Նախագահ
«Հնարավոր է խափանել այդ ուժերի սցենարը». Սերժ Սարգսյանի մեսիջը՝ հասարակությանը
18.12.2021
«Վստահեցնում եմ ձեզ, արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ՝ տրոյական ձի, որպեսզի ներսից մեր ձեռքով մեր տունը քանդի: Ցավոք, այդպիսիք կային, և մանիպուլյացված հասարակությունը հետևեց նրանց: Անգամ այսօր, այսքան աղետ ու ավեր տեսնելուց հետո էլ մեր հասարակությունը կարող է իր ընդվզմամբ, համախմբվածությամբ խափանել աշխարհաքաղաքական այլ շահեր ու նպատակներ ունեցող ուժերի սցենարը: Համազգային շահերի պաշտպանության հարցում ցույց տալ իր միակամությունն ու ուժը: Պետք է գիտակցել, որ ամեն ուշացած քայլ ամեն հաջորդ օր ավելի է մոտեցնում վերահաս նոր վտանգը»,- ՀՀԿ համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իշխանազավթումից ամիսներ հետո էլ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ մենք այս ահազանգը հնչեցնում էինք: ՀՀԿ-ն սկզբից՝ գրեթե միայնակ, իսկ հետո՝ մի շարք ուժերի հետ միասին աղաղակում էր, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը, քանի ուշ չէ: Հիշո՞ւմ եք՝ 2018թ. դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մեր կարգախոսն էր. «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, ընտրիր ՀՀԿ-ին»:
Ցավոք, հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը՝ սեