Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /5-րդ մաս/
30.06.2024
Այդ օրերին, ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի Հանրապետության սահմանագծի ամբողջ երկայնքով, առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է շոշափել և հայտնաբերել ԻՊՈՒ պաշտպանության համեմատաբար թույլ հատվածները, մշտական հրետակոծությունների միջոցով ձգտել է ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը, այսինքն` մարտնչող ռազմիկներին զրկել անհրաժեշտ նեցուկից, ինչպես նաև, բոլոր ռազմագործողություններում սկսել է օգտագործել ԱՊՀ ԶՈՒ-ի` Ադրբեջանում տեղակայված զորամասերի սպաներին: Հակառակորդին հաջողվել է իմանալ, որ հայ մարտիկները ռազմամթերքի պակաս են զգում, ուստի գործել է բացահայտ ու անպատիժ: Հայտնի դարձած մյուս տվյալները ևս վկայել են սպասվող լայնածավալ հարձակման օգտին:
Արցախի Հանրապետության պաշտպանության կոմիտեն, կազմակերպական անհետաձգելի միջոցներ ձեռնարկելուն զուգընթաց, այդ բացասական գործոններին հակադրել է հայ ազատամարտիկների բարձր բարոյամարտական որակները, հայրենիքը պաշտպանելու շարժառիթավորված վճռականությունը և պատմության ընթացքում քանիցս անհաշտ անհանդուժողականությամբ աչքի ընկած արյունռուշտ ոսոխի նկատմամբ խոր ատելությունը:
1992թ. գարնանային ռազմարշավի կեսերին Արցախում թշնամու ռազմական գլխավոր հենադաշտը շարունակում էր մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում ռազմական հենակետերի վերածված Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը: Առանց հիշյալ հենակայանների վնասազերծման ոչ միայն անհնարին էր բարձրացնել Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը, այլ նաև ապահովել շատ թե քիչ բնականոն ներհանրապետական կյանք: Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն ապրիլի վերջերին ու մայիսի սկզբներին հասունացել էր Արցախում ադրբեջանցիների ամենախոշոր ու վտանգավոր ռազմահանգրվանի վերածված Շուշի բերդաքաղաքի ազատագրման պատմական պահը: Իր գագաթնակետին հասած ռազմաքաղաքական իրադրությունը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից և զարգանալ Արցախի հայ ազգաբնակչության համար վտանգավոր ձևով, եթե, իհարկե, ժամանակին չվնասազերծվեին Շուշիի և Ստեփանակերտին հարակից գյուղերի կրակակետերը[66]:
Այնինչ, կապված զինված բախումների ծավալների աճի հետ, մարտական գործողությունները տեխնիկական ու կազմակերպական առումներով ավելի են բարդացել: Իսկ դա պահանջել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեից ստեղծել միասնական հրամանատարություն, մարտունակ բնակչության զորահավաքի համակարգ, զինվորական ստորաբաժանումների մատակարարման կառույցներ, բանակային կադրերի նախապատրաստման, մասնագետների ընդգրկման ուսումնական բազաներ և այլն: Սակայն, կենսականորեն կարևոր այդ հարցերի լուծումը և հենց Արցախի գոյատևումը, առանց շնչահեղձ անող համապարփակ շրջափակման ճեղքման, անհնարին էր[67]:
Ստեղծված իրադրությունն այսպես է ներկայացրել ԻՊՈՒ հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանը. «Խոջալուի ազատագրումից հետո հակառակորդն ավելի սաստկացրեց Ստեփանակերտի գնդակոծությունը Շուշիից: Ամեն or Ստեփանակերտում խաղաղ բնակիչներ էին զոհվում, իսկ քաղաքն էլ պլանաչափորեն ավերվում էր: Արցախի քաղաքական ղեկավարությունը, ջոկատների հրամանատարները և քաղաքի բնակչությունը Պաշտպանության կոմիտեից պահանջում էին անհապաղ և ամեն գնով ազատագրել Շուշին: Սակայն Կոմիտեի ղեկավարությունը գիտակցում էր, որ հայկական ջոկատների ուժը բավարար չէ հաջողությամբ գործողությունն իրականացնելու համար:
Ակնհայտ էր, որ եթե անգամ մենք այդ գործողության մեջ ընդգրկեինք մեր տրամադրության տակ գտնվող բոլոր ջոկատները, ապա լավագույն դեպքում զորքերի թվաքանակը հավասար կլինի: Մինչդեռ ռազմական տեխնիկայի, հրետանու և զինամթերքի առումով հայկական կողմն ամեն դեպքում խիստ զիջում էր Շուշիի ադրբեջանական ուժերին: Այնուհանդերձ, հաշվի առնելով Շուշիի կրակակետերի ոչնչացման ծայրահեղ անհրաժեշտությունը, ժողովրդի հոգեբանական տրամադրվածությունը` Պաշտպանության կոմիտեն մարտի սկզբին ինձ հանձնարարեց Ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետ միասին մշակել Շուշիի ազատագրման պլանը: Այդ պահից սկսվեց գործողության նախապատրաստությունը, որը տևեց երկու ամիս[68]»:
Շուշիի ազատագրման ռազմական նախապատրաստությունների շրջանակներում Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի այն ստորաբաժանումները, որոնք տվյալ պահին ընդգրկված չեն եղել մարտական գործողություններում կամ մարտական հերթապահությունում (պահպանությունում), կամավորականների խմբեր են հատկացրել Շուշիի թշնամական հենակետերը գրոհելու համար: Ապրիլ-մայիս ամիսներին առավել արդյունավետ ու հաճախակի են դարձել հետախուզական աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին ԻՊԿ-ին Շուշիի ազատագրման ռազմագործողության պլանի մանրամասներն ու առանձին տարրերը ճշգրտելու համար[69]: Սղնախ գյուղի մոտակա բարձունքից (Չախմախ յալ) ոչ միայն դիտարկվել է Լաչին-Շուշի ճանապարհով կատարվող երթևեկությունը, այլև վերահսկվել:
Մասնավորապես հայտնի է, որ 2-րդ վաշտի զրահատեխնիկայի կողմից այդ ճանապարհին խփվել են տասնյակ փոխադրամիջոցներ: Այդպիսով մասամբ արգելափակվել է Շուշիի ադրբեջանական կայազորին մահաբեր հրթիռների ու այլ սպառազինության մատակարարումը: Համապարփակ շրջափակման մեջ գտնվող Արցախի համար հույսի շող է բացվել Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրման շնորհիվ, որից հետո հնարավոր է դարձել ՅԱԿ-40 ինքնաթիռներով ու ՄԻ-8 ուղղաթիռներով մայրաքաղաք հասցնել բեռների այն նվազագույն քանակությունը, որն անհրաժեշտ էր Շուշին ազատագրելու համար[70]:
Պահի լրջությունը և մեծ պատասխանատվությունը ռազմական ու քաղաքական ղեկավարները գիտակցում էին, ուստի ոչ բոլորն էին պատրաստ ստանձնելու ամբողջ պատասխանատվությունը: ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանի վկայությամբ. «Մինչ այդ Ստեփանակերտում դրությունը կրիտիկական էր դառնում, և չնայած ռազմական մատակարարման անբարենպաստ իրավիճակին՝ Արցախի Պաշտպանության կոմիտեն` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ստանձնեց պատասխանատվությունը և ինձ հանձնարարեց անցկացնել գործողությունը»[71]:
Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի պլանը, որի մշակմանը ակտիվորեն մասնակցել է նաև ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանը, արտաքնապես ինչքան պարզ, նույնքան խոր ու հանճարեղ էր մտահղացմամբ, հիմնականում, հաջողվեց իրականացնել[72]:
Մեծ է Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը[73]: Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի համար առաջին լուրջ մարտական մկրտությունը դարձած Շուշիի և Ջանհասան-Քյոսալարի ենթաշրջանի ռազմականացված գյուղերի ազատագրման գործողության մշակմամբ ու իրագործմամբ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեն և ինքնապաշտպանության ուժերը շարունակեցին հայ ժողովրդի կերտած ռազմարվեստի լավագույն ավանդույթները: Համեմատաբար փոքր կորուստների գնով հայկական ուժերի նվաճած փայլուն հաղթանակը ցույց տվեց ինքնապաշտպանության կոմիտեի, բոլոր աստիճանների հրամանատարների կողմից ռազմագործողություններ մշակելու, նախապատրաստելու և իրականացնելու գործում ադրբեջանական հրամանատարության նկատմամբ ունեցած ակնհայտ առավելությունը, ինչպես նաև հայ ազատամարտիկի բարոյահոգեբանական անվիճարկելի գերազանցությունը զավթիչի նկատմամբ:
Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն իրենց արժանի տեղն են գտել հայ ազգային-ազատագրական շարժման պատմության տարեգրությունում: Հայկական հինավուրց քաղաքի ազատագրումը ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունեցավ ազգային ազատագրական շարժման նոր փուլում: Պատմության այդ սրընթաց ակնթարթը, Լաչինի միջանցքի բացման հաջող ռազմագործողությունը հանգեցրին Արցախի Հանրապետության շրջափակման օղակի ճեղքմանը, ինչո՞ւ չէ, նաև կյանքի ճանապարհի բացմանը, հետևաբար և արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու կեսի գործնական միավորմանը[74]:
Շուշիի ռազմագործողությունն առ ոչինչ է դարձրել այսպես կոչված Ադրբեջանի` արցախյան հողատարածքի նկատմամբ առանց այդ էլ անհիմն իրավունքներն ու հավակնությունները: Այդ մասին, թեև տհաճությամբ, խոսել և խոստովանել են անգամ ադրբեջանցիները[75]: Շուշիի ազատագրումը նպաստել է մեր ժողովրդի մարտական ոգու բարձրացմանը, վերջնականապես ամրագրել թվաքանակով ու միջոցներով գերակշռություն ունեցող հակառակորդի դեմ սեփական ուժերով հաղթանակ տանելու վճռականությունը: Մյուս կողմից, խորտակիչ բարոյահոգեբանական հարված հասցվեց հակառակորդին, որն այդպես էլ չկարողացավ հետագա մարտական գործողությունների ընթացքում, ունեցած մարտավարական ու նույնիսկ ռազմավարական բնույթի ժամանակավոր հաջողություններով հանդերձ, հաղթահարել պարտվածի բարդույթը:
Շուշիի հաղթանակի հաղորդած համընդհանուր լիցքը, այդ կարևոր հաղթանակը կորցնելու տագնապը օգնեցին Արցախի հայ ազգաբնակչությանը դիմանալու, տոկալու հակառակորդի` 1992թ. հունիսի 12-ի լայնածավալ ագրեսիային, Շահումյանի ու Մարտակերտի անկմանը, մայրաքաղաքի ու մյուս խաղաղ բնակավայրերի անողոք ռմբահարումներին ու հրթիռահրետակոծություններին հաջորդած անլուր տառապանքներին ու զրկանքներին[76]:
Շուշիի ռազմագործողությունը, փաստորեն, առանձին գործող ինքնապաշտպանական ջոկատներից Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի` նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի անցման և արագ զարգացման փուլի սկիզբն էր[77]: Անկասկած, Շուշիի ազատագրումը կարևոր հանգրվան էր Արցախում կանոնավոր զինված ուժեր ստեղծելու և, ընդհանրապես, ռազմական շինարարության համար: Ուստի մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման օրը նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օր է հռչակվել և մեծ շուքով տոնվել է թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում և՛ թե սփյուռքում մինչև 2020թ. աշնանային կապիտուլյացիան:
1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե
ինչն էր առաջնահերթն ու կարևորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի համար: «Ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի բանակի մասին օրենքի ընդունումը,- պատասխանել է Ս. Սարգսյանը:-Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում: Երբեք չպետք է ինքնահանգստանալ: Ես գտնում եմ, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ հստակվի ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի մեջ մտնող մարտիկների կարգավիճակը: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կամավո՞ր են, թե՞ վարձու, ո՞վ է ենթակա զինակոչի և այլն: Մեզ պետք է օրենք բանակի մասին, որպեսզի իսկական ժամանակակից բանակ ստեղծենք»[78]:
Պատերազմող կողմերի ուժերի հաշվեկշռի և Շուշիի ու Լաչինի ռազմագործողությունների միջոցով ագրեսորին պարտադրված հրադադարը խախտվել է, երբ 1992թ. մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ըստ ժամանակի մամուլի «առնվազն 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 ԶՓԴ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈՒ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ»[79]: Միաժամանակ, երբեմնի Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղակայված նախկին ԽՍՀՄ 4-րդ բանակի զորամասերի զինվորական մասնագետների ու սպաների համար ստեղծվել էին որպես վարձկաններ մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները: Այս ամենը, ըստ այդ նույն աղբյուրի, Ադրբեջանին թույլ է տվել կտրուկ փոխելու Արցախի Հանրապետության դեմ ծավալած ռազմաճակատում տիրող իրավիճակը[80]:
Ռազմաճակատի ամբողջ երկայնքով 1992թ. հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին հակառակորդի` ԼՂՀ սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումների, մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի ձեռնարկած լայնածավալ հարձակումը, որի հիմնական ուղղություններն էին հատկապես Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանները, բացահայտել է Ինքնապաշտպանության ուժերի շինարարության և պաշտպանության կազմակերպման լուրջ թերությունները, որոնց պատճառով հնարավոր չեղավ իրականացնել մարտական խնդիրները և պաշտպանել մեր երիտասարդ հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Գեներացնելով քաղաքական շահարկումները՝ մի շարք հեղինակներ անհիմն պնդում էին, թե ռազմական օգնությունը դիտավորյալ չի հասցվել Շահումյանի պաշտպաններին[81]:
Ինչ վերաբերում է ԼՂՀ ԻՊՈՒ շտաբի կողմից անհրաժեշտ օգնությունը չհասցնելու խնդրին, ապա հանուն ճշմարտության պիտի ասել, որ նման հնարավորություն, ընդհանրապես, չի եղել, քանզի ռազմական տեխնիկայի առկա սուղ միջոցները բաշխվել էին շրջաններին կամ տրամադրվել ռազմաճակատի ամենավտանգավոր տեղամասերին: Ի դեպ, մի ուշագրավ հաղորդագրություն գալիս է հաստատելու այդ միտքը: Այսպես, 1992թ. հունիսի 11-ի ժամը 00:25-ին Շահումյանից Շ. Մեղրյանը դիմել էր Արկադի Տեր-Թադևոսյանին ու Սերժ Սարգսյանին. «Խնդրվում է հայտնել ռազմագործողության ժամանակ տեխնիկայով աջակցելու հնարավորության մասին»: Ժամը 00:30-ին տրվել է հետևյալ պատասխանը. «Շահումյան: Շահենին: Ամբողջ տեխնիկան օժանդակելու նպատակով ուղարկված ու ներգրավված է շրջաններում, պաշտպանական տեղամասերում: Տեխնիկայով օգնելու հնարավորություն չկա: Արկադի»[82]: