Նախագահ

Ուզում էին կոռուպցիայից զերծ Հայաստան ստանալ, մինչև կոկորդները խրվեցին կոռուպցիայի մեջ Սերժ Սարգսյան

31.01.2022

 Սա ուրեմն էլի մանիպուլյացիա է և իրենց գործելաոճն է` կոնտեքստից կտրել ինչ-որ մի նախադասություն կամ ինչ-որ մի բառ և դա դարձնել դրոշակ ու փորձել վարկաբեկել, ավելի ճիշտ իրենք ոչ թե վարկաբեկում են նախորդ գործընթացները, այլ իրենք փորձում են իրենց արդարացնել, թե ինչու վերջը ձախողվեցին: Բայց իմ ասածի իմաստը շատ պարզ է եղել, շատ պարզ, որ, ժողովուրդ, ամեն վայրկյան, ամեն օր կարելի է սպասել Ադրբեջանի կողմից ոտնձգությունների: Այս մասին լրագրող Դավիթ Սարգսյանին տված հարցազրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված վերջին հարցազրույցի մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 
 
«Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի բնութագրումը այդպես դրանով սահմանափակել` կառուցողական է: Երբևէ դուք ինձանից լսել եք, որ ես ասեմ, որ Ալիևը կառուցողական է: Կարելի է ասել, որ նա իրատեսական է, կարելի է ասել, եթե շատ ուզում եք` խելացի է, կրթված է և այլն: Բայց ի՞նչ է նշանակում կառուցողական: Որտե՞ղ երևաց կառուցողականությունը: Որտե՞ղ:Գիտեք, ամբողջ այս շիլաշփոթը, կարծում եմ, որ իրենք ստեղծեցին բանակցային գործընթացում՝ երկու հանգամանքով է պայմանավորված: Մի հանգամանքը, իրոք, թեմային չտիրապետելն էր: Եվ մեծամտություն էր, որ իրենք կարող էին նոր բան հնարել` արհամարհելով, կողքի գցելով համանախագահների առաջարկությունները: Երկրորդ բանը, ես կարծում եմ, որ միգուցե, թեև իրենք այդքան վատ են մտածում մեր մասին, ես ինչ-որ տեղ փորձում եմ ինձ համոզել, որովհետև մարդիկ ցանկություն ունեն կամ ունեին, ավելի լավ պրոցես ստանալու: Բայց ցանկությունը, չի կարող իրականացվել առանց համապատասխան հանգամանքների` գիտելիք, ուժ, ճկունություն և այլն: Եթե հիշում եք, Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկն այսպիսի նախադասություն էր ասել, որ հետո դարձել էր թևավոր խոսք: Ասում էր՝ ուզում էինք լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ: Սրանց մոտ այդպես է: Իրենք ուզում էին բանակցային ավելի լավ պրոցես ստանային, ստացվեց բոլորովին հակառակը: Իրենք եկան իշխանության, ուզում էին ավելի լավ Հայաստան ստանալ, ստացան սևերի և սպիտակների Հայաստան: Ուզում էին ավելի ժողովրդավար լինել, ստացան հայհոյանքներով իրար հետ խոսող քաղաքական ուժեր: Ուզում էին կոռուպցիայից զերծ Հայաստան ստանալ, մինչև կոկորդները խրվեցին կոռուպցիայի մեջ: Ուզում էին ավելի մարտունակ բանակ ստանալ, ջախջախեցին այդ բանակը: Ուզում էին ավելի ժամանակակից, ինչպես ասում են յուղը վրեն սպառազինություն ստանալ, և այդ սպառազինությունը որևէ կերպ օգտակար չեղավ այդ մեզ համար կործանարար պատերազմում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին