Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /7-րդ մաս/

30.06.2024

 Տակավին մարտական գործողությունների ամենաեռուն շրջանում` 1992թ. հուլիսի կեսերին, ԻՊԿ նախագահի ղեկավարությամբ արդեն սկսվել էր Արցախում պաշտպանության գոտիների ստեղծումը[90]ինչը թույլ կտար լուծելու վերոհիշյալ խնդիրները:

Այդ իսկ նպատակով դեռ այն ժամանակ նախատեսվում էր Արցախի տարածքը բաժանել վեց մարտական գոտիների, հիմնականում` Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի և Շուշիի շրջանների սահմաններում: Մարտական գոտիների տարածքներում տեղակայված ստորաբաժանումները, մարտական ջոկատները, կազմավորումները, անկախ իրենց պատկանելությունից, անվերապահորեն պետք է անցնեին մարտական գոտիների հրամանատարների լրիվ ենթակայության տակ և մարտական գործողություններ վարեին համաձայն միասնական պլանի ու մարտական խնդիրների: Չենթարկվող կազմավորումներն անհապաղ պետք է զինաթափվեին ու կազմացրվեին: Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի մարտական գոտիների հրամանատարներ էին նշանակվելու համապատասխանաբար Ա. Աղաբեկյանը, Մ. Մելքոնյանը, Վ. Բալասանյանը, Հ. Բաղմանյանը և Ս. Օհանյանը:

Հրամանագրով սահմանված էին նաև հրամանատարների լիազորությունները: Մասնավորապես, նրանց էր անցնում ենթակաների ու ՄԳ-ում գտնվող ստորաբաժանումների և կազմավորումների նկատմամբ ամբողջ իշխանությունը: ՄԳ-ների հրամանատարները պետք է ԻՊԿ որոշումների համաձայն պատասխանատվության գոտիներում պլանավորեին, կազմակերպեին և անցկացնեին մարտական գործողություններ, ինչպես նաև մասնակի (տեղային) մարտեր: Հրամանատարների իրավասությանն էին հանձնվում մարտական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների բաշխումը, ինչպես նաև ՄԳ-ում գտնվող կազմավորումներում կարգուկանոնի, պահանջվող կարգապահության հսկողությունը և պահպանումը, չենթարկվելու և դիրքերի ինքնակամ լքման փորձերի կանխումը: Այդ ամենի համար հրամանատարները պատասխանատու էին նաև հանրապետության կառավարության առաջ[91]: Բայց և այնպես, Մարտակերտի ռազմաճակատում մարտական գործողությունների սաստկացումը, ադրբեջանական բանակի օգոստոսյան հարձակման կասեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու ջանքերը խլել են այդ հրամանագրի կենսագործման համար անհրաժեշտ ժամանակի և հնարավորությունների մեծ մասը:

Այդ դժվարություններից, թերևս, ամենաանհաղթահարելին խաղաղ բնակչության անվտանգության խնդիրն էր: Այդ մասին ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում նկատել է տվել հետևյալը. «Օգոստոսի 23-ի օդային հարձակումը քաղաքի վերջին ռմբակոծությունն էր, երբ ադրբեջանական օդահենները անպատիժ հեռացան մեր տարածքից: Ինչպես գիտենք, դրանից հետո խփվել է թշնամու երեք ռմբակոծիչ: Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները ռիսկ չեն անում Ստեփանակերտը ռմբակոծել: Իրոք, օգոստոսյան ռմբակոծությունը շատերին ստիպեց թողնել Ստեփանակերտը: Ես առաջին հերթին նկատի ունեմ կանանց ու երեխաներին: Բայց հեռանալու պատճառը երևի միայն ռմբակոծությունը չէ, այլև այն, որ անհրաժեշտ է հոգալ երեխաների դպրոց հաճախելու և սոցիալական հարցերը: Պետք է ասել, որ կան նաև շատ վերադարձողներ: Կանանց և երեխաների արտահոսքը քիչ է ազդել հանրապետության պաշտպանունակության վրա:

Զինվորների մի մասը գտնում է, որ իրենք ավելի լավ կարող են կռվել, երբ իրենց ընտանիքները գտնվում են անվտանգ վայրերում: Բայց կա նաև երկրորդ մոտեցումը, ըստ որի՝ ազատամարտիկը կարող է հուսալի պաշտպանել իր դիրքերը, երբ գիտի, որ իր ընտանիքը իր ետևում է: Դժվար է ասել, թե այդ երկու մոտեցումներից որն է առավել ճիշտը, բայց Շահումյանի և Մարտակերտի դեպքերը ցույց տվեցին, որ զինվորները չպետք է ունենան ավելորդ հոգսեր: Ես գտնում եմ, որ եթե կա հստակ պաշտպանական կառույց, ապա բնական է, որ քաղաքացիական բնակչության առկայությունը ոգևորում է մարդկանց: Երբ ճեղքվածք է տալիս պաշտպանական կառուցվածքը, յուրաքանչյուր զինվոր մտածում է, թե ինչպես ապահովի իր ընտանիքի, ունեցվածքի անվտանգությունը:

Վերջին ժամանակներս ահագին գործ է կատարվել Ստեփանակերտի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համոզված եմ, որ այսօր ԼՂՀ մայրաքաղաքը հուսալիորեն պաշտպանված է»[92]:

Մյուս կողմից` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և ռազմաճակատը կայունացնելու կենսական խնդիրը պահանջում էր արագացնել ԻՊՈՒ-ում սկսված կառուցվածքային բարեփոխումները: Դա թելադրված էր նաև նրանով, որ Արցախի տարածքում ընթացող մարտական գործողությունները թևակոխել էին լայնածավալ ռազմագործողությունների փուլը` պայքարի ժամանակակից միջոցների կիրառմամբ, ինչը կտրուկ փոփոխում էր իրավիճակը, պահանջում մարդկային ու նյութական մեծ պաշարների վատնում: ԻՊՈՒ-ի ամառային ռազմարշավի ընթացքում մղված գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս մարտում և ամենօրյա գործունեության ժամանակ Զինված ուժերի կենտրոնացված կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, խնդիրների լուծմանը հաստատունություն և նպատակասլացություն հաղորդելու, ԻՊՈՒ-ն Պաշտպանական շրջանների, գումարտակների, դիվիզիոնների, վաշտերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքի փոխադրելու, դրանով իսկ այդ ուժերին օպերատիվ ու մարտավարական ինքնուրույնություն տալու անհրաժեշտությունը:

«Պաշտպանական շրջանների և շրջանային լրակազմի ուժերի ու միջոցների կազմակերպական-հաստիքային կառուցվածքի մասին» ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի 1992թ. օգոստոսի 14-ի հրամանագրով ստեղծվել են 6 պաշտպանական շրջաններ: Հրամանատարներին հանձնարարվել է վերակազմել ջոկատները և ձեռնամուխ լինել գումարտակների (դիվիզիոնների), վաշտերի (մարտկոցների), դասակների ու ջոկերի կազմավորմանը:

  

Մինչև նույն թվականի սեպտեմբերի 15-ը նշանակվել են պաշտպանական շրջանների հրամանատարներ: Դեռևս մարտական գոտիների հրամանատարների պաշտոնների համար առաջադրված զինվորական պետերը գրեթե նույնությամբ ու համապատասխանաբար ստանձնել են Արցախի հինգ շրջաններում ու Ստեփանակերտում կազմավորվող ՊՇ-ների հրամանատարությունը[93]:

ՊՇ հրամանատարները մինչև սեպտեմբերի 25-ը ԻՊՈՒ շտաբ` ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հաստատմանն են ներկայացրել տեղակալների, զորատեսակների, բաժանմունքների, ծառայությունների պետերի և գումարտակների հրամանատարների պաշտոններում նշանակումների մասին ներկայացումները: Վաշտերի (մարտկոցների) և դասակների հրամանատարների նշանակումները վերապահվել են ՊՇ-ների հրամանատարների, իսկ կրտսեր հրամանատարական կազմի նշանակումները` գումարտակների հրամանատարների իրավասությանը: Նաև սահմանվել են հրամանատարական կազմին սպայական կոչումների շնորհման, կազմակերպական այլ հարցերի լուծման կարգն ու ժամկետները[94]:

Այդ հրամանագրի իրագործումն առաջընթաց կարևոր քայլ էր Արցախում կանոնավոր ու ժամանակակից բանակ ստեղծելու ճանապարհին: Անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի անցնելու, կանոնավոր ստորաբաժանումներ վերակազմավորելու ուղղությամբ: ԼՂՀ ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի օգոստոսի 29-ի հրամանագրով, նախկին 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիման վրա սկսել են կազմավորվել մոտոհրաձգային գումարտակներ` ՊՇ ՄՀԳ հաստիքացուցակի համաձայն:

  

168.am

← Վերադառնալ ցուցակին