Նախագահ
Ապրիլյան պատերազմից հետո համանախագահների առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում մեր կարմիր գծերը. Սերժ Սարգսյան
31.01.2022
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվե՞լ է, և հայկական կողմը գնացե՞լ է որևէ զիջման` սակարկե՞լ է այդ հարցի շուրջ: Վարչապետը պնդում է, որ, այո, 2016 թվականին է հենց հայկական կողմից նահանջ եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում:
Բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել, և ես դրա մասին խոսել եմ: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016-ին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվե՞լ է, և հայկական կողմը գնացե՞լ է որևէ զիջման` սակարկե՞լ է այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ 2016-ին ԼՂ բանակցային գործընթացում արմատական բեկում է եղել, որը կարելի է կոչել աղետ: Նա նաեւ պնդել էր, որ որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները:
«Երբ որ խոսում էի Ապրիլյան պատերազմի մասին և խոսում էի, որ քննիչ հանձնաժողով կար և այլն, ես շատ բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն՝ բանավոր, և նրանք պնդում էին, որ միգուցե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ զիջում կա և այլն»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե 2016-ին նոր հրադադարի պայմանագի՞ր էին առաջարկում, ինչին Դուք դեմ եք եղել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Բացարձակապես: Մենք որևէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չենք գնացել, և դա հաստատեցին համանախագահները, երբ որ հայտարարեցին հրապարակավ, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, ու ուժի մեջ է մնում 1994 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը»:
Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը դադարեցնելու գինը չի եղել սկզբունքներից որևէ մեկից հրաժարումը կամ՝ տարրերից որևէ մեկից, նա արձագանքեց. «Բացարձակապես: Ինչ վերաբերում է 2016 թվականի փաստաթղթին, եթե նկատել եք, նա այդ արանքներում խոսում էր ինչ-որ նամակների մասին և այլն, ու չէր ասում 2016 թվականին համանախագահների կողմից այդ ինչ առաջարկություններ են եղել, երբ են եղել այդ առաջարկությունները և այլն:
Այո, 2016 թվականին` Ապրիլյան պատերազմից հետո, մենք ստացել ենք համանախագահների կողմից առաջարկություններ: Եվ այդ առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք: Այդ կարմիր գծերը, նորից հիշեցնեմ, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն էր, երկրորդ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի առկայությունն էր, երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ճանաչումն էր միջազգային հանրության կողմից` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ, և այսպիսի բազմաթիվ ասպեկտներ, որ մի տեղ կոչվում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ժամանակավոր կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ: Եվ չորրորդը, որը բխում է կամ ի մի է բերում այս երեք կետերը, անվտանգության երաշխիքներն էին, որովհետև մեր կարծիքով անվտանգության ամենակարևոր երաշխիքը դա անկախությունն է, դա քո հնարավորությունն է օրինական կերպով ազդելու բոլոր գործընթացների վրա` լինեն դրանք անվտանգային և այլն: Այդ չորս տարրերից որևէ մեկի հետ ոչ մի վերապահում չի եղել»:
Սերժ Սարգսյանի խոսքով, այդ առաջարկների համաձայն պետք է գային խաղաղապահ ուժեր և կանգնեին երկու հակամարտող կողմերի մեջտեղում:
Ըստ նրա, մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին խոսք եղել է 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հայտարարության տեսքով, որը , իհարկե, հայկական կողմի համար շատ շահավետ էր, բայց դրանք խնդրի լուծման տարբերակներ չէին. «Տարբերակ էր կոնկրետ, որ պետք է բացառեր կոնֆլիկտները: Մինչև լուծման հասնելը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ զարմանալիորեն աղետ է անվանվում, պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը միշտ էլ ընկալվել է: Եթե որևէ մեկը, ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, ապա կտեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը, եթե ընդունեինք, անպայման պետք է հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որովհետև այնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, և ԵԱՀԿ-ն, առավել ևս Մինսկի խումբը, չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել»:
Այսինքն՝ մինչև Ապրիլյան պատերազմն է՞լ է խոսվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մասին, հարցին էլ արձագանքեց. «Բոլոր փաստաթղթերում այդ միտքը կար, այդ գաղափարը կար: Փաստաթղթերից որևէ մեկում գրված չէր, որ սա անպայման պետք է ուղարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ինչո՞ւ եմ ասում դա, որովհետև 2016 թվականին մեզ առաջարկվել է երեք տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ: Այս մասին էլի եմ խոսել. մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր, երկրորդը պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից, որտեղ կլինեին նաև որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին և Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանք լինեն հայտարարության մեջ, և երրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որն ամբողջականացնում էր այս երկու փաստաթղթերը, միահյուսում էր այս երկու փաստաթղթերը և նաև իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ»:
news.am