Նախագահ

«Բանակցային առաջնագծում» գիրքը մարտ ամսվա բեսթսելերներից է

05.05.2023

 Կարդացեք և ծանոթացեք Արցախյան հակամարտության կարգավորման պայքարում 2008-2018թթ. հայկական կողմի հիմնավոր և ամուր փաստարկներին, զինվեք նաև գիտելիքով՝ բանակցային առաջնագիծը վերանվաճելու և անառիկ պահելու նպատակադրմամբ (bit.ly/3JomGqI):

ՀՀ երրորդ նախագահի ելույթների, ուղերձների, հարցազրույցների ժողովածուն՝ «Բանակցային առաջնագծում» գիրքը, ըստ «Բուկինիստ» գրախանութի, մարտ ամսվա բեսթսելերներից է և ամենաշատ վաճառված գրքերի շարքում 1-ինն է:
Այս տեղեկությունը «Բուկինիստը» հրապարակել էր դեռևս անցած ամսվա սկզբին (bit.ly/3Ly8JGx):
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնելով փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների, այսօր իր հերթին արձանագրել է, որ առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը (bit.ly/42qk02j):
Անշուշտ, ուրախալի է փաստել, որ լույս ընծայումից հետո, չափազանց կարճ ժամանակահատվածում, ժողովածուն այսպիսի մեծ պահանջարկ ունի:
Նկատի առնելով, որ «Զանգակ»-ում և մյուս բոլոր գրախանութներում ևս կա՜մ ամբողջությամբ սպառվել է, կա՜մ գրքի շատ քիչ քանակ է մնացել վաճառքում, իսկ գրքով հետաքրքրվող՝ գրասենյակ դիմողների թիվը բավականին մեծ է, հրատարակիչը և ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը որոշել են վերահրատարակել ժողովածուն:
Գործն ընթացքի մեջ է, և շատ շուտով գրախանութները կհամալրվեն գրքի նոր խմբաքանակով:

← Վերադառնալ ցուցակին