Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /18-րդ մաս/

30.06.2024

 Մեկնարկեց Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մ. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների արդիականացման ծրագիրը, մշակվեց «Թումո-բանակ» ծրագիրը, որով նախատեսվում էր ՏՏ ոլորտի պարտադիր կրթություն ապահովել բոլոր ժամկետային զինծառայողների համար:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց զինհաշմանդամների համար տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը»[232]: Այն դառնալու էր զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական կենտրոն:

2017 թվականը նշանավորվեց առաջնագծի՝ ժամանակակից միջոցներով հագեցմամբ և անվտանգության ապահովման պայմանների բարելավմամբ, զինված ուժերը արդի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրմամբ, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի հայցմամբ:

2017թ. մարտական ծառայությունում ներդրվել են ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար: Այդ տեսակի մշակումներով ՀՀ ռազմական արդյունաբերությունը աստիճանաբար դառնում էր ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, որի արդյունավետ աշխատանքի արդյունքում միջազգային շուկաներում Հայաստանը զենք-զինամթերք ներկրող երկրից կվերածվեր արտահանողի:

2018թ. բյուջեի նախագծով նախատեսվում էր պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացնել 27 մլրդ դրամով, որի զգալի մասը ուղղվելու էր հիմնականում զենք-զինամթերքի և սպառազինության ձեռքբերմանը: 2017թ. վերջին ավարտվեց 200 մլն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարումը: Հայոց բանակը փայլուն դրսևորեց իրեն՝ հյուրընկալելով ՀԱՊԿ խոշորագույն զորավարժությունը՝ մասնակցելով երկկողմ և բազմակողմ վարժանքների դաշնակից ու գործընկեր երկրներում:

Հայ զինվորը շարունակում էր բարձր պահել մեր երկրի դրոշը Կոսովոյում և Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում՝ մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին: 2017թ. ՀՀ պաշտպանական ոլորտի առանձնահատկություններից էր ռազմական գիտական հարաբերությունների զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը պաշտոնական այցերով եղել է Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Վրաստանում, Հունաստանում, Կիպրոսում և Չինաստանում[233]:

Հանդիպումներում քննարկվել են ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրեր, ստորագրվել են պաշտպանական ոլորտի համաձայնագրեր: 2016-2017թթ. իրականացված պաշտպանական ոլորտի բարեփոխումներն իրենց նպաստն են բերում երկրի անվտանգության ամրապնդման ու խաղաղության պահպանմանը:

ՀՀ ԶՈՒ-ի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջ էր, ինչը թելադրված էր ընթացիկ և ապագայի մարտահրավերներով: ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման նպատակով ՀՀ նախագահի ղեկավարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետևողական ջանքերով մշակվեց բանակի արդիականացման նոր՝ յոթնամյա (2018-2024 թթ.) ծրագիր:

2018թ. հունվարի 31-ին ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը[234]: ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագրի նախագծի մշակման հանձնարարականը նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին Հանրապետության նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև պաշտպանության նախարարությունում[235]:

Պարզաբանելով, որ 2018-2024 թվականների զարգացման ծրագիր կազմելու՝ պաշտպանության նախարարին տրված հանձնարարականը պայմանավորված էր տարածաշրջանում ձևավորվող նոր մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալու անհրաժեշտությամբ, նախագահ Ս. Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Տեսանք՝ հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների: Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ:

Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել. իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք»,-ասել է Հանրապետության նախագահը:

Անվտանգության խորհուրդը լսելով 2018-2024 թվականների զարգացման ծրագրի մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զեկուցումը և քննարկման արդյունքում հավանություն տալով ներկայացված մոտեցումներին՝ հանձնարարել է կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացքավորել դրանք ու ներկայացնել նախագահի հաստատմանը: Քննարկումներից և լրամշակումներից հետո ծրագիրը հաստատվեց 2018թ. փետրվարին:

ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանի ելույթը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ պատկերացում է տալիս նրա ղեկավարությամբ ԶՈՒ-ի զարգացման ու հաջողությունների, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում առաջնահերթ խնդիրների մասին, որոնց լուծումը, անշուշտ, կապահովեր ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության լիարժեք մակարդակ, եթե երկու հայկական հանրապետությունները չստանային թիկունքին հասցված դավադիր հարված այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շղարշով:

ՀՀ երրորդ նախագահի գործելաոճին հատուկ էին օպերատիվ հավաքներում, ավանդական հանդիպումներում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջև դրվող խնդիրների պարզաբանումը, ինչպես նաև միասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը, համատեղ աշխատանքի արդյունավետության ստուգումը:

Նրա իսկ խոսքերով. «Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը: Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունը: Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսևորումներից մեկը»[236], ապագա ծրագրերի շուրջ միասնական պատկերացումներ, տեսակետներ և մոտեցումներ ձևավորելու նպատակով մտքերի կփոխանակման միջոց:

ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը առաջնահերթ խնդիր է համարել պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին, մասնավորապես՝ փոփոխության էր ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ:

Դա ամենևին չէր նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ Զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:

Արձանագրելով, որ «արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ», ՀՀ երրորդ նախագահը փաստել է այդ աշխատանքների շարունակական բնույթ կրելու մասին: Առաջադրված խնդիրների լուծման հաջողությունը պայմանավորվում էր պաշտպանության բնագավառի պաշտոնյաների ճկունությամբ՝ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ համագործակցելու առումով: Նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում կարևոր պահանջ է դառնում ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրելը, այլև դրանք լավագույնս իրականացնելը՝ բացառելով այդ երկուսի միջև որևէ խզում կամ, առավել ևս, թերացում:

Պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատման, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացման նպատակով, նշված փոփոխությունների և Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում, 2018թ. աշնանը նախատեսված «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը ներառելու էր ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարության՝ փորձարկելու սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործելու դրանք։

ՀՀ երրորդ նախագահը հիմնավոր պատճառներ է նշել բանակը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կարևորագույն գործոն համարելու համար: «Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում Զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են,- համոզված էր Ս. Սարգսյանը,- 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին»[237]:

ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ռազմավարությունը հետևյալն էր. «պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հաշվեկշիռը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»[238]:

Դրան հասնելու ճանապարհին ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է. «Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր Զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին:

Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան»[239]:

Կառավարման համակարգի արդիականացումը, կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները ՀՀ երրորդ նախագահը համարում էր ոչ թե կրճատումները, այլ գործառույթների հստակեցումը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծումը, Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը՝ որպես աշխատանքի պարտադիր պայման:

Փաստելով, որ պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը պահանջում էր գնումների գործընթացում հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացման միջոց էր համարվում ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու պատասխանատու ստորաբաժանումների ունակությունների զարգացումը: Մյուս եղանակները գնումներ իրականացնելիս միջնորդ կազմակերպությունների ծառայություններից հնարավորինս խուսափելն էր, ինչպես նաև մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները բացառելը:

Սահմանելով, որ «ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը», ՀՀ երրորդ նախագահը կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ հռչակում էր յուրաքանչյուր պետի ծառայության անբաժանելի մասը: «Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն,- հատկանշում էր ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը,- ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»[240]:

Նշելով, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի, ՀՀ երրորդ նախագահը այս հարցում ՀՀ-ի հիմնական դաշնակիցը և գործընկերը համարում էր Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկը, և որի հետ ՀՀ-ն ունի հստակ պայմանավորվածություններ։ «Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն,-փաստում էր Ս. Սարգսյանը,- այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները»[241]:

Սպառազինությունների մրցավազքում ՀՀ երրորդ նախագահը վարում էր ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում էր սպառազինության արդյունավետության վրա: Նրա հավաստիացմամբ՝ «ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-1995թթ. ստորագրած պայմանագրերի պարտավորություններն ու դրույթները»[242]:

ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը կարևորում էր սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը բարձրացնելը. «Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է»[243]:

Հայաստանի կառավարությունն իր գործունեության առաջնահերթություններից համարելով հայրենական ռազմարդյունաբերությունը՝ ծրագրեր է մշակել դրա արտադրությունը մրցունակ դարձնելու համար։ Այդ նպատակով ստեղծվելու էին արտահանման համար որակական և գնային առումներով մատչելի նմուշներ արտադրելու նախադրյալներ: Գերնպատակը ռազմական արդյունաբերությունը ոչ միայն մեր Զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը դարձնելն էր: ՀՀ երրորդ նախագահը կարևորում էր նորը կառուցելու և ունեցած ներուժը իրացնելու ոգևորությամբ տոգորված երիտասարդ գիտնականների ներգրավումը, ռազմարդյունաբերության ոլորտում «գիտական վաշտ» ձևավորելու գաղափարի իրականացումը, նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները:

Ռազմադիվանագիտական կապերը խորացնելու և դաշնակցային պարտավորություններին հավատարիմ մնալու, խաղաղապահ առաքելությանը մասնակցելու միջոցներով հետևողականորեն բարձրացվում էր հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը: Դրա շնորհիվ ՀՀ-ն ոչ միայն ընդարձակում էր ռազմական ոլորտում միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք էր բերում նոր բարեկամներ և գործընկերներ։

Օգտագործվում էին ռազմական կրթության ոլորտում ստեղծված լայն հնարավորությունները: ՀՀ երիտասարդ քաղաքացիները հնարավորություն ունեն կրթություն ստանալու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և այլ երկրների ռազմաուսումնական հաստատություններում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է առաջնակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը համարվել է ապագա ունենալու կարևոր երաշխիք:

Զինված ուժերում առկա սոցիալական խնդիրները ոչ միայն հասարակության, այլև կառավարության ուշադրության կենտրոնում են: Ռազմաքաղաքական ղեկավարության պարտքն էր համակարգային մոտեցում ցուցաբերել զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում էր առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ էր: ՀՀ երրորդ նախագահը կարծում էր, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Նա բարձր էր գնահատում ինչպես այդ հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները, որոնք ինչ-որ չափով մեղմել են եղած խնդիրը: Ստեղծվում էին նախադրյալներ տարիների ընթացքում հիմնադրամին այնպիսի հնարավորություններով օժտելը, որոնք հնարավորություն կտային ավելի խորացնելու մեկնարկած աշխատանքները:

Իրականացվում էին բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանար: Դրա համար նախատեսվում էր տրամադրել հիպոթեքային վարկ, և 20 տարիների ընթացքում սպան մարելու է միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով:

Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել էր միայն բարձր կարգապահությունը: Բանակն իսկապես ՀՀ ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում էր, ուստի բոլորի կատարած ահռելի աշխատանքի վրա ստվեր գցող որոշ ամոթալի դեպքերն արժանանում էին զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն էին: Ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի էր ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի էր: «Որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի,- հատկանշել է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը,- այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին»[244]:

Նա պահանջում էր ինքնակատարելագործումը և մեթոդական պատրաստությունը դարձնել ամենօրյա ծառայության անբաժան բաղկացուցիչը, ընթերցանությամբ ձեռք բերել տեսական գիտելիքներ և կիրառել գործնականում:

ՀՀ ԶՈԻ գերագույն գլխավոր հրամանատարը ժամանակակից հայ զինվորականի վարքականոնի դրույթներն է ձևակերպել. «Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի և զարգանա: Ուսուցման և աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ»: Բոլորից՝ թե՛ ղեկավարներից և թե՛ ենթականերից որևէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց չթողնելը, ինքզինքը և կողքինների նկատմամբ խստապահանջ լինելը (որի հիմքում անձնական օրինակը պետք է լինի), սեփական սխալներն առաջինը տեսնելու, դրանք չկրկնելու համար անհրաժեշտ հետևություններ անելը զինվորականի պարտքն են:

Ուշագրավ է ելույթի եզրափակիչ մասը՝ ինչպես ընթացիկ վիճակը բնութագրելու, այնպես էլ 2018 թ. պատուհասած «հայաստանյան «գարնան» աղետալի հետևանքները հասկանալու համար: «Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին,- փաստում է ՀՀ երրորդ նախագահը,- մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք բերկրանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է:

Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում և հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը»[245]:

Բոլոր ծրագրերը, նախատեսված քայլերը և առաջադրված խնդիրներն ու նպատակները խափանվեցին հաշված օրեր անց պատուհասած՝ անունով «թավշյա», բայց էությամբ ու հետևանքներով՝ ժողովրդի համար արյունալի, իսկ հայկական պետականության համար մահացու վտանգներ պարունակող «հեղափոխությամբ»:

168.am

← Վերադառնալ ցուցակին