Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /6-րդ մաս/
30.06.2024
Արցախի Հանրապետությունում աննախադեպ ծանր կացություն էր ստեղծվել Ադրբեջանի լայնածավալ նախահարձակման, Շահումյանի շրջանի, Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասի բռնազավթման, հանրապետության ավելի քան 40 հազար բնակիչների բռնի տեղահանման, տասնյակ բնակավայրերի ավերման ու հրկիզման, խաղաղ բնակիչների սպանությունների և գերեվարության հետևանքով: Ծառացած օրախնդիր հարցերի լուծումը, առանց կարգ ու կանոնի, առանց ուժերի ու միջոցների համախմբման, անհնար էր: Ուստի, 1992թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԳԽ նախագահության նիստ, որտեղ քննարկվել է հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը: Ադրբեջանի մինչ այդ աննախադեպ մասշտաբային հարձակման պատճառած հետևանքները վերացնելու և Արցախի Հանրապետությունում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով ԼՂՀ ԳԽ նախագահությունը որոշել է հանրապետության ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն[83]: Թշնամու նախահարձակմանն ըստ ամենայնի դիմագրավելու նպատակով որոշվել է սկսել համընդհանուր զորակոչ: ԼՂՀ ԳԽ նախագահությունը հայտարարել է պարտիզանական պատերազմ սկսելու մասին[84]:
ԼՂՀ ԳԽ նախագահության և ԼՂՀ մինիստրների խորհրդի համատեղ որոշմամբ 1992թ. հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվեց մասնակի զորահավաք: Զորակոչի ենթարկվեցին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զորակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք[85]: Կռվող ուժի, մարդկային սուղ պաշարների պայմաններում զորահավաքի անցկացումն անհրաժեշտություն էր Մարտակերտի ճակատում արնաքամ լինող ԻՊՈՒ ստորաբաժանումների շարքերը լրացնելու, կանոնավոր կազմավորումները լրահամալրելու և, ընդհանրապես, պատերազմին համաժողովրդական վերաբերմունք ու համազգային բնույթ հաղորդելու տեսակետից: Այդ աշխատանքների կազմակերպման ու օպերատիվորեն ղեկավարման ամբողջ ծանրությունը հիմնականում տանում էր ինքնապաշտպանության կոմիտեն, որի ձեռնարկված անհետաձգելի միջոցները, սակայն, դեռևս բավարար չէին ռազմաճակատում ստեղծված օրհասական վիճակը կայունացնելու համար:
Այդ աշխատանքների բնույթի մասին պատկերացում է տալիս ժամանակի մամուլում ԻՊԿ նախագահի անմիջական գնահատականը. «Այսօր կան մարտակերտցիներից կազմված ջոկատներ, որոնք կռվում են հերոսաբար: Օրերս իմ մոտ էր Զագլիկի ջոկատի հրամանատարը: Տարիքն առած այդ մարդը երդվել է, որ չի լքի իր հողը, մինչև վերջ կկռվի հայրենիքի համար: Մենք կատարելու ենք ժողովրդի առջև ունեցած մեր պարտքը: Դա կախված է շատ հանգամանքներից: Առաջին հերթին՝ Ստեփանակերտում պարապ-սարապ թրև եկող մարդկանցից, Երևանի փողոցներում մուրացկանություն անող մարդկանցից, հատկապես երիտասարդներից, որոնց դեմ ձեռնարկվում են միջոցներ: Նրանք, որպես դասալիքներ, կալանավորվում են և ուղարկվում հանրապետություն: Այդ գործն առաջիկայում ավելի կուժեղացվի:
Այդ նպատակով Երևան ենք ուղարկել ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ներկայացուցչին: Դասալիքներին ձերբակալելու և դատելու մասին կա պաշտպանության պետկոմի որոշումը, ըստ որի՝ Ղարաբաղը լքած յուրաքանչյուր զինապարտ դասալիք է: Իհարկե, տարբերություն կա անզեն ու զենքով փախածների միջև: Բոլորն էլ, սակայն, դասալիքներ են: Ես շատ ուրախացա, երբ ձեր թերթում ընթերցեցի այդ դասլիքների անուն-ազգանունները»[86]:
Ձեռնարկված միջոցներից էր նաև ԻՊԿ պլանավորմամբ հակահարձակողական գործողությունների անցկացումը ռազմաճակատի տարբեր ուղղություններում: ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում ազատագրվել է Մարտակերտի շրջանի մեծ մասը: Հակառակորդի մարտակերտյան խմբավորումը ծանր հարվածներ է ստացել: Մարտական գործողությունների ընթացքում ԻՊԿ ղեկավար կորիզը, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարական կազմը և մարտիկները համապատասխան փորձ են ձեռք բերել, զարգացրել մարտավարական հմտությունները, ռազմավարական մտածողությունը և ռազմագործողությունները պլանավորելու ու ղեկավարելու կարողությունները: Այդուհանդերձ, հաջողությունը երկար չի շարունակվել, քանի որ դեռևս բոլոր պայմանները չէին ստեղծվել նախնական ձեռքբերումներն ամրապնդելու և պաշտպանելու համար:
Ադրբեջանի օգոստոսյան լայնածավալ հարձակման և Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթման կապակցությամբ, ԼՂՀ ԳԽ նախագահությունը օգոստոսի 12-ին որոշել է հանրապետությունում հայտարարել ռազմական դրություն և նույն օրվանից անցկացնել արական սեռի 18-ից 45 տարեկան քաղաքացիների զորահավաք[87]: Դա հնարավորություն է տվել ի մի բերելու և օգտագործելու հանրապետության զորահավաքային թեկուզև սահմանափակ ներուժն ընդդեմ ոսոխի:
Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռ. Քոչարյանի նախագահությամբ: Կոմիտեի անդամներն էին Կարեն Բաբուրյանը (նախագահի տեղակալ), Սերժ Սարգսյանը (Ինքնապաշտպանության կոմիտեի և ինքնապաշտպանության ուժերի ղեկավար), Արմեն Իսագուլովը (ներքին գործերի ղեկավար), Սամվել Բաբայանը (Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար), Բորիս Առուշանյանը (Տնտեսական գծով ղեկավար), Վալերի Բալայանը (Պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար)[88]:
Պետական կառավարման նորաստեղծ մարմնին են հանձնվել Նախարարների խորհրդի բոլոր գործառույթները, ինչպես նաև ռազմական դրության իրականացման լիազորությունները[89]: Հանրապետությունում ստեղծված ծայրաստիճան ծանր ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական կացության բարելավման, պետական իշխանության ու կառավարման բոլոր կառույցների համախմբման, հանրապետության պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ճանապարհին պատերազմական իրավիճակում կառավարման նոր մարմնի ստեղծումը կարևոր քայլ էր, ինչը հնարավորություն է ընձեռել օպերատիվորեն ու մասնագիտորեն լուծելու ծառացած հիմնահարցերը:
Ինքնապաշտպանության համակարգն առավել կատարելագործելու, կենտրոնացված ու միասնական հրամանատարություն և կառավարման արդյունավետ գործող օղակներ ստեղծելու, նյութատեխնիկական միջոցների մատակարարման, մարտական գործողությունների շրջանում կարգապահության, կարգ ու կանոնի հաստատման հրատապությունն ու անհրաժեշտությունն ամենայն սրությամբ զգացվել են 1992թ. ամառային ռազմարշավի ավարտին: