշտից) ուղղություններով զարգացնելու փորձերը:

1993թ. հունվարին, մարտերի բովում թրծվել ու շարունակել են կազմավորվել ԼՂՀ ԻՊՈՒ զորամասերն ու ստորաբաժանումները: ԻՊԿ շտաբը Ս. Սարգսյանի ղեկավարությամբ աշխատանքներ է տարել մարտերի պլանավորման և կազմակերպման գործում հրամանատարներին օգնելու, բանակային կառույցների ստեղծման ու կենցաղային հարցերը լուծելու ուղղությամբ: Հատկապես մտահոգիչ էր այն հանգամանքը, որ զորամասերում ու շտաբներում դանդաղ էր վճռվում մարտական խնդիրների առաջադրման և լուծման հիմնահարցը: Անթույլատրելի էին մանավանդ մարտական զգոնության ու աչալրջության թուլացման դեպքերը[106]: Այնինչ, հրամանատարները պետք է կարողանային միշտ կտրուկ պատասխանել հակառակորդի գործողություններին, այլապես անխուսափելի էին լինելու անտեղի կորուստները, ինչպես նաև հստակ կազմակերպել մարտական ծառայությունը դիտակետերում, ինչը կբացառեր կամ կխոչընդոտեր թշնամուն անպատիժ կրակ տեղալու խաղաղ բնակավայրերի ու մայրաքաղաքի վրա: Այդ խնդիրները լուծելով` անհամեմատ կբարձրանար Հայրենիքի պաշտպանության արդյունավետությունը, ինչին էլ ձեռնամուխ են եղել ԻՊԿ շտաբը և ԻՊՈՒ հրամկազմը:

Բանակաշինության ոլորտում ԻՊԿ ձեռնարկած միջոցները հնարավորություն են տվել ԼՂՀ ԻՊՈՒ-ին 1993թ. փետրվար-մարտ ամիսներին մարտական գործողություններ ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի հետագա ազատագրման և Ադրբեջանի զինված ուժերի` լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով, որը բազմիցս Լաչինի միջանցքը փակելու փորձեր էր ձեռնարկել և լուրջ սպառնալիք էր ներկայացնում Մարտակերտի ուղղությամբ մարտեր մղող ԻՊՈՒ հիմնական խմբավորման համար:

1993թ. հունվարի վերջին և փետրվարի առաջին օրերին ԼՂՀ ռազմաճակատներում տիրող հարաբերական անդորրը պայմանավորված էր պաշտպանական ծանր մարտերում հակառակորդի հարվածային ուժերի նշանակալի հյուծմամբ, ԻՊՈՒ ստորաբաժանումների դիրքերի նպատակասլաց ամրապնդմամբ, նյութական ապահովման ու սպառազինության հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելով, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել հակահարձակողական ակտիվ գործողություններ վարելու համար: Առանց ակտիվ մարտական գործողություններ ծավալելու, ինչը վկայում է դրանք կազմակերպելու` ադրբեջանական հրամանատարության անկարողության, ինչպես նաև ներքաղաքական անկայունության մասին, հակառակորդը շարունակել է Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջանների, ԻՊՈՒ ստորաբաժանումների պաշտպանական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունները: Իսկ փետրվար ամսվա մարտական գործողությունները հիմնականում ծավալվել են Մարտակերտի պաշտպանական շրջանում:

Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ձմեռային ռազմարշավի համար նախատեսված հարձակողական ռազմագործողությունը զարգացել է երեք՝ 1) Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, 2) Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ և 3) Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով[107]: Հնգօրյա մարտերի ընթացքում հակառակորդը Արցախի Հանրապետության հյուսիսային ռազմաճակատում որպես ռազմավար թողնելով 4 Տ-72, 2 ՀՄՄ, 2 «ԳԱԶ-66», 2 «Ուրալ» մեքենաներ, 1 թնդանոթ, 3 քարշակ, ստիպված էր նահանջել: Մարտակերտի շրջանում ազատագրվել է 9 բնակավայր[108]: Այդպիսով ԻՊՈՒ ձմեռային ռազմարշավի արդյունքում հակառակորդից խլվել է ռազմավարական նախաձեռնությունը և բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքների վերջնական ազատագրման համար: Ռազմաճակատում հաջողված մարտական գործողությունները վկայել են Արցախի ԻՊՈՒ կայացման ու բանակաշինության դժվարին գործընթացում ունեցած ձեռքբերումների մասին:

1993թ. մարտի 20-ին, այսինքն՝ պաշտոնավարման գրեթե մեկ տարվա գործունեության յուրօրինակ հաշվետվություն կարելի է համարել «Արցախ» թերթի աշխատակից Վիլեն Բախշիյանի հարցազրույցը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թղթակցի պաթոսային հարցին ի պատասխան՝ նա հատկանշել է. «Գովեստներ պետք չէ շռայլել: Պատերազմի հաղթական ավարտից հետո միայն կարող ենք ասել’ ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարել իրենց սուրբ պարտքը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ։ Այսօր, իմ խորին համոզմամբ, մեր մարտիկների բացարձակ մեծամասնությունը, իրոք, հիանալի է կռվում անարգ թշնամու դեմ։

Հունվարին, երբ մեզ հաջողվեց դիմակայել ադրբեջանական բանակի նոր լայնամասշտաբ հարձակմանը և նրան պատճառել կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, համոզվեցինք, որ ժամանակն է շարժվելու առաջ և ջախջախիչ հարվածներ հասցնելու զավթիչներին։ Փետրվարի 5-ը, իսկապես, հիշարժան օր է։ Մարտակերտի շրջանում սկսած ռազմական օպերացիան, ինչպես դուք ընդգծեցիք, վճռական բեկում է մտցրել ամբողջ ռազմաճակատում։

Առաջին իսկ մեծ հաջողությունը հաղթանակի նկատմամբ ամուր հավատ է ներշնչել մեր մարտիկներին, նրանց մղել մահու ու կենաց պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության։ Արդեն ազատագրվել են շրջանի 27 մեծ ու փոքր գյուղեր, այդ թվում՝ Հաթերքի ամբողջ ենթաշրջանը, Սարսանգի հիդրոհանգույցի ջրամբարտակի գոտին։ Վերահսկողության տակ են վերցվել Քելբաջար-Մարտակերտ գլխավոր ավտոմայրուղին և առայժմ բռնազավթված որոշ գյուղերի մի շարք կարևոր բարձունքներ։ Ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացումն անկասելի է, և մեր նպատակն է՝ ազատագրել ոչ թե առանձին բնակավայրեր, այլ՝ ամբողջ հողը»[109]։

Հակառակորդին թերագնահատելու երանգ պարունակող թղթակցի հարցադրմանը ԻՊԿ նախագահը պատասխանել է. «Եu տրամադրված չեմ հեգնանքով արտահայտվելու ադրբեջանական բանակի մասին, ընդհակառակը, հակված եմ մեր դեմ տեսնելու միանգամայն լուրջ հակառակորդի: Բայց այն, որ թշնամին կրում է կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ, խոսում է ինքնապաշտպանության ուժերի օգտին:

Փաստերն ավելի քան համոզիչ են։ Այս տարվա հունվարին ռազմաճակատի տարբեր գծերում ոչնչացվել են շուրջ 750 ադրբեջանական հետևակայիններ, 17 զրահատեխնիկա, երեք ռազմական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ։ Հետագայում, մանավանդ փետրվարի 5-ից սկսած, հակառակորդը կորցրել է ևս 25 միավոր հրասայլ և ռազմական այլ տեխնիկա:

Դրանց որոշ մասն այսօր գտնվում է ռազմաճակատում և խփում է յուրայիններին: Որպես ռազմավար, վերցրել ենք նաև որոշակի քանակությամբ զինամթերք` հիմնականում հրետանային արկեր և փամփուշտ, մեծ թվով ավտոմեքենաներ: Մարդկային կորուստներն, ամենահամեստ հաշվումներով, կազմում են ավելի քան 600 ադրբեջանական զինվոր ու սպա։ Միայն մարտի 18-ին Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերի ազատագրման համար մղված մարտերում հակառակորդը տվել է 21 սպանված: Այդպես է ռազմաճակատի ամբողջ գոտում, այդպես է թշնամու… թիկունքում: Բոլորովին վերջերս մեր հետախույզները թափանցել են ռազմակայանի վերածված Դիվանալար գյուղ (Ֆիզուլիի շրջան), ադրբեջանական զինյալների քթի տակից թռցրել նրանց հրասայլը և, շարժվելով առաջ, լիովին ոչնչացրել հակառակորդի զորանոցը և ամբողջ անձնակազմով վերադարձել իրենց դիրքերը[110]։

Այնուհետև, անդրադառնալով մարտական և ոչ մարտական կորուստներին՝ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը նկատել է տվել. «Հիշյալ շրջանում կորուստներն, իրոք, համեմատաբար շատ են, բայց դրանց միայն 25 տոկոսն ենք տվել անմիջապես մարտերում: Առավել վտանգավոր է դարձել, եթե կարելի է այսպես ասել, ոչ մարտական իրավիճակը։ Ինչպես գիտեք, ներկայումս ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը Մարտակերտի շրջանն է, իսկ այստեղ ահեղ մարտերը շարունակվում են անցյալ տարվա հունիսի 12-ից, հաճախ միևնույն տարածքը քանիցս անցել է ձեռքից ձեռք և, բնական է, որ պատերազմող կողմերը տվյալ գոտում ստեղծել են իրենց ականապատ դաշտերը։ Մենք ականազերծում ենք այդ տարածքները, որտեղ հնարավոր է’ օգտագործում շրջանցող ճանապարհները, սակայն թեկուզև ժամանակի առումով գործնականում անհնարին է լիովին վերացնել մահացու վտանգը»[111]։

Թղթակցի այն հարցին, թե որպես ԻՊԿ նախագահ, ինչպես է վերաբերվում բանակցային գործընթացին, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Անձամբ ինձ համար պարզ է մի բան. ղարաբաղյան հիմնահարցը վճռվում է ոչ թե Հռոմում, Բաքվում կամ մեկ ուրիշ տեղ, այլ՝ ռազմադաշտում։ Մենք, իհարկե, դեմ չենք հանդիպումներին ու բանակցություններին, եղել և մնում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ։ Մեր վզին փաթաթված պատերազմը, սակայն, մեզ ստիպել է զենք վերցնել և պաշտպանել հողն հայրենի: Պետք է գիտակցենք, որ մեզ կհարգեն ու մեզ հետ՝ ինչպես հավասարը հավասարի, հաշվի կնստեն այն ժամանակ, երբ լիովին ազատագրենք մեր տարածքները և հուսալիորեն պաշտպանենք սահմանները»[112]:

Այս խոսքերը հարիր են հաղթանակ կերտող հրամանատարին, հայրենիքի պաշտպանության և ազատագրման գործին նվիրված ժողովրդի ու ինքնապաշտպանության ուժերի վստահությունը վայելող ղեկավարին, որոնց ճշմարտացիությունը բռնեց կյանքի դաժան փորձությունը:

Արցախի ԻՊՈՒ կազմակերպական ու մարտավարական առաջընթացի մասին է վկայել նաև Քելբաջարի ռազմագործողությունը, ինչը թելադրված էր Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ԻՊՈՒ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու, խաղաղ բնակչության վերադարձի անվտանգությունն ապահովելու, Լաչինի միջանցքի վրա մշտական սպառնալիքը նվազեցնելու* և լաչին-քելբաջարյան խմբավորումը ջախջախելու անհրաժեշտությամբ: Քելբաջարի շրջանի ազատագրումը կարևոր էր նաև Հայաստանի հետ ցամաքային կապի` երկրորդ կյանքի ճանապարհի բացման, ինչպես նաև Օմարի բարձրադիր լեռնանցքում, ռազմավարական առումով` նպաստավոր ու տիրապետող բնագծերում Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան սահմաններին հակառակորդի մշտական սպառնալիքին ավելի դյուրությամբ ու հուսալիորեն դիմագրավելու նկատառումներով:

Պատմական Քարվաճառի ազատագրման ռազմական գործողության օպերատիվ պլանը փոխգնդապետ Սամվել Բաբայանը Դրմբոնում տեղակայված կենտրոնական շտաբում քննարկեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Պաշտպանական շրջանների հրամանատարներ Նորայր Դանիելյանի, Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ: Պլանին հավանություն են տվել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, ԻՊՈՒ շտաբի պետ Անատոլի Զինևիչը և ուրիշներ:

168.am

← Վերադառնալ ցուցակին