Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /4-րդ մաս/

30.06.2024

 Ինքնապաշտպանության ուժերի ընդհատակյա հրամանատարության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ս. Սարգսյանը, իրատեսորեն գնահատելով օպերատիվ իրադրությունը, համոզվել են, որ ադրբեջանական հրոսակախմբերի օրավուր աճող լկտիությունը զսպելու և հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծություններն ու հրթիռահարումները դադարեցնելու համար անհրաժեշտ էր դիմել համարժեք գործողությունների: Դեռևս նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերը, չունենալով բավարար միջոցներ, թեև առանձին տեղամասերում պատասխան գործողությունների էին դիմել, սակայն թշնամուն ցնցող ու զգաստացնող հակահարված էր պետք: Անհրաժեշտ էր, ինչքան հնարավոր է, օպերատիվորեն և արդյունավետորեն այն իրականացնել նաև ազատամարտիկների հնարավորությունները դրսևորելու համար: Ուժերի փորձության վայր ընտրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը, որի ազատագրումը, թերևս, առաջին հաղթանակներից էր, որով կոտրվեց հակառակորդի անպատժելիության զգացումը, բացվեց Հադրութի ներշրջանային երթևեկության ճանապարհը, իսկ հայ ազատամարտիկները ոգեպնդվեցին ու ձեռք բերեցին համապատասխան մարտական փորձ:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի 1991թ. նոյեմբերի 28-ի նիստում որոշում է ընդունվել 1991թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իսկական զինվորական ծառայության զորակոչել 1973-1974թթ. ծնված և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին[54]:

Մարտական գործողությունների օրեցօր սաստկացման պայմաններում, փորձելով ազատվել սին պատրանքներից և ապավինել իր ներուժին, Արցախի տոհմիկ հայ բնակչությունը վճռական քայլեր է ձեռնարկել Արցախում հայկական պետականությունը կերտելու ուղղությամբ: Մարզգործկոմի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է հանրաքվե: Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Արցախի Հանրապետության անկախության օգտին[55]:

Ինչպես և սպասվում էր, Անկախության հանրաքվեից հետո Արցախում նոր թափ են առել բանակաշինության, մասնավորապես` Ազգային գվարդիա կազմավորելու աշխատանքները: Այդ մասին է վկայում ՀՀ Պաշտպանության կոմիտեի նախագահի 1991թ. դեկտեմբերի 17-ի № 53 հրամանը[56], որի համաձայն` Արցախի Հանրապետության ազգային գվարդիայում պրակտիկա անցնելու համար Ստեփանակերտ են գործուղվել Հրաչյա Սերգեյի Հովհաննիսյանը և Գաբրիել Վոլոդյայի Վարդանյանը:

Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի «ԴՈՆ*» դիվիզիան (հրամանատար` գեներալ-մայոր Լոբունեց), այդ թվում` Ստեփանակերտից` փոխգնդապետ Տյուլովիչի, Մարտունուց` Բատակովի, Մարտակերտից` Կալիբերդենկոյի գնդերը[57]: Դրա հետևանքով, ավելի է բարդացել Արցախի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերի և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտների անպաշտպանությունը, իսկ սահմանագծի ամբողջ երկայնքով վերսկսվել են ադրբեջանական զինված խմբավորումների հարձակումները: Դրանց ակտիվացումը, թերևս, պայմանավորված էր նրանով, որ Բաքվից և Աղդամից Արցախ էին տեղափոխվել 300-ական գրոհային ընդգրկող 18 գումարտակներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա և նույնիսկ` ՄԻ-24 ուղղաթիռ[58]:

Ստեղծված իրադրությունում Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուները խնդիր են ունեցել ուժեղացնելու ժողովրդատնտեսական օբյեկտների պաշտպանությունը` ներգրավելով նաև խաղաղ բնակչությանը, ինչպես նաև` ստեղծելու առանձին ջոկատներ` հակառակորդի հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով: Տագնապալից իրավիճակի թելադրանքով, ՀՀ պաշտպանության կոմիտեից Արցախ գործուղված Ա. Տեր-Թադևոսյանին հնձնարարվել է անհապաղ ավարտել զինված խմբավորումների կազմավորումը. Հադրութի և Մարտունու շրջաններում, ներգրավելով 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում` 500-ական մարտիկ: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության կոմիտեի շտաբի պետ Գ. Դալիբալթայանի խորհրդով տեղի ղեկավարներին առաջարկվել է անցկացնելու մասնակի զորահավաք[59]: Այս ձեռնարկումները նպատակաուղղված են եղել ստեղծված իրադրությունում նպաստելու Արցախի պաշտպանունակության բարձրացմանը:

Դեկտեմբերի 28-ին, չդադարող հրետակոծությունների, զինված ավազակախմբերի պարբերական հարձակումների պայմաններում տեղի են ունեցել Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները[60]: Ստեփանակերտի № 20 ընտրատարածքից 1-ին գումարման ԳԽ պատգամավոր է ընտրվել նաև Ս. Սարգսյանը[61]: Օրենսդիր մարմնի ձևավորումը կարևոր էր նաև ինքնապաշտպանության ու անվտանգության օրախնդիր հիմնահարցերի լուծման օրենսդրական հիմքերի ստեղծման համար: Արցախում պաշտպանության ոլորտի կարգավորման և բանակաշինության իրավական հիմքերի ստեղծման անդրանիկ ձեռնարկումներից հատկանշելի է 1992թ. փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հատուկ որոշումը Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի մասին:

Այդ որոշման մեջ մասնավորապես արձանագրված էր. «Ելնելով նրանից, որ հայ բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանության, կողոպուտի, բռնությունների և հայկական գյուղերի բնակիչների բռնի տեղահանության հետևանքով ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու կոչված կամավորական ջոկատներ, աչքի առաջ ունենալով Ադրբեջանի անթաքույց զավթողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ, զորահավաքի միջոցների հաշվառման և հանրապետության պաշտպանության ապահովման նպատակով, կազմավորված զինված ջոկատները դիտել որպես Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժեր և դրանք ենթարկել միասնական հրամանատարության: Հանձնարարել շրջգործկոմներին և զինկոմիսարիատներին` ամսվա ընթացքում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում և զորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառում: ԻՊՈՒ-ում ընդգրկված զինապարտներին համարել զինվորական ծառայության զորակոչվածներ: Հանձնարարել Արցախի Հանրապետության զինկոմիսարիատներին` ԻՊՈՒ շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ անցկացնել Արցախի Հանրապետության շահերի համար պայքարում զոհված, անհայտ կորած և հաշմված անձանց վերահաշվառում»[62]:

Այս կարևոր որոշումը ոչ միայն պետական կարգավիճակ է շնորհել տարերայնորեն կազմավորված ինքնապաշտպանության ուժերին, այլև օրենսդրական հիմքերի վրա է դրել այդ ուժերը միասնական հրամանատարության ենթարկելու, զորահավաքային պատրաստության, զինծառայողների սոցիալական հարցերի լուծումը:

Արցախի Հանրապետության ԳԽ նախագահության 1992թ. մարտի 4-ի որոշմամբ գնդապետ Ա. Ի. Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի ԻՊՈՒ հրամանատար[63]: Նույն օրը հաստատվել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության խորհրդի կազմը, որը ներկայացրել էր Արցախի Հանրապետության ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանը: Պաշտպանության խորհրդում ընդգրկվել են Ա. Մկրտչյանը (նախագահ), Օ. Եսայանը, Վ. Բալայանը, Ս. Սարգսյանը, Ա. Տեր-Թադևոսյանը, Ռ. Քոչարյանը և Ա. Կարապետյանը[64]:

Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախարարների խորհրդի մասին Արցախի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում, մինչև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմավորումը, 1992թ. մարտի 26-ին Արցախի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Պաշտպանության կոմիտե:

Պաշտպանության կոմիտեի նախագահ է նշանակվել Ս. Սարգսյանը, որին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Պաշտպանության կոմիտեի կառուցվածքի, կանոնադրության և անվանակազմի մասին: Կոմիտեն իր ամբողջ գործունեությունը պետք է կազմակերպեր Արցախի Հանրապետության ԳԽ և ՆԽ որոշումների ու կարգադրությունների հիման վրա: Արցախի Հանրապետության Պաշտպանության կոմիտեի, հետագայում` Արցախի Հանրապետության Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ կարևոր ու անհետաձգելի միջոցառումներ են իրագործվել ինքնապաշտպանական ջոկատների միավորման, նյութատեխնիկական հիմքի, սպառազինության ու տեխնիկայի հայթայթման ու մատակարարման, ԻՊՈՒ վարչության ձևավորման ուղղությամբ[65]:

168.am

← Վերադառնալ ցուցակին