Նախագահ

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հրավերով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է դեսպանություն

22.05.2023

Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավիրով այցելել է դեսպանություն և բարեկամական զրույց ունեցել: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը: 
 
Դեսպան Ֆունը հանգամանորեն ներկայացրել է ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է Սերժ Սարգսյանի կարևոր ներդրումը հայ- չինական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա մեծ աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։ Դեսպանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այսուհետ ևս կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ առաջմղմանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում նոր հաջողությունների շարունակական ձեռքբերմանը։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդկության միասնական ճակատագրով համայնքի կառուցման հայեցակարգը և երեք հիմնական նախաձեռնությունները, որոնք առաջադրվել են  ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինի կողմից, կիսել իր տպավորությունները չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ջերմորեն հիշել իր այցերը Չինաստան և չինացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
 
Նախագահ Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ամրապնդել փոխգործակցությունը պետական կառավարման ոլորտում և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։
 
Սերժ Սարգսյանը զրուցակցի հետ կիսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին