Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /15-րդ մաս/

30.06.2024

 «ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր դերը հստակ էր: Պատերազմ էր, Արցախն Արցախ էր, Ադրբեջանը` Ադրբեջան: Այդ հստակությունը չկա Հայաստանի Հանրապետությունում` ոչ այն է՝ պատերազմ է, ոչ այն է՝ խաղաղություն: Քաղաքական անորոշության այս ճոճքը գլխապտույտ չի՞ առաջացնում Ձեզ մոտ: Կարողանու՞մ եք կողմնորոշվել». թերթի խմբագրի այս հարցադրման պատասխանը հետաքրքիր ուղերձներ էր պարունակում. «Համենայն դեպս փորձում եմ կողմնորոշվել: Ճիշտ բնութագրեցիք. ճոճվելու, ընկնելու և բարձրանալու պայմաններ են այստեղ: Քաղաքական տեսանկյունից՝ չկա պատերազմ, բայց թնդանոթներն ասում են՝ կա, շրջափակումն ասում է՝ կա, հանրապետության տնտեսական վիճակն ասում է՝ կա, սահմանամերձ շրջաններում իրենց զգում են պատերազմի մեջ: Շատ ավելի հեշտ է, երբ պատերազմը հայտարարված է, գիտես, թե ով է թշնամին, գիտես քո անելիքը։ Քաղաքական այս ճոճքի հեղինակը մենք չենք:

Աշխարհը բաժանված է ազդեցության ոլորտների, աշխարհում կան հզոր պետություններ, որոնք իրենց շահերն ունեն, աշխարհում կան այլևայլ միջազգային կազմակերպություններ, որոնց չես կարող հաշվի չառնել: Յուրաքանչյուրն իր կողմն է ձգում. հնազանդվելու իրավունք չունես՝ քո ազգային շահերն այլ բան են ասում, նրանց կարծիքը՝ արհամարհելու իրավունք առավել ևս չունես` դարձյալ քո ազգային շահերն ես վտանգում: Դե եկ ու կողմնորոշվիր։ Հանրապետության որոշ քաղաքական կազմակերպություններ մեր քաղաքական գործիչներից պահանջում են «բաց խաղ», այն դեպքում, երբ «խաղադաշտը մշուշոտ է»: Մի հակասական և տարօրինակ բան ասեմ՝ արցախյան ձգձգվող պատերազմում Ադրբեջանն ունի իր նպատակը, նրա մարտավարությունը հստակ է` գրավել Ստեփանակերտը և դրանով որոշել պատերազմի ելքը:

Ռազմական առումով Արցախի նպատակը հստակ չէ` Արցախի բանակը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այնքան կարող էր շարժվել Ադրբեջանի խորքը, որքան կամենար: Արցախը նպատակ չունի գրավել Բաքուն և դրանով ավարտել պատերազմը: Արցախցունը նպատակ չէ, այլ տարրական ցանկություն` ապրել սեփական տանը, շենացնել իր հայրենիքը և հոգալ իր ընտանիքի ապահովությունը: Այս հասարակ բանը աշխարհը գիտակցել ու գիտակցում է: Դրա համար էլ Ադրբեջանը ջանում է պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը: Պատերազմող Հայաստանի հանդեպ աշխարհի վերաբերմունքն արդեն այլ կարող է լինել»[168]:

Արդիականությունը, ցավոք, չի կորցրել 30 տարի առաջ էլ հրատապ հետևյալ հարց ու պատասխանը. «Պարո՛ն նախարար, ուզենք թե չուզենք, մեր ժողովրդի մի մասը պատերազմի մեջ է և գիտակցում է իր այդ վիճակը: Մյուս մասը, նույնիսկ հպանցիկ չի ուզում հասկանալ այդ փաստը: Անարդարություն է, երբ մի մասն է վերցնում այն բեռը, որ ամբողջ ժողովրդի շալակին պետք է լիներ»:

«Հարյուր տոկոսանոց ճշմարտություն է,- ի պատասխան՝ համաձայնել է Ս. Սարգսյանը,- այդ առումով կարող եմ գնահատականներ տալ: Եղել եմ Ղարաբաղում և կարող եմ համեմատել: Արցախում այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Անհրաժե՞շտ է բանակին, ուրեմն` վերջ: Եթե բանակին անհրաժեշտ է իր շարքերում ունենալ, ասենք, խոշոր գործարանի տնօրենին, մեկ օր անց նա այնտեղ կլինի: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորը հայտնվեց հակաօդային պաշտպանության տեխնիկայի վահանակի առջև, յուրաքանչյուր մասնագետ իր տեղը գտավ բանակում: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ռուսական փորձառու բանակը կերազեր արցախյան բանակի մասնագետներից շատերին ունենալ։ Շատ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին վերանորոգման տեղամասեր: Այսօր T-72 տանկը Արցախում ծայրեծայր վերանորոգում են՝ նույն հեշտությամբ, ինչ հայաստանցի վարպետները իրենց «Ժիգուլիները: Նույնը չես կարող ասել Հայաստանի մասին»:

«Ի՞նչն է պատճառը: Նույն հայը չէ՞ Արցախում թե այստեղ». ճշտող հարցին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Այո, նույն հայն է: Բնավ էլ մտադիր չեմ արցախցուն վերագրել հատկանիշներ, որ հայաստանցի հայերին հատուկ չէ: Այստեղ, Երևանում վխտում են արցախցիներ, որոնց իրենց հարազատների ճակատագիրը չի մտահոգում կամ էլ մտահոգում է հարևանցիորեն՝ արտահայտվելով ախուվախով, ճառերով, մեկ-երկու գրոշ այս ու այն բարեգործական հաստատությանը նվիրելով: Նրանց հայրենասիրությունը ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա: Պայմանները, որոնց մեջ հայտնվեցին արցախցիները, նրանց սովորեցրին արագ կողմնորոշվել: Ապրելու ու պաշտպանվելու բնազդն ու գիտակցությունը արցախցու մոտ ավելի ցայտուն է: Նա ունեցավ այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք ադրբեջանցիներն են։ Նրանք մեզ սովորեցրին կռվել, ատել, դիվանագիտական խաղեր մոգոնել, կողմնորոշվել անելանելի վիճակներում: Կռվեցինք և տեսանք, որ թշնամին այնքան էլ սարսափազդու չէ, որքան պատկերացնում էինք: Երբ 1992 թվականին ռուսական զորքը պետք է թողներ Ղարաբաղը, Ժուկով անունով մի ռուս սպա, որը պարետ էր, ափսոսանքով ասում էր. «Մեղք եք: Կարծում եմ` երկու-երեք ամսից Արցախում հայ չի մնա: Անիմաստ է դիմադրելը»: Կուզենայի տեսնել այդ ռուս սպային»[169]:

«Այդպես մտածողներ Հայաստանում էլ կային, այն էլ` ոչ քիչ, այն էլ՝ հասարակական հայտնի գործիչներ». խմբագրի դիտարկման առթիվ Ս. Սարգսյանը ամփոփեց. «Շատերն էին ձեռքերը լվացել, բայց Արցախը դիմակայեց և ոչ միայն դիմակայեց»[170]:

«Չգիտեմ, աշխարհում կա՞ մեկ այլ անձ, որին վիճակվել է լինել երկու հանրապետությունների պաշտպանության նախարար: Ո՞ր պաշտոնում էիք Ձեզ ավելի վստահ զգում» հարցի պատասխանն անկեղծ էր. «Իհարկե` Ղարաբաղում։ Այնտեղ ես իմ խնդիրները գիտակցում և անմիջապես լուծում էի։ Այնտեղ միակ խնդիրը կռվելն էր: Դա պարտադրված անհրաժեշտություն էր: Հայաստանում խնդիրները շատ են և խճճված, ծավալները լայն են, ղեկավարները շա՜տ»[171]:

«Աշխարհի տերություններից շատերը Հայաստանն ու Արցախը դիտում են որպես մեկ պետություն: Իսկ մենք համառորեն ժխտում ենք». նկատառմանը Ս. Սարգսյանը չհամաձայնեց՝ փաստելով մի նրբին խնդրի մասին, որին հայ ժողովուրդը հետագայում բախվեց 2018թ. ՀՀ-ում իշխանությունը զավթած դրածոների սխալ (նպատակաուղղված) քաղաքականության հետևանքով: «Միայն մեր ցանկությամբ չէ, որ առաջնորդվում ենք,-ասել է Ս. Սարգսյանը,- տարօրինակ է, բայց Ադրբեջանն է, որ ջանասիրաբար «ուզում է միավորված տեսնել Արցախն ու Հայաստանը»: Նա միշտ ձգտում է ապացուցել, որ կռվում է Հայաստանի դեմ»[172]:

Խմբագրի «Երևի նրանց համար համեմատաբար պատվաբեր է Հայաստանից պարտվել, քան մի փոքրիկ երկրից». դիտարկմանը ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց. «Դա հարցի մի կողմն է: Այո, նաև ամոթի զգացումը։ Եկ ու ամերիկացուն համոզիր, որ տնտեսական հզոր լծակներ ունեցող Ադրբեջանը, որը մարդուժով 80 անգամ գերազանցում է Արցախին, պարտվում է նրանից: Ադրբեջանը սովետական բանակից նվեր ստացավ 300 տանկ, մենք ունեինք ընդամենը 8-9 հատ: Ադրբեջանը ուներ Արցախը կուլ տալու ախորժակ ու նպատակ, մենք՝ մեր հողը պաշտպանելու կամք ու կորով: Բոլորին է պարզ, որ Արցախը իր թիկունքում զգում էր Հայաստանի շնչառությունը, որ Հայաստանը օգնում է Արցախին։ Թուրքիան էլ է օգնում Ադրբեջանին, բայց մենք չենք պնդում, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի պետություն են»[173]:

Համամիտ լինելով, որ Հայաստանը պատերազմող կողմ ներկայացնելով, Ադրբեջանը միջազգային կազմակերպություններից ու ատյաններից Հայաստանի համար պատիժ է մուրում, խոսակցությունը շարունակվեց ներքին խնդիրների շուրջ:

Խմբագրի՝ «Պարո՛ն նախարար, ուզում եմ խոսել մի հարցի մասին, որը ամբողջ հայ ժողովրդին է հուզում: Սոցիալական անարդարությունը օր օրի ավելի ուժգին է ցնցում մեր կյանքի բարոյական հիմքերը: Շերտավորվում են հարուստների ու աղքատների, արտոնյալների և մոռացվածների հակասական խավեր: Չե՞ք վախենում, որ այդ շերտավորումները թափանցեն բանակ: Իսկ գուցե արդե՞ն թափանցել են:

Հնարավո՞ր է բանակը զերծ պահել այդ աղետավոր երևույթներից» մտահոգությունը ՀՀ պաշտպանության նախարարը փորձել է ցրել հետևյալ պարզաբանումներով. «Բանակը հասարակության մի մասն է: Դրականը թե բացասականը, որ կա հասարակության մեջ, օրինաչափորեն արտացոլվում է նաև բանակում: Լիարժեք բարոյական կացութաձև բանակում կհաստատվի այն ժամանակ, երբ այն կարմատավորվի մեր կյանքում: Բայց տագնապելու հարկ չկա: Բանակը ունի իր օրենքները, և եթե սկսեն գործել դրանք, կարծում եմ՝ շատ ու շատ արատավոր երևույթներ կկանխվեն։ Սովետական բանակի քանդման օրերին շատ հայ սպաներ, ենթասպաներ, որ ծառայում էին այնտեղ, օգտվելով պատեհ առիթից և չդիմանալով գայթակղությանը, զբաղվեցին թալանով ու առուծախով։ Նրանցից ոմանք այսօր ազգային բանակում են և նույն ոգով շարունակում են: Վերջին ամիսներին մի քանի հրամանատարներ ձերբակալվել են»[174]:

Բանակային յուրաքանչյուր տարի նշանավորվում էր նոր սպառազինության հայթայթմամբ, տեխնիկական հնարավորությունների ընդլայնմամբ: Դրանից բացի, մեծածավալ աշխատանքներ էին տարվում ՀՀ ԶՈՒ-ի ղեկավարման և պաշտոնեական-ծառայողական ու միջանձնային հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերը ստեղծելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին շրջանում ՊՆ բազմաթիվ ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործունեությունը կանոնակարգվել է, հստակեցվել են պաշտոնական պարտականությունները և ուժեղացվել է վերահսկողությունը: Այսպես, 1995թ. մարտի 11-ին Ս. Սարգսյանի հրամանով գործողության մեջ են դրվել ՀՀ ՊՆ գլխավոր սահմանային կոմիսարի և ՀՀ ՊՆ սահմանային ներկայացուցչության կանոնադրությունը[175], ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և տեղակալների ֆունկցիոնալ պարտականությունները[176], ՀՀ ՊՆ համակարգում ֆինանսական վերահսկողության կանոնակարգը[177], ՀՀ ՊՆ վարչություններից ու ծառայություններից առաքվող գրությունների գրանցման կարգը[178] և այլն:

Կարևոր նշանակություն է ստացել ՀՀ ԶՈՒ անձնակազմի հասարակական-պետական պատրաստության և դաստիարակության կազմակերպումը, որի արդյունավետության բարձրացման նպատակով 1993թ. սեպտեմբերի 17-ին Ս. Սարգսյանը ստորագրել է համապատասխանաբար № 446[179] և № 447[180] հրամանները:

Պաշտպանության նախարարի հրամաններով «Եռաբլուր» հուշահամալիրում 1993թ. դեկտեմբերի 11-ին ստեղծվել է պահակակետ և զոհվածների հարազատներին տեղափոխելու համար հատկացվել ավտոբուս[181], գործողության մեջ է դրվել ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կանոնադրությունը[182], այնուհետև դրանում լրացումներ կատարելու մասին հրամանը[183], ինչպես նաև ՀՀ ԶՈՒ Սպաների տների, ակումբների և գրադարանների կանոնադրությունները[184], ՀՀ ԶՈՒ պետական պարգևներով պարգևատրման ներկայացնելու կարգի մասին կանոնադրությունը[185]:

Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական հարցերը մշտապես գտնվել են ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում: Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի 1994թ. սեպտեմբերի 13-ի հրամանով[186] դրամական փոխհատուցում է տրվել սպաներին ու ենթասպաներին՝ համաձայն ՀՀ կառավարության 1994թ. մարտի 28-ի համար 133 որոշման հատկացվող անվճար սննդի փոխարեն[187]: Դրամական փոխհատուցմանն են վերաբերում նաև պաշտպանության նախարարի 1994թ. սեպտեմբերի 24-ի[188] և հոկտեմբերի 11-ի[189] հրամանները: 1994թ. մայիսի 24-ին Ս. Սարգսյանը ստորագրել է «Զինծառայողների հուղարկավորությունը և դրա ժամանակ զինվորական պատիվներ տալը կազմակերպելու մասին» հրամանը[190], որով կանոնակարգվել են հիշյալ արարողությունները:

Ռազմաբժշկական ծառայության ոլորտում հաստատվել կամ ստորագրվել են ՀՀ ԶՈՒ-ում թմրեցնող ու թունավոր դեղամիջոցների հետ վարվելու հրահանգը[191], ՀՀ ԶՈՒ սանիտարական հրահանգիչների նախապատրաստման մասին հրամանը[192]:

Կադրային հարցերին պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը նախանձախնդրորեն է վերաբերվել: Հատկապես կարևորել է բարձրագույն սպայական կազմի և սպաների որակավորման հարցը: 1995թ. հունվարի 5-ին պաշտպանության նախարարը հաստատել է ՀՀ ԶՈՒ սպաների ու գեներալների որակավորման մասին կանոնադրությունը[193]:

Ինչպես Արցախի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ ՊՆ-ում պաշտոնավարության շրջանում Ս. Սարգսյանը կարևոր նշանակություն էր տալիս ռազմական-մասնագիտական զանգվածային լրատվության միջոցների ստեղծմանը, որպեսզի արձանագրվեն ինքնապաշտպանության ուժերի հաղթանակները և կայացման պատմությունը, փոխանակվեն առաջավոր փորձը, արծարծվեն տեսամեթոդական հարցեր, կրթեն բանակը, զարգացնեն ժամանակակից ռազմական գիտական միտքը:

Նրա հրամանով 1993թ. մարտի 16-ին հիմնադրվել է ԻՊԿ «Մարտական թերթիկ» (5-րդ համարից՝ «Մարտիկ») պաշտոնաթերթը[194], որը «պարբերաբար տպագրում էր ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ ԻՊԿ նախագահի հրամանները, որոնցում ներկայացվում էին ձեռքբերումները և թերությունները, ինչպես նաև, լուսաբանվում էին մարտերի ընթացքը, տպագրում ակնարկներ հերոսների մասին։

168.am

← Վերադառնալ ցուցակին