Նախագահ

Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը. Սերժ Սարգսյան

17.10.2023

 Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին ադրբեջանական գերության մեջ հայտնված իր մարտական ընկերների մասին, հատկապես, երբ ՀՀ իշխանամերձ շրջանակների կողմից մեղավորության սլաքներն ուղղվում են նրանց, նաև Արցախի վերջին նախագահի ուղղությամբ։

 
 

«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար՝ նա ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է՝ ով է հանձնել և ինչպես են հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց իրենց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ, սա՝ մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ խորհրդարանով ընտրված վերջին նախագահն ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես այն մնացած փոքր բանակով ու զինված ուժերով արդյո՞ք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։ Այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ, սա՞ է եղել այս մարդկանց ցանկությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Լրագրողները Երրորդ նախագահին հիշեցրեցին, որ մինչև Արցախի հանձնումն ինքը հայտարարում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ շանսեր էր տեսնում, ինչի՞ վրա էր հիմնված այդ հայտարարությունը։

Հարցին Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց. այսինքն՝ դրա համար բոլորը պետք է չարախնդա՞ն, ովքեր լսել են այդ հայտարարությունները։

«Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար Արցախի էջը փակված չէ»,- նշեց Երրորդ նախագահը։

Հարցին՝ շանսեր տեսնո՞ւմ է, որ մի օր Արցախը նորից լինելու է հայկական, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Այո, շանս տեսնում եմ, և բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պիտի մեկնաբանեն՝ որպես հոխորտանք կամ որպես ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ էլ ուզի շփվել»։

Թե ի՞նչ շոշափելի գործողություններ պետք է տեղի ունենան այդ շանսն իրականություն դարձնելու համար՝ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանի իշխանությունը, նաև Արցախի նախկին իշխանությունը։

«Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը։ Արայիկ Հարությունյանն էլ է գտնվում Բաքվում, եկեք անվանական չխոսենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, որ նախկին տասնամյակների ընթացքում բանակցային սեղանին դրված է եղել Արցախի ինքնորոշման հարցը, որը պետք է լուծվեր հանրաքվեով, Սերժ Սարգսյանը նկատեց.

«Եկեք ես դա չմեկնաբանեմ, դուք շատ լավ գիտեք դրա պատասխանը, ամբողջ աշխարհը գիտի, որ Կազանում Ադրբեջանն է հրաժարվել։ Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև 2018 թվականի ապրիլ մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկություններին մենք ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև մենք կասենք մեր կարծիքը։ Եվ բոլոր պարագաներում էլ ադրբեջանցիները դեմ են եղել։ Եվ մենակ ես չեմ, չէ՞, սրա մասին ասել։ Վերջերս էլ համացանցում տարածվեցին ձայնագրություններ, տեսագրություններ, որ Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, որ բոլոր առաջարկություններից Ադրբեջանն է հրաժարվել։ Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի փոխզիջումային տարբերակից, չի եղել։ Մենք ինչի՞ց պիտի հրաժարվեինք»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հայտարարություններին, որ եթե իրեն թույլ տային, ապա կբանակցեր և իրավիճակը կփոխեր, և լրագրողի հարցին՝ շանս կա՞ր, Սերժ Սարգսյանը դիմելով լրագրողին՝ պատասխանեց.

«Ես փոքր մարդ եմ ձեզ խորհուրդ տալու, որովհետև մեկ անգամ խորհուրդ եմ տվել, այն դուք չեք լսել։ Հիմա էլ խորհուրդ եմ տալիս՝ նման մարդկանց կարծիքների վրա հղում մի արեք և ինձ հարցեր մի տվեք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին