Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /17-րդ մաս/

30.06.2024

 ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՀՀ ԶՈՒ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՎԱՆԴԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Տակավին պաշտպանության նախարարի պաշտոնավարության ժամանակ սկսված ռազմաարդյունաբերական ոլորտի բարեփոխումների գործընթացը նոր թափ առավ Ս. Սարգսյանի նախագահության շրջանում: Մշակվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության հայեցակարգի և ռազմարդյունաբերական զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրեր: 2010 թվականից ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման գործընթացը մտավ հայեցակարգային բնույթի որոշումների կատարման փուլ, գործնականում սկսեց իրականացվել «ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագիրը»:

Հիմնական խնդիրները մարտական ներուժի, մարտական ու զորահավաքային պատրաստականության պահպանումն էր այն մակարդակում, որը երաշխավորված ձևով ապահովում էր ՀՀ ինքիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության, պետական սահմանի հուսալի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը:

Զգալի աշխատանքներ կատարվեցին պաշտպանական շրջանների, զորամասերի և ստորաբաժանումների դիրքերի ինժեներական ամրացման ասպարեզում: Զորային կառույցի բարեփոխման նպատակով տեղի ունեցան որոշակի կառուցվածքային փոփոխություններ, վերակազմավորվեցին մի շարք զորամասեր ու ստորաբաժանումներ, ինչի արդյունքում բարձրացավ դրանց մարտունակության աստիճանը, մեծացան կրակային խոցման հնարավորությունները: Լուրջ ուշադրություն դարձվեց մարտական պատրաստականության խնդիրներին` մարտավարաշարային տարբեր զորավարժություններին ու զորախաղերին: Պաշտպանության բանակի 2011 թվականի հակահարձակողական զորավարժությանը անձամբ մասնակցեց ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանը[220]:

Զորավարժությունն անցավ պատշաճ մակարդակով և տարբերվում էր ինչպես իր ծավալով, այնպես էլ ղեկավարման համակարգի կատարելագործմամբ, մարտավարական խնդիրների կատարման որակով, ինժեներական աշխատանքների պատշաճ իրականացմամբ ու նաև կրակային պատրաստության, կրակային խոցման մեծ չափերով. դրանք օգնում էին զինվորին իրեն առավել ապահով զգալու իսկական մարտադաշտում, հոգեբանորեն վարժվելու «մարտ» հասկացության պայմաններին:

Բանակն ամեն տարի կատարելագործվում էր, դառնում ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, կարգապահ: Հատուկ ուշադրություն էր դարձվում հակաօդային պաշտպանությանը, ավիացիայի, հրետանու, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային զորամասերի և ստորաբաժանումների կատարելագործմանը: Բանակի արագաշարժությունը ապահովելու համար այն համալրվել է զինված պայքարի առաջատար բոլոր միջոցներով:

Զորամիավորումների և զորամասերի մարտական պատրաստության խնդիրների հաջող կատարման համար վերամշակվեցին և գործողության մեջ դրվեցին մարտական պատրաստության նոր, արդիական ծրագրեր, ինչպես նաև մարտական կանոնադրություններ, հրահանգներ, սպաների և ենթասպաների հրամանատարական պատրաստության ծրագրեր, հրաձգային և մարտական մեքենաների վարման դասընթացներ: 2009թ. անցկացվեցին դաշտային երթեր, շտաբային զորավարժություններ ու մարտավարական մարզումներ, որոնք զինված ուժերի պատմության մեջ ծավալով առաջինն էին: Աննախադեպ էր նաև զորամիավորումների մարտական պատրաստության բաժինների և զորամասերի հրամանատարների ստուգողական հավաքը:

2010թ. համարվեց «Գիտելիքների տարի»: Այդ տարում մեծ ուշադրություն դարձվեց զինծառայողի անհատական պատրաստությանը` կարևորելով մասնագիտական որակների կատարելագործումը` մարտական վարպետության աստիճանը, ունակություններն ու հմտությունները, ֆիզիկական և հոգևոր պատրաստվածության մակարդակը: Չափազանց կարևոր է, որ Ս. Սարգսյանի նախագահության տարիներին, հատկապես ուսումնական գործընթացում, զորավարժությունների ժամանակ ձեռք բերված գիտելիքները օգտագործվում էին սահմանների պաշտպանությունը, մարտական խնդիրների կատարումը կատարելագործելու նպատակով: Սրա վկայությունը 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք դեպքերն են, երբ սահմանը խախտած դիվերսանտները անմիջապես վնասազերծվեցին հայ զինծառայողների կողմից:

Օրինակ՝ 2010թ. հուլիսի 13-ին Քարվաճառում տեղակայված զորամասի պահպանության գոտում պետական սահմանը խախտած հակառակորդի զինված խումբը հայկական ուժերի կողմից ստացավ արժանի հակահարված և ստիպված եղավ նահանջել: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին ՊԲ N 49971 զորամասի պահպանության գոտի ներխուժած հակառակորդը մեր զինծառայողների աչալրջության և քաջության շնորհիվ ստացավ արժանի հակահարված: Այդ նույն ժամանակ մեր զինվորը, ձեռնամարտում հաղթելով հակառակորդի հատուկ ստորաբաժանման դիվերսանտին, ձերբակալեց նրան:

Նույն տարում N 70179 և N 51191 զորամասերի հայ զինվորները, վտանգելով իրենց կյանքը, փրկեցին համածառայակիցների կյանքը, վնասազերծեցին ադրբեջանցի դիվերսանտներին: 2011թ. հոկտեմբերին ՀՀ նախագահն այցելեց Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահության ժամանակ ադրբեջանական դիվերսանտներին վնասազերծած Արտակ Ղաբուզյանին և նրա հերոսության համար իբրև նվեր ընտանիքին հատկացրեց երեքսենյականոց բնակարան[221]:

Պաշտպանական բարեփոխումների շրջանակում չափազանց կարևորվում էր հայկական բանակի սպառազինության մակարդակը: 2000-2012թթ. տեխնիկական ապահովման ջանքերն ուղղվեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի ու անխափան շահագործմանը, տեխնիկական համակարգի կատարելագործմանը, հրթիռների, զենքի, զինամթերքի, պահեստամասերի և ռազմատեխնիկական ունեցվածքի պաշարների կուտակմանը:

Պետական պատվերի ձևով հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում սկսվեց պաշտպանական նշանակության արտադրատեսակների մշակման, արտադրական տեխնոլոգիաների ստեղծման և արտադրության նպատակային ֆինանսավորման գործընթացը: Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպություններն իրականացրին պետական պաշտոնական պատվերների կատարման աշխատանքներ` նպատակ ունենալով ՀՀ զինված ուժերը մատակարարել սեփական արտադրության զինատեսակներով և նյութատեխնիկական պաշարներով, նորոգել, արդիականացնել շահագործվող սպառազինությունը և ռազմական տեխնիկան, ստեղծել նոր փորձանմուշներ: Մասնավորապես, մեծ են հաջողությունները օպտիկա-էլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետազոտման ու խոցման համալիր նմուշների պատրաստման գործում:

2010-2012թթ. շարունակվեց հայոց բանակը տեխնիկայով համալրելու գործընթացը: ՀՀ ԶՈՒ-ն համալրվեց հակաօդային պաշտպանության համակարգերով, կրակային խոցման նորագույն միջոցներով, հաջողվեց ստեղծել զինամթերքի լուրջ պաշարներ: Շարունակվեց սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացումը հայրենական արտադրության միջոցներով: Սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու մարտական կիրառման ուսուցման և հմտությունների ձեռքբերման նպատակով մշակվել ու արտադրվել են տարբեր վարժասարքեր, ստեղծվել է ուսումնական հայրենական նյութատեխնիկական բազա, մշակված և արտադրության մեջ ներդրված սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ ցուցադրվել են արտերկրյա ցուցահանդեսներում:

