Նախագահ

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ վկաների բացակայության պատճառով

09.06.2022

 Այսօր Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի հայտնի գործով հերթական դատական նիստն էր, սակայն վկաների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 7-ը։

 
 
Ինչպես նախորդ  դատական նիստերին, այնպես էլ այսօր՝ դահլիճում գտնվող Երրորդ նախագահի համախոհները նրան դիմավորեցին ծափահարություններով։
 
Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ դատարանը պետք է հարցաքններ գործով վկա Սևան Քոչարյանին, բայց քանի որ  նա չի ներկայացել դատական նիստին, իսկ նրա բացակայության պատճառների վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չունի, ուստի  բացակայությունը համարվեց ոչ հարգելի։
 
 
«Որևէ տեղեկություն չկա թեկուզ ուշացումով դատարան ներկայանալու մասին թե՛ վկայի, թե՛ վերջինիս փաստաբանի կողմից։
 
 
 
Մյուս վկայի՝ Եղիշե Վարդանյանի մասով փաստաբան Վարդուհի Էլբակյանից է դիմում ստացվել, ծանուցագիրը դատարան վերադարձվել է չպահանջված նշումով»,- նշեց դատավորը և ընդգծեց, որ ըստ այդ վկայի փաստաբանի՝ նա չի կարող ներկայանալ նիստին, քանի որ գտնվում է Երևան քաղաքից դուրս։
 
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրա  կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ:
 
Զվարթ Խաչատրյան
 168.am

← Վերադառնալ ցուցակին