Նախագահ
«Չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել խաղաղություն մուրող երկիր». Սերժ Սարգսյան
05.04.2022
«Ակնհայտ է, որ իրավիճակը շատ մտահոգիչ է և եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, այս հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով հանրահավաք, որին մասնակցում է նաև Երրորդ նախագահը։
Այն նախաձեռնել են ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները և հրավիրել են մասնակցելու բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնք մտահոգված են Հայաստանի ու Արցախի ճակատագրով։
Ինչպե՞ս կանխել Արցախին սպառնացող վտանգը, քանի որ չի բացառվում, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը և Ալիևը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեն։
Այս հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանը նախ ասաց՝ նայած, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և հավելեց.
«Ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրող երկիր»։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե նախկին իշխանություններն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Սերժ Սարգսյանն ասաց, որ հարյուրավոր անգամներ այդ հարցի պատասխանը տրվել է։
«Գիտեք, հրապարակն այն տեղը չէ, որտեղ լրջորեն պետք է խոսենք այդ թեմայի մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Զվարթ Խաչատրյան
168.am