Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /14-րդ մաս/
30.06.2024
Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան: Հայոց ազգային բանակի ստեղծման գործում Վ. Սարգսյանի գործը հաջողությամբ շարունակեցին պաշտպանության նախարարներ Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը և հետագա մյուս պաշտպանության նախարարները: Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում:
Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և դարձավ նրա ամենամեծ ձեռքբերումը։ Լավ կազմակերպված հայոց բանակում ծառայելը դարձավ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործը։ 1994թ. զինադադարից հետո ադրբեջանական իշխանությունների բազմիցս հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները, ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիքներն ու ագրեսիվ նկրտումները ՀՀ զինված ուժերից պահանջում էին մշտապես ապահովել բարձր մարտական պատրաստվածություն, մարտունակություն և զգոնություն: Ուստի ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի կազմակերպական հմտություններն ու նախորդ տարիների հաջողված փորձն անմնացորդ նվիրվեցին ՀՀ ԶՈՒ բարձր մակարդակի մարտական պատրաստության պահպանմանը, բանակի զորային կառույցի կուռ համակարգի ստեղծմանը, նյութատեխնիկական և ֆինանսական անխափան մատակարարման համակարգի ներդրմանը, ԶՈՒ-ի գործունեության օրենսդրական ապահովմանը, միջազգային ներգրավման ու պաշտպանական-անվտանգային փոխլրացնող բաղադրիչների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը:
1994թ. հաջորդած տարիներն առանձնահատկ էին բանակաշինության համար: Տեղի էր ունենում այսպես կոչված դաշտային (մարտնչող) բանակից անցում զորանոցայինի, որտեղ առաջանցիկ էր ինտենսիվ մարտական պատրաստությունը՝ զուգորդված մշտական մարտական խնդիրներ կատարելով: Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի և նրա հաջորդների նպատակասլաց ղեկավարությամբ հսկայական աշխատանք կատարվեց ԶՈՒ-ի մարտական պատրաստության ասպարեզում: Ամենօրյա տքնաջան աշխատանքները զորքերի մարտունակության բարձրացման, հրամանատարական բոլոր օղակների պատրաստության, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ստեղծման, զորամասերի կազմավորման կամ վերակազմավորման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տեսանելի արդյունքներ էին տալիս:
Զորամասերում կառուցվող հրաձգարաններում, տանկային ուղեգծերում, հրազենահրետանային կամ լազերային հրաձգարաններում, մարտավարական ուսուցման փորձադաշտերում զորատեսակների անձնակազմերը պարբերաբար կատարելագործում էին մարտավարամասնագիտական ունակությունները, ներդաշնակ գործելու հմտությունները: Զինված ուժերի առաջընթացը տեղի էր ունենում բնականոն հունով, բանակաշինության առաջնահերթություններն ու գերակայությունները որոշվում կամ ճիշտ ժամանակին փոփոխվում էին ռազմարվեստի զարգացման միտումների և առաջնագծում օպերատիվ-մարտավարական իրադրության թելադրանքով:
«Պաշտպանության նախարարի ցանկությունները պետք է իրական հիմք ունենան». այս համոզմունքով ՀՀ պաշտպանության նախարար Ս Սարգսյանը գերատեսչական պաշտոնաթերթին տված հարցազրույցում ներկայացրել է ազգային բանակի իր տեսլականը. «Ես կուզենայի տեսնել այնպիսին, ինչպիսին կկարողանանք այն դարձնել: Թվաքանակով քիչ, մարտունակությամբ և զինվածությամբ կատարյալ բանակ, որտեղ բոլոր օղակները գործում են համամասնորեն, որպես մեկ օրգանիզմ: Եվ ամենակարևորը՝ կարգապահ բանակ, որը կազմված կլինի հիմնականում պարտադիր ծառայության զինվորներից և մեծ պատրաստականություն ունեցող կադրային սպայական կազմից: Ուժեղ հակաօդային, հակատանկային պաշտպանություն՝ ավելի քիչ տեխնիկա, ավելի մեծ արդյունավետություն։ Սա ցանկություն չէ, սա նպատակ է, որը ձգտում ենք իրագործել և կիրագործենք»[165]:
«Ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանա՞կն է» հարցին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Նաև այո, բայց որպես ուղեցույց ունենալով մեր հանրապետության պայմանները: Օրինակ` հզոր օդուժ ունենալը շատ թանկ է, և հանրապետության ներկա տնտեսական պայմաններում դրան ձգտելը նպատակահարմար չէ, նույնքան թանկ է դրա սպասարկումը: Փոքր հրթիռով միշտ էլ կարելի է մեծ ինքնաթիռ խփել»[166]:
Անդրադառնալով զորակոչին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նկատել տվեց. «Աշնանային զորակոչը հիմնականում գնաց այն հունով, որով նախատեսել էինք: Պետք է շեշտեմ, որ Պետական զորակոչային հանձնաժողովի նախագահը պետնախարար Վազգեն Սարգսյանն էր: Նա իր վրա վերցրեց այդ զորահավաքի կազմակերպման ծանրությունը։ Այս զորակոչը կազմակերպվեց այլտարածքային սկզբունքով։ Շտկվեցին նախորդ զորակոչի ժամանակ թույլ տրված սխալները: Թարմություն մտցվեց բժշկական ծառայության մեջ, և վստահորեն կարող եմ ասել, որ բանակը համալրվեց ավելի առողջ երիտասարդներով: Թերություններ կան, մենք տեսնում ենք դրանք և ձգտում ենք վերացնել»[167]: