Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /13-րդ մաս/

30.06.2024

 Մինչ այդ, ինչպես վկայել է ՊԲ նախկին հրամանատար Ս. Բաբայանը, տակավին «1993թ. մայիսին Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը գործուղվել էր Ռուսաստանի Դաշնություն՝ նպատակ ունենալով լուծելու Պաշտպանության բանակի պարենային և հանդերձանքի ապահովման խնդիրները»[155]:

Պատասխանելով Դավիթ Հարությունյանի (Ազատական-առաջադիմական կուսակցություն) հարցին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել է. « …Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր։ Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում, շատ օգտակար գործ էր անում, բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր և´ Վազգեն Սարգսյանի հետ, և´ Ղարաբաղի իշխանավորներից ոմանց հետ: Օգտակար, շատ կարևոր գործ էր անում։ Նա կարող մարդ էր, նա ուներ փորձ, երևի մեզանից ամենաշատ փորձը, միշտ աշխատել է պետական ապարատում, կազմակերպչական ընդունակություններ ուներ, ուստի նրա կարողությունների համեմատ դա շատ փոքր գործ էր»[156]:

Հետագայում, անդրադառնալով Արցախի Հանրապետությունից Ս. Սարգսյանի Հայաստան տեղափոխվելն իրենց լարված փոխհարաբերություններով պայմանավորելու շուրջ շահարկումներին՝ Ս. Բաբայանը խորհուրդ է տվել փաստերով գնահատականներ հնչեցնել իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. «Կան փաստեր, փաստաթղթեր՝ սևով սպիտակի վրա գրված՝ հրաժարական, հրամանագիր և այլն։ Եվ, ի վերջո, կա 1997 թվականին Վազգեն Սարգսյանի ելույթը, որում ասում է. «Ես ինքս եմ գնացել Սերժ Սարգսյանին խնդրել, բերել»: Իր և Ս. Սարգսյանի միջև անընդհատ արծարծվող հակասությունները հերքելով՝ Սամվել Բաբայանը հավաստիացրել է. «Հարաբերությունների սրում որևիցե ժամանակ չի եղել, արդեն 17-18 տարուց ավելի մոտիկից ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, և որևիցե անգամ բարձր ձայնով իրար հետ խոսած չկանք»[157]:

Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993 թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում: Այդպես էլ ասացի: Ասացի. «Վազգե´ն, մի քիչ տարօրինակ բաներ ես ասում, գործն այստեղ է»:

Երկրորդ անգամ` արդեն մայիսին, Վազգեն Մանուկյանը գնացել էր վիրահատվելու, և արդեն շատ ավելի լուրջ պայմաններ էին, երբ Վազգենը նորից ասաց: Բնականաբար, ես խորհրդակցեցի Քոչարյանի հետ, ընկերներիս հետ, և ասացին, որ միանշանակ պետք է առաջարկությունն ընդունել, որովհետև, չնայած որոշակի հաջողություններ ունեինք, գիտեք` Հայաստանի ներքաղաքական լարվածությունը անմիջապես փոխանցվում էր այնտեղ, և բոլոր տղաները չէ, որ վստահ էին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ կարողանան կռվել: Միշտ էլ դժգոհներ լինում են, միշտ էլ Մարտակերտում կռվողը ասում է, թե՝ տեսնու՞մ ես Ստեփանակերտում կռվողների զինամթերքը շատ է և այլն: Եվ հիմնական իմ դրդապատճառը դա էր, նաև՝ իմ ընկերների:

Այնուհետև՝ նաև ծանր ժամանակաշրջան ինչպես հայկական բանակի, այնպես էլ ամբողջ Ղարաբաղի համար (ադրբեջանցիների հակահարձակում, Օմարի հետգրավում և այլն)։ Եվ արդեն 1993 թվականից, երբ սկսեցինք շատ լուրջ զբաղվել կանոնավոր բանակով, զորակոչիկներով (և 1993 թվականին էր, որ առաջին անգամ զորակոչիկներով գունդը գնաց սահման) և 1994 թվականին, մայիսին զանգահարեց Գրաչովն ու մեզ հրավիրեց ադրբեջանցիների հետ Մոսկվա, այնտեղ ստորագրեցինք փաստաթուղթ` զինադադարի մասին` սկսեցինք անմիջապես ձեռնամուխ լինել բանակաշինության գործին: Վազգենը պետնախարար էր»:[158]

Ս. Սարգսյանը ՀՀ ռազմական գերատեսչությունը գլխավորեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բանակաշինությունը թևակոխել էր իր իսկ սահմանած «երկրորդ փուլը, որը ներառում է 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ, ձեռնամուխ եղավ Ազգային բանակի ստեղծմանը»[159]։

Նույն պարբերացման երրորդ փուլում, որն ընդգրկում է 1994թ. հունիսից մինչև մեր օրերը (2002թ.), ՊՆ-ին առաջադրված էին «բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման, խաղաղ պայմաններում բանակի՝ որպես ռազմապաշտպանական համակարգի վերջնական ձևավորման» խնդիրները, որոնց լուծման գործում Ս. Սարգսյանի ներդրումը ակներև է։

Հատկանշելի է, որ նա ժամանակի չափորոշիչներով բավական լավ ժառանգություն էր ստացել իր նախորդներից՝ Վ. Մանուկյանից և Վ. Սարգսյանից: Նրանց անմիջական նախաձեռնությամբ բանակաշինության գործում զգալի աշխատանքներ էին կատարվել:

Ս. Սարգսյանն արդեն նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար, երբ Արցախի Հանրապետության հարավային սահմանագծի ամբողջ երկայնքով ձեռնարկված հակահարձակումը հասավ եզրափակիչ ակորդին՝ օգոստոսի 31-ին Կուբաթլուի (Սանասարի) թշնամական կրակակետերի վնասազերծմանը:

ԻՊՈՒ 1993թ. ամառային ռազմարշավը ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունեցավ: Վերացվեց Արցախի Հանրապետության արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի ռազմահենադաշտերը, ջախջախիչ պարտության մատնվեցին համանուն շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները, նկատելիորեն ընդլայնվեց ու ամրապնդվեց Արցախի անվտանգությունը, և Ինքնապաշտպանության ուժերը հաստատվեցին նպաստավոր բնագծերում: Ռազմական պարտությունների մատնելու միջոցով հայկական կողմը ստիպեց Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Դրանից հետո Արցախի Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումները, հետապնդելով ճողոպրող թշնամուն՝ կանգ առան Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ներկայումս Ադրբեջանի անպատիժ զավթողական քաղաքականության և ՀՀ-ի ինքնիշխան տարածքների սողացող օկուպացիայի մռայլ համապատկերում 1993թ. ամառային ռազմարշավի հաջողությունները կարևորելի են Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, որովհետև դրանց շնորհիվ ոչ միայն վերացավ Լաչինի մարդասիրական միջանցքի վրա կախված վտանգը, այլև նկատելիորեն նվազեց նաև Կապանի, Գորիսի շրջանների հրթիռահրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Կովսականի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կարճելու համար: Միաժամանակ վերահսկողություն հաստատվեց ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհների վրա:

Հերթական անգամ բանակցությունները օգտագործելով ուժերի ու միջոցների վերախմբավորման կամ լրահամալրման համար՝ Ադրբեջանի ԶՈՒ 1993թ. հոկտեմբերի կեսերին վերսկսեցին հարձակումները Արցախի Հանրապետության սահմանների ու պաշտպանական բնագծերի վրա՝ հրահրելով հայկական ուժերի պատասխան հակահարձակողական գործողությունները: Հակառակորդի՝ Հորադիզում, Կուբաթլուում, Զանգելանում կենտրոնացված զորախմբի ջախջախման ռազմագործողությունը, որն սկսվել էր 1993թ. հոկտեմբերի 23-ին, իր եզրագծին հասավ նոյեմբերի 1-ին, երբ Արցախի Հանրապետության ԻՊՈՒ մարտիկներն իրենց վերահսկողությունը հաստատեցին Զանգելան շրջկենտրոնի և հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ: 1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ պսակվեցին մարտական գործողությունների ընդարձակ ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը, փաստորեն, վերացրեց հարավից Արցախի Հանրապետության տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը[160]:

1993թ. շարունակելով բանակաշինության բարդ գործընթացի ղեկավարումը՝ Ս. Սարգսյանը հաշվի էր առնում ռազմաճակատի պահանջները և փորձում էր հնարավորինս ոչ ստանդարտ լուծումներ գտնել որակական փոփոխություններ կրող մարտական գործողությունների համակողմանի ապահովման խնդիրներին: Եվ այդ լուծումները բավական հաջողված էին պետության սուղ հնարավորությունների պայմաններում:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի և, ընդհանրապես, հայկական պետականության համար լուրջ փորձություն էր Արցախի Հանրապետության ռազմաճակատի ամբողջ երկայնքով 1993թ. դեկտեմբերին սկսված լայնածավալ հարձակումներին դիմակայելու դժվարին ժամանակաշրջանը, երբ Ադրբեջանի նորընտիր նախագահ Հ. Ալիևը, խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված տասնօրյա երկկողմանի զինադադարը, փորձեց ցանկացած գնով արմատական բեկում մտցնել պատերազմում և դրանով ամրապնդել իր վերարտադրվող իշխանությունը:

1993-1994թթ. ձմեռային ռազմարշավում հակառակորդին հաջողվեց ռազմաճակատի որոշ հատվածներում ժամանակավոր հաջողություններ գրավել, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը և ՀՀ-ից կամավոր օգնության հասած ստորաբաժանումները համառ ու կազմակերպված դիմադրությամբ չզիջեցին ստրատեգիական նախաձեռնությունը, ոչ միայն կանգնեցրին վարձկաններով համալրված Ադրբեջանի ԶՈՒ գերակշռող ուժերի ու միջոցների առաջխաղացումը, այլև հակահարձակողական գործողություններով հարկադրեցին ագրեսորին համաձայնել անժամկետ զինադադարի պայմաններին:

Հանրագումարի բերելով գարնանային ռազմարշավի երկու ամիսների արդյունքները՝ արձանագրենք, որ ՊԲ-ի ունեցած ռազմական հաջողությունները ոչ միայն վկայել են բանակաշինության ու մարտավարության հետագա զարգացման մասին, այլև ունեցել են այն նշանակությունը, որ արդեն մայիսին Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնել հրադադարի պայմաններին:

Արցախի Հանրապետության սահմանակից ադրբեջանական վերջին ռազմահենադաշտի` Միր Բաշիրի վրա կախված վտանգը, մոտեցող ռազմաճակատից նահանջող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իբր անվտանգության նկատառումներով տարահանվող հազարավոր ադրբեջանցիների հոսքը, բանակի բարոյահոգեբանական վիճակի կտրուկ անկումը և դասալքության ծաղկումը հակառակորդին կանգնեցրել էին թեկուզ կարճատև դադարի, այդ միջոցով ուշքի գալու ուղիների որոնման հրամայականի առաջ: Առանցքային նշանակության ռազմաճակատում տիրող անհուսալի իրադրության իրատեսական ընկալումը և հրադադարի` որպես ստեղծված կացությունից դուրս գալու հնարավորության մասին բազմաթիվ առաջարկությունների գայթակղությունը ևս նպաստել են հրադադարի պայմաններից հրաժարվելու՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համառության ընկճմանը[161]:

Վերջապես հակառակորդ կողմը հարկադրված էր իր համաձայնությունը հայտնել ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի` հրադադարի վերաբերյալ առաջարկությանը: Սակայն, տհաճ նախադեպերի հաշվառմամբ ու վերջին տարիների դառը փորձից ելնելով՝ Արցախի Հանրապետության ղեկավարությունը վերապահությամբ ընդունեց ախոյան կողմի այդ «կերպարանափոխությունը», իրավամբ կասկածելով, որ հրադադարն Ադրբեջանի Հանրապետությունը վերստին կօգտագործի նոր լայնածավալ ագրեսիայի նախապատրաստվելու նպատակով, ինչը բացառելու համար անհրաժեշտ էին հրադադարի պահպանման կայուն երաշխիքներ: Բայց, քանի դեռ միջնորդները դրանք տալու իրական հնարավորություններ չունեին, ուստի անվտանգության միակ երաշխավորը շարունակում էին մնալ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը՝ ընդհանրապես:

Մայիսի 14-16-ին և հետագա օրերին շարունակվել են հայկական պաշտպանական դիրքերի գնդակոծություններն ու հրետակոծությունները, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի ակտիվ տեղաշարժերը ռազմաճակատի տարբեր հատվածներում: Մարտական գործողություններին զուգահեռ, ակտիվացել է նաև խաղաղ կարգավորման գործընթացը: Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո, գործին խառնվել է ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, որի միջնորդությունը հետապնդել է զինված հակամարտության դադարեցման նպատակ, մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին: Մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Մուհամեդռաֆի Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը[162]: Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև ադրբեջանական կողմը:

1993թ. նորանշանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ի պատասխան լրագրողի հարցադրման՝ այսպես է բնութագրել հայկական զինուժի հաջողությունները. «…Եթե 150 հազարանոց Արցախը կարող է յոթ ու կես միլիոնանոց պետության հանդեպ ագրեսորի դերում հանդես գալ, ապա նման որակումը, համենայն դեպս, մեզ չէ, որ պետք է մտահոգություն պատճառի: Անձամբ ես բարոյապես չեմ սրտնեղում»[163]:

Օբյեկտիվ պատճառներով ՀՀ զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի կազմակերպակառուցվածքային հիմքի վրա:

Նորաստեղծ հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան անգամ խորհրդային ժառանգություն էին: Հաշվի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական և տեխնոլոգիական բարձր մակարդակը` աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը: Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում կամ արդեն զորացրվել էին պահեստազոր: Պաշտպանության նախարարներ Վ. Սարգսյանը, Վ. Մանուկյանը և Ս. Սարգսյանը լայն հնրավորություններ ստեղծեցին, որպեսզի նրանք իրենց ծառայությունները մատուցեին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման գործին: Նրանց թվում էին գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Քրիստափոր Իվանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրաչ Անդրեասյանը, Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Արտյուշա Հարությունյանը, Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյանը և շատ ուրիշներ[164]:

168.am

 

← Վերադառնալ ցուցակին