Որոշ համակարգեր և համալիրներ հիմք են հանդիսացել արտերկրի հետ կոոպերացիոն կապերի ստեղծման և ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար: 2011թ. նոր թափով ընթացան հայրենական արտադրության արտադրատեսակների մշակումն ու վարժասարքերի նորոգումը: Առաջին անգամ ՀՀ արտադրատեսակները հաջողությամբ ներկայացվեցին արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանում կազմակերպված «Ժուկովսկու մեքենաշինական տեխնոլոգիաներ» և Սալոնիկի «Defences-2010» միջազգային ցուցահանդեսներում: Տարին նշանավորվեց նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Բելառուսի, Խորվաթիայի հետ ռազմատեխնիկական կապերի ամրապնդմամբ[222]:

2011թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակՀանրապետության հրապարակում առաջին անգամ ցուցադրվեցին 9472 «Էլբա» օպերատիվ մարտավարական և 9479-1 «Տոչկա» հրթիռային համալիրները, ինչպես նաև Ս-300 ԶՀՀ-ները:

Բացի այդ, որպես նորություն, ցուցադրվեցին հայկական արտադրության «Կռունկ»-25 անօդաչու թռչող ապարատները (ԱԹԱ-ներն ու տեխնիկական այլ նմուշներ) և այլն: Այս զորահանդեսին առանձին շարասյունով մասնակցեցին հատուկ նախանշանակման ստորաբաժանումները, սահմանապահները, ներքին զորքերը, ոստիկանությունը, Ռուսաստանի Դաշնության զորքերը և այլն: Բանակ-հասարակություն կապի ու ժողովրդական համախմբվածության առումով խիստ խորհրդանշական էր հոգևորականների, ազատամարտիկների առանձին շարասյուների անցումը Հանրապետության հրապարակով: Անչափ կարևոր էր, որ ժողովուրդը զգար բանակի ուժը, իսկապես համոզված լիներ, որ ինքը պաշտպանված է հուսալիորեն: Այս տեսանկյունից նույնպես սեպտեմբերի 21-ի զորահանդեսը ծառայեց իր նպատակին:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների շրջանակում բավական մեծ աշխատանք կատարվեց բանակ-հասարակություն կապի զարգացման ուղղությամբ: 2009թ. այդ նպատակով ստեղծվեց հասարակական խորհուրդ, որը ակտիվ աշխատանք տարավ գիտության և կրթության ոլորտի մասնագետների կողմից՝ «Պատմություն և մշակույթ» խորագրով հայկական զորամասերում դասախոսություններ կարդալու, զինվորների ռազմահայրենասիրական, դաստիարակության բարձրացման համար: Նույն տարում ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարների մայիս ամսվա համատեղ որոշմամբ վերանայվեց նախկինում ՀՀ հանրակրթական դպրոցները ՀՀ զինված ուժերին կցագրելու վերաբերյալ հրամանը, և հանրապետության 450 կրթօջախներ կցագրվեցին զինված ուժերի զորամասերին: Կահավորվեցին ռազմագիտական լսարաններ, մեծ աշխատանք կատարվեց նաև բանակ-բուհեր կապի ամրապնդման ուղղությամբ, հանրապետության առաջատար բուհերը կցագրվեցին ՊՆ ղեկավար անձանց: Այդ համագործակցությունը կարևոր էր մանավանդ ռազմական ոլորտում հանրապետության գիտական ներուժի օգտագործման տեսանկյունից:

2011թ. ձմեռային ուսումնական շրջանը ՀՀ ԶՈՒ-ում հայտարարվեց «Կարգապահության ամրապնդման կիսամյակ»: Զգալիորեն նվազեց կարգապահական խախտումների հետևանքով պատահարների թիվը: 2010-2012թթ. ՀՀ զինվորական դատախազությունը քննչական ծառայության հետ և հասարակության աջակցությամբ շարունակեց հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձին համարժեք պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Դա էլ իր հերթին նպաստեց կարգապահության բարձրացմանն ու հանցավորության նվազմանը: Բանակում կարգապահությանը նպաստեցին նաև ՊՆ զանգվածային լրատվության միջոցներում պարբերական անդրադարձերը, դատական նիստերի լուսաբանումը և այլն:

Ձեռքբերումներով հանդերձ` կարգապահական կոպիտ խախտումների հետևանքով տեղի ունեցան արտակարգ պատահարներ, ցավոք, նաև մահվան ելքերով, որոնք հասարակական մեծ հնչեղություն ստացան: Կարգապահական խախտումների բացառմանն ուղղված աշխատանքում իրականացվեցին համալիր միջոցառումներ:

2009-2012թթ. զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանն ու արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումները ողջ անձնակազմին հասցնելու համար ՀՀ ԶՈՒ-ում մեծածավալ աշխատանքներ կատարվեցին: Մահվան ելքով պատահարները հանգեցրին նրան, որ որոշում ընդունվեց 2012թ. առաջին կիսամյակում կարգապահությունը խթանող միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Բազմիցս ընդգծվել է, որ միջադեպերի կրկնության պատճառ են դառնում նաև զենքի օգտագործման կանոնների խախտումները և միջանձնային հարաբերությունները, որոնք պարունակում են նաև զինվորի ինքնահաստատման խնդիրը: Պատահական չէ, որ 3,5 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով կանոնադրական խախտումների ու ծառայողական կոպիտ սխալների համար զբաղեցրած պաշտոններից հեռացվել են զորամասերի 30 հրամանատարներ, որոնք փոխարինվել են ավելի բարձրակարգ կադրերով:

Ծառայությունից հեռացվել են վարչության պետերի աստիճանից բարձր 10 հոգի, իսկ ևս 10 հոգի ստացել են խիստ նկատողություն: Ձեռնարկված վճռական միջոցառումներով հանդերձ` բանակային ծառայության հիմնական թերությունները շարունակել են մնալ հովանավորչությունն ու բանակային ծառայությունից խուսափելու դեպքերը:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության ստեղծումից հետո ամենաանհրաժեշտ քայլերից մեկը ծառայության գործունեության կանոնադրության և ծրագրերի ստեղծումն էր: Սակայն ոչ պատմական վավերագրերը, ոչ էլ արտասահմանյան երկրների փորձը չեն բավարարել ժամանակակից պայմաններին, ուստի երկու տարվա աշխատանքներից հետո կազմվել է «Հոգևոր ծառայության կանոնադրություն», որով հստակեցվել ու կանոնակարգվել են բանակում հոգևորականի գործունեության դաշտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: 2000թ. սեպտեմբերի 14-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրել և հաստատել են այդ Կանոնադրությունը[223], որը դարձել է ԱՊՀ երկրներում իր տեսակի մեջ առաջին պաշտոնական փաստաթուղթը[224]:

Բավական աշխատանքներ տարվեցին նաև թիկունքում: Այստեղ հիմնական խնդիրներն էին բանակին վառելիքաքսուքային նյութերով և պարենով ապահովելը՝ մարտական գործողություններ վարելու համար, ինչպես նաև ճգնաժամային իրադրություններում նյութատեխնիկական միջոցների պաշարներ ստեղծելը, գնագոյացման ընդհանուր քաղաքականություն ձևավորելը:

2000-2011թթ. նշանավորվեց ՀՀ զինված ուժերի սպայական կազմի երիտասարդացման և հմուտ կադրերի պատրաստման գործընթացով: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ընդլայնելով գործունեության ոլորտը` ներառեց սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը: Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը սկսեց վերապատրաստել նախկինում միջնակարգ զինվորական կրթություն ստացած սպայական կազմը և զուգահեռ պատրաստել երկու նոր մասնագիտություններով սպաներ` հակաօդային պաշտպանության և կապի գծով: Վերոնշյալ տարիներին հայ կուրսանտները ուսումնառության են մեկնել ոչ միայն Ռուսաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, այլ նաև Իտալիայի ու Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններ:

2000-2012 թթ. զգալի աշխատանք է կատարվել ինչպես զինծառայողների, այնպես էլ հաշմանդամ դարձած, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 1152 հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին բնակարաններ ձեռք բերելու համար տրվել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն: Սկսած 2004թ. հունվարի 1-ից` ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամների` սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակները, ըստ տարիների, համապատասխանաբար ավելացել են 20 %-ով: Բացի հաշմանդամներից՝ տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի և հանգստի պայմանները: Լուծումներ են տրվել զինծառայողների սոցիալական և հատկապես բնակարանային խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը կառուցել և վերակառուցել է մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որոնցից Երևան քաղաքում՝ մոտ 90

զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող[225]: ՀՀ զինված ուժերի համալրումը շարունակում է իրականացվել խառը սկզբունքով` ժամկետային և ընդլայնվող պրոֆեսիոնալ ծառայությունների արդյունավետ զուգակցմամբ:

ՀՀ զինված ուժերի կարևորագույն խնդիրն էր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանների հուսալի պաշտպանությունը, ինչի համար մեծածավալ աշխատանքներ են իրականացվել` մարտական հերթապահության, ինժեներական սարքավորումների կատարելագործումից մինչև հակառակորդի ոտնձգությունների կանխարգելում կամ հակահարված հասցնել: Դրան ՀՀ զինված ուժերը հետևողականորեն պատրաստվում էին և պատրաստության աստիճանը ցուցաբերում ինչպես զորավարժություններում, միջազգային մրցախաղերում, այնպես էլ սահմանների նկատմամբ ոտնձգություններ կատարող հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին (ԴՀԽ) համարժեք պատասխան գործողություններում, ինչը Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի սպառնալիքները կանխարգելելու կամ չեզոքացնելու փորձված միջոցն էր:

ՀՀ պաշտպանական ոլորտի բարեփոխումները նոր թափ ստացան 2016թ. հոկտեմբերից, երբ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Երկրի նախագահը, ներկայացնելով նոր նախարարին, շեշտեց Զինված ուժերի արդիականացման, բանակ-պետություն կապի ամրապնդման և քաղաքացիական վերահսկողության ամրապնդման անհրաժեշտությունը[226]:

Նորանշանակ նախարարն առաջ քաշեց «Ազգ-բանակ» հայեցակարգը և դրանից բխող մի շարք ծրագրեր: ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում արձանագրված է, որ «ազգ-բանակն ավելին է, քան ազգային բանակը, քանզի ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը հենց ինքը՝ ազգն է»[227]:

Ըստ «Ազգ-բանակ» հայեցակարգի՝ ազգ-բանակը այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում, ճիշտ հակառակը, բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը: Ազգ-բանակը այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր զինված ուժերն ու իր սպայական անձնակազմը[228]:

Ակնհայտ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հիմնադրույթների ձևով ներկայացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը միանգամայն պահանջված էր ու հույժ կարևորելի դրա կիրառումը ստեղծված պայմաններում, երբ թշնամաբար տրամադրված հարևան երկրներից Ադրբեջանը հանդես էր գալիս պատերազմի սպառնալիքներով և բացահայտ պատրաստվում էր ռազմական ագրեսիայի:

Այդ հայեցակարգը, ըստ երևույթին, հայ իրականության մեջ ուներ խոր պատմական ու սովորութաավանդութային արմատներ, հայոց բազմադարյան ռազմարվեստը պահպանել է հաջողված փորձառության բազմաթիվ օրինակներ: 2016թ. գարնանային ռազմարշավում հայոց կանոնավոր բանակներին արդյունավետորեն սատարեց կամավորական շարժումը, խնդիրների կատարմանը ներգրավվեց նորօրյա աշխարհազորը: Հմուտ և ներդաշնակեցված գործեցին պետական բոլոր մարմինները, ինչը 2015թ. սեպտեմբերի 3-6-ը ՀՀ նախագահի գլխավորությամբ հաջողությամբ իրականացրած «Շանթ – 2015»՝ առաջին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անմիջական արդյունքն էր:

Զորավարժությունը, որի շտաբի ղեկավարն էր այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գործադրվեց անհայտ ներածականներով իրավիճակային խաղարկում, երբ կառավարության անդամները, ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և զինված ուժերի ստորաբաժանումները ստանում էին իրավիճակը փոփոխող ներածականներ և խաղարկում էին իրենց գործողությունները` որոշումների նախապատրաստումից մինչև դրանց գործարկումը: Զորավարժության ընթացքում մշակվեց և քննարկվեց արտաքին քաղաքական փաստաթղթերի և նորմատիվ-իրավական ակտերի մի ամբողջություն: 2016թ. գարնանային ռազմարշավի ժամանակ զորավարժության ընթացքում ձևավորված հմտությունները հստակորեն կիրառվեցին իրական պատերազմական պայմաններում:

«Ազգ-բանակ» հայեցակարգի կիրառումը տեղին էր և արդիական: Հայեցակարգը ժամանակի մարտահրավերներին համապատասխան առաջարկում էր բանակը հանրայնացնելու, զուգահեռաբար ազգի գաղափարական և արժեքային համակարգը մարտունակ դարձնելու ծրագիր: «Ազգ-բանակ» հայեցակարգը հիմք դարձավ նաև պաշտպանական քաղաքականության ուղիների խորքային վերանայման համար: Պաշտպանական ոլորտում ներդրվող բարեփոխումները, 2016թ. հոկտեմբերից սկսած, ընթանում էին հինգ գերակա ուղղություններով՝

ա) Զինվորական մասնագիտության արժևորմամբ,

բ) մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացմամբ,

գ) սպառազինության և առաջնագծի կահավորման հարցերով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ,

դ) ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացմամբ և արդարության և հանրային վստահության ամրապնդմամբ[229]:

Մեկ տարվա ընթացքում վերոնշյալ ուղղություններով բարեփոխումների արդյունքում որոշակի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը հուսադրող էին: Ամբողջությամբ վերանայվեց երկրի պաշտպանության և զինվորական ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը: Տարբեր ժամանակներում ընդունված և խմբագրված բազմաթիվ օրենքներ ի մի բերվեցին ոլորտը կարգավորող երկու հիմնական` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքները: Դրանք ոլորտային օրենսդրությունը համապատասխանեցրեցին ՀՀ Սահմանադրության մեջ 2015-ին կատարված փոփոխություններին, ներդրեցին որոշումների նախապատրաստման և կայացման նոր ընթացակարգեր, վերանայեցին ծառայության տարկետման խնդիրները, հնարավորություն ստեղծեցին ներդնել ծառայության առավել նպատակային, սոցիալական վերելակ հանդիսացող ժամկետային ծառայության հիբրիդային ծրագրեր, դրեցին զորահավաքային պատրաստության արմատական վերանայման հիմքը:

Օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, հսկայածավալ աշխատանք տարվեց առաջնագծի արդիականացման ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ սկսած 2017 թ. հունվարից, հաջողությամբ կասեցվեցին հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը, իսկ նման մի քանի փորձ ավարտվեցին հակառակորդի մեծաթիվ կորուստներով:

Նոր զարկ տրվեց ռազմարդյունաբերական համալիրի ուժեղացմանը: Բազմաթիվ մասնավոր ընկերություններ ներգրավվեցին անօդաչու թռչող սարքերի, կապի արդիական միջոցների, ռադարների և այլ սարքավորումների ստեղծման և արտադրության աշխատանքներում: Հայաստանը սկսեց ընդունել լայն միջազգային մասնակցությամբ ռազմարդյունաբերական ոլորտի ամենամյա ցուցահանդեսներ:

Մի շարք պայմանագրեր կնքվեցին զինված ուժերը անհրաժեշտ սպառազինությամբ համալրելու ուղղությամբ: Հետևողականորեն ապահովվեց արդեն իսկ կնքված պայմանագրերի ժամանակին կատարումը:

Բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին ռազմական բժշկության և, ռազմական կրթության բնագավառներում, սպառազինության և ապրանքանյութական միջոցների մատակարարման կանոնակարգման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված ջանքերի, բանակի ֆինանսավորման համակարգի արդիականացման, կանխիկ շրջանառության նվազեցման և բացառման, հաշվետվողականության բարձրացման, ներքին աուդիտի ծառայության կայացման ուղղությամբ:

Ներդրվեցին այլընտրանքային ժամկետային «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը: Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար գործարկվեց «1-28» թեժ գիծը, որն օրական հարյուրավոր զանգերի էր պատասխանում, ներդրվեց «Դիտակետ» սոցիոլոգիական-վերլուծական ծրագիրը, որը լսելի էր դարձնում յուրաքանչյուր զորացրված ժամկետային զինծառայողի ձայնը: Այդ ծրագրերը, ինչպես նշել է նախագահ Սերժ Սարգսյանը, նպատակ ունեն ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, մատնանշելու և ախտորոշելու հասարակության մեջ առկա խնդիրները հենց ծառայության ժամանակ, այլ ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո:

Սպաների բնակարանային ապահովման հարցը լուծվելու էր՝ ներդնելով սպայական անձնակազմի՝ բնակարանային ապահովման նոր՝ առավել արդյունավետ համակարգ, որով նախատեսվում էր յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովել ավելի քան 500 սպայական ընտանիք: 2017 թ. ընթացքում լուծվեց բոլոր զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և 1-ին կարգի զինհաշմանդամ դարձածների բնակարանային բարելավման հարցը:

Պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է բժշկական զննման նոր կարգ, որով վերացվում են տեղական զորակոչային հանձնաժողովները: «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում է տրվում հավատարմագրված բուհերի արական սեռի ուսանողներին: Նրանք ծառայության ընթացքում իրենց հիմնական կրթությունը կստանան ռազմական ուսումնական հաստատություններում: Սովորելով բուհում՝ ծրագրում ընդգրկվածները երկու տարի, յուրաքանչյուր շաբաթ օր ռազմական համալսարանում կհաճախեին զինվորական պատրաստության դասընթացի: Դիպլոմից բացի՝ ուսանողը կստանար լեյտենանտի կոչում ու ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձով պայմանագիր կնքելով ՀՀ ՊՆ-ի հետ՝ ծառայության կանցներ սահմանագծում: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում կփոխհատուցվեր նաև նրա մագիստրոսական կրթության վճարը:

«Ես եմ» ծրագրով նորակոչիկները ՊՆ-ի հետ կնքում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում եռամյա ծառայության պայմանագիր: Ծառայության ընթացքում զինծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում (35000 դրամ), իսկ ծառայության ավարտից հետո՝ միանվագ պատվավճար՝ 5 միլիոն դրամի չափով, որը կարող է օգտագործվել երեք՝ գյուղատնտեսական գործունեության, ուսման ծախսերի հատուցման, բնակարանի ձեռքբերման (նաև հիփոթեքային եղանակով) նպատակային ծրագրերում: Յուրաքանչյուր ամիս զինծառայողը մեկ շաբաթ արձակուրդ է ստանում:

2017թ. հունվարի 1-ից իր գործունեությունը սկսեց ՀՀ պաշտպանության նախարարության նախագահությամբ կազմակերպած «Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը»՝ 1000plus.am կայքը, որով բազմաթիվ հայրենակիցներ, համոզվելով հիմնադրամի կենսական անհրաժեշտության և թափանցիկության հարցում, ամենախոցելի խումբը հանդիսացող՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերեցին[230]: Հիմնադրամի ստեղծմամբ լուծվեց զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական խնդիրների մի զգալի մասը` ապահովելով կայուն ֆինանսական աջակցություն իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքին նվիրած հայրենակիցների և նրանց հարազատների համար:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների օրակարգում էր լավագույն կադրերին զինվորական մասնագիտություններում ներգրավելու կարևորագույն խնդիրը: 2017թ. ապրիլին կայացած «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսին մասնակցեց 35.000 երիտասարդ: Այդ համաժողովից կյանք առած մի շարք ծրագրերից էր Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը Հայաստանի լավագույն ավագ դպրոց դարձնելու նախաձեռնությունը: Շուրջ 8 ամսվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը կարողացավ նախապատրաստել կրթահամալիրը անհրաժեշտ պայմաններով և հյուրընկալել 200 մոնթեականների՝ առաջին անգամ ունենալով մրցակցային ընդունելություն` յոթ դիմորդ յուրաքանչյուր տեղի համար: Վարժարանում գործարկվեց «Թումո» ՏՏ ուսումնական կենտրոնը[231]:

168.am

← Վերադառնալ ցուցակին