Նախագահ

Պայթեց իշխանական ու իշխանամերձ շրջանակների փչած հերթական «Բադեն-Բադեն» անունով փուչիկը

14.09.2023

 Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկացել էր Գլխավոր դատախազությունից։

«Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Բնական է, որ այս մասին պետական իրավասու մարմինն ինքը հաղորդագրությամբ չի հայտնում, տեսանյութ չի նկարվում՝ ահասարսուռ կամ արդեն ոչ այնքան, երաժշտական ուղեկցությամբ, որովհետև սա 3-րդ նախագահի վերաբերյալ հարուցված հերթական քրեական վարույթի մասին չի, այլ դրա կարճման:

 

 

3-րդ նախագահի փաստաբանական թիմը, իհարկե, ինքը կորոշի՝ ինչպես արձագանքել այս լուրին ու ինչ փոխհատուցում ակնկալել Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորելու համար: Մենք պարզապես արձանագրենք՝ սա հերթական շինծու քրեական վարույթն էր՝ հարուցված Նիկոլ Փաշինյանի համար հարմար պահի, հանրային աղմուկ ապահովելով կամ իր որևէ հերթական ոչ հայանպաստ գործողությանը հետևող արձագանքը մեղմելու, այն շեղելու համար:

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխության ջատագով Դանիել Իոաննիսյանին պատկանող «Փաստերի ստուգման հարթակ»-ը «հետաքննություն» էր հրապարակել, ըստ որի՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ «Հետաքննության» համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, իբր փաստեր ներկայացնելով, նաև պնդում էր, թե Երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։

Ըստ «հետաքննության»՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։

Այսօր պայթեց իշխանական ու իշխանամերձ շրջանակների փչած հերթական փուչիկը:

Գոհար Սավզյան

168.am

← Վերադառնալ ցուցակին