Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /12-րդ մաս/

30.06.2024

 Խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ երկկողմանի համաձայնության պայմանները՝ հակառակորդը ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով շարունակել է հայկական պաշտպանական դիրքերի հրթիռահրետակոծությունները: Հակառակորդն անընդհատ լարված է պահել իրադրությունը հակամարտության գոտում՝ չդադարող հրթիռահրետակոծություններով ու հարձակումներով ստիպելով Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումներին դիմել պատասխան գործողությունների, ընդհուպ մինչև թշնամու կրակակետերի վնասազերծումը:

Հետ մղելով թշնամու ուժեղ ճնշումը՝ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման են անցել հարավային ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով՝ նպատակ ունենալով ազատագրել Հադրութի շրջանի լեռնային մասը: Օգոստոսի 15-ին սկսվել է Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումների ընդհանուր հակահարձակումը Հադրութի շրջանի հարավում: Մարտական գործողությունները շարունակվել են նաև Հադրութի ՊՇ մյուս և Լաչինի մարդասիրական ճանապարհի ուղղություններում:

Շուշիի ՊՇ ստորաբաժանումների և օգնության հասած ԻՊՈՒ ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունների արդյունքում Կուբաթլուի ուղղությունում կոտրվել է թշնամու դիմադրությունը: Ընկճելով ադրբեջանական բանակի և տեղի զինավառ բնակչության կատաղի դիմադրությունը՝ հայկական կազմավորումները երեք ուղղություններով խորացել են Կուբաթլուի ռազմականացված շրջանի տարածք՝ շարժվելով շրջկենտրոնի ուղղությամբ: Կուբաթլուի շրջանում ամրացած հակառակորդը մշտապես սպառնում էր Լաչինի միջանցքի անվտանգությանը, կրակի տակ էր պահում Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղին: Ձգտելով ապահովել Արցախի Հանրապետության հարավային սահմանների լիակատար անվտանգությունը՝ ԻՊՈՒ-ը հակահարձակման են անցել, նպատակ ունենալով ջախջախել այսպես կոչված Ադրբեջանի ԶՈՒ Կուբաթլուի շրջանում տեղակայված խմբավորումը և ամսվա վերջին օրը վնասազերծել են համանուն շրջկենտրոնը:[151] Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել:

Վերացվել է Արցախի Հանրապետության արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել են Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի ռազմահենադաշտերը, ջախջախիչ պարտության են մատնվել համանուն շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները, նկատելիորեն ընդլայնվել ու ամրապնդվել է Արցախի անվտանգությունը, և Ինքնապաշտպանության ուժերը հաստատվել են նպաստավոր բնագծերում:

Ռազմական պարտությունների մատնելու միջոցով Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը ստիպել են Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Դրանից հետո Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումները, հետապնդելով ճողոպրող թշնամուն՝ կանգ են առել Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողության ընթացքում հայ հրետանավորները գործել են բավական հուսալի և, հիմնականում, լուծել են առաջադրված խնդիրները: Հրետանու դիպուկազարկության հետևանքով հակառակորդը զբաղեցրած դիրքերից ճողոպրել է՝ թողնելով տեխնիկա, զենք ու զինամթերք: Օգոստոսյան մարտերում հակառակորդից առգրավվել են 4 Դ-30, 4 Տ-12, 3 Դ-44 թնդանոթներ, 2 120 մմ-անոց ականանետ և մեծ քանակությամբ 82 մմ-անոց ականներ[152]:

Այսպիսով, 1991-1993 թթ. Արցախի Հանրապետության պաշտպանական-անվտանգային խնդիրների լուծման, նախևառաջ Ինքնապաշտպանության ուժերի ստեղծման ու կայացման, պաշտպանական և ազատագրական ռազմական օպերացիաների պլանավորմանն ու ղեկավարմանն արդյունավետ մասնակցության գործում Սերժ Սարգսյանն ունեցել է ծանրակշիռ ավանդ, ինչի մասին են վկայում ներկայացված փաստերը: Իսկ բազմաթիվ փաստեր դեռ սպասում են իրենց բացահայտմանը և համակողմանի ուսումնասիրմանը՝ դրանց չգաղտնազերծված լինելու, մի մասն այսօր քաղաքական նպատակահարմարությամբ հարուցված խոչընդոտների, մի զգալի մասն էլ 2023 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության արխիվների ոչնչացման և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով :

Արցախի Հանրապետության պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդի լավագույն գնահատականը Սերժ Սարգսյանին Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչման և «Ոսկե Արծիվ» շքանշանի արժանացնելն է:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման առաջին շրջանում (1993-1995թթ.) Ս. Սարգսյանի ավանդը ՀՀ ԶՈՒ-ի կայացման և հետագա զարգացման գործում

ԼՂՀ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը 1993թ. օգոստոսին ստանձնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը[153] և պաշտոնի բերումով տեղափոխվեց Երևան[154]:

168.am

← Վերադառնալ ցուցակին