Նախագահ

Մինչ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը… ՈւՂԻՂ

15.12.2022

Մինչ արդեն 4 օր ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Նախորդ դատական նիստի ժամանակ առանցքային վկա Սևան Քոչարյանը վերջապես խոսեց, բայց նրա ասածն ավելի շատ ինքնախոստովանական ցուցմունքի էր նման:

 

Անգամ մեղադրող դատախազը չդիմացավ և նրան մատնանշեց իր խոսքի հակասությունները:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները:

Քանի որ դատարանը հիմնավորված համարեց, որ վկա Սևան Քոչարյանի նախաքննական ցուցմունքները էականորեն տարբերվում են դատարանում տված ցուցմունքներից, որոշվեց, որ նրա ցուցմունքները կհրապարակվեն ամբողջությամբ, ողջ ծավալով:

Հաջորդիվ Վահե Միսակյանը սկսեց հրապարակել Սևան Քոչարյանի նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Դատական նիստի ընթացքում վկա Սևան Քոչարյանի պաշտպանը պահանջեց տրամադրել իր վստահորդի նախաքննական ցուցմունքները: Դատարանը մերժեց:

Դատական նիստը հետաձգվեց մինչ 2023թ. հունվարի 12-ը: Այդ ընթացքում վկա Սևան Քոչարյանը կծանոթանա իր նախաքննական ցուցմունքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Սավզյան

 168.am

← Վերադառնալ ցուցակին