Նախագահ
«Վեց տարի ՊՆ-ի դիզելային վառելիքը ես եմ մատակարարել». «Դիզելի գործով» հիմնական վկա Սևան Քոչարյանը վերջապես խոսեց
24.11.2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով հիմնական վկան թեև վերջապես ներկայացել էր դատարան, սակայն հիմա էլ լսողական սարքի հետ կապված խնդիրն էր առաջ քաշել:
Ընդ որում, առանցքային վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել նրա հարցաքննությունը: Հենց Սևան Քոչարյանն է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը:
Թե ինչո՞ւ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատական նիստերին, և ինչո՞ւ ոստիկանությունը չի կարողանում ապահովել վկայի ներկայությունը դատական նիստին, հետաքրքրեց նաև նախագահող դատավորին, ով նախորդ դատական նիստի ընթացքում հարցեր ուղղեց վկային:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Սևան Քոչարյանն իր բնակարան այցելած ոստիկանության աշխատակիցներին ասել էր, որ հիվանդ է կորոնավիրուսով:
Դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ վկան համառորեն չէր ներկայանում դատարան: Սևան Քոչարյանը պատասխանեց՝ խնդիր չկա, ինքը չի ծանուցվել: Դատախազն առարկեց ու վկային բավականին հանգամանորեն բացատրեց ու տեղեկացրեց՝ վկան պատշաճ ծանուցվել է: Դատավորը վկայից պահանջեց պատասխանել դատախազի հարցադրմանը:
«Եղե՞լ են պատճառներ կամ խոչընդոտներ, որոնց պատճառով Դուք ծանուցագրերը չեք ստացել: Դրանք հետ են վերադարձվել: Ինչո՞ւ հետամուտ չեք եղել՝ ստանաք Ձեր ծանուցագրերը»,- ասել էր դատավոր Միսակյանը՝ պնդելով՝ վկան ունի կարգավիճակ ու պարտավոր է ներկայանալ դատական նիստերին:
Այսօրվա դատական նիստին ևս ներկա է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ միասին: Դահլիճում են Երրորդ նախագահի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ:
Դատական նիստին ներկա չէր վկա Եղիշե Վարդանյանը: Վերջինիս բացակայության առնչությամբ նրա պաշտպանը գրություն էր գրել դատավորին առ այն, որ վերջինս վատառողջ է, ու խնդրել էր նրա բացակայությունը հարգելի համարել:
Մյուս վկան՝ Սևան Քոչարյանը, ներկայացել էր, բայց կրկին լսողական սարքի հետ կապված խնդիրն առկա էր: Որոշվեց, որ Սևան Քոչարյանը շատ մոտենա դատավորին, որ լսի հարցերը, իսկ եթե կդժվարանա, նրա փաստաբանը հարցը կկրկնի:
Վկային հարցեր նախ դատախազը տվեց: Առհասարակ հնարավոր չէր հասկանալ՝ ինչ է ասում վկա Քոչարյանը, քանի որ վերջինս խոսում էր ցածր, միայն դատավորի համար լսելի ձայնով:
Ի վերջո, քանի որ հրապարակային դատաքննություն չէր ապահովվում, դատավորը կարճ ընդմիջում հայտարարեց՝ լսված լինելու հարցը լուծելու համար: Ընդմիջումից հետո խնդիրը լուծվեց, և վկա Քոչարյանի հարցաքննությունը շարունակվեց:
Վկան ասաց, որ իրենց առաջարկած գինը կատարված հաշվարկների արդյունք էր, սակայն դատախազի հարցին՝ կա՞ն արդյոք փաստաթղթավորված հաշվարկներ, որ հենց այդ գինն է նպատակահարմար եղել առաջարկել մեկ լիտր դիզվառելիքի համար, ասաց՝ չկան, ապա հավելեց, որ դա հնարավոր չէր անել, որովհետև միայն վառելիքը ներկրելուց հետո էր հնարավոր հասկանալ՝ ինչ գնով մատակարարել: Դատախազը նկատեց՝ վկայի պատասխանի մեջ հակասություններ կան:
«Ամեն ինչ արել ենք վկա Եղիշե Վարդանյանի հետ, գյուղնախարարություն նույնպես գնացել ենք միասին»,- ասաց վկա Սևան Քոչարյանը:
Դատախազը, այնուամենայնիվ, կրկին հարց ուղղեց վկային՝ եթե այդ ժամանակ շուկայում դիզելի մեկ լիտրի գինը եղել է 470 դրամ, ինչպե՞ս է ինքը 425-430 դրամ գին առաջարկել: Վկան պնդեց՝ իրենց առաջարկածը ողջամիտ գին է եղել այդ ժամանակի համար, ասաց՝ վատագույն դեպքում իրենց կարող էր մնալ 200-300 միլիոն դրամ եկամուտ:
«6 տարի Պաշտպանության նախարարության դիզելային վառելիքը ես եմ մատակարարել և ՊՆ-ի համար շատ արտոնյալ գներով»,- ասաց վկա Սևան Քոչարյանը:
Դատախազի հարցը վկային՝ որտեղի՞ց են իմացել, որ «Ֆլեշ» ընկերությունն է հաղթել մրցույթում, վկա Քոչարյանին հանկարծակիի բերեց, ասաց, որ իրենք իմացել են, որ իրենք չեն հաղթել:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Գոհար Սավզյան
168.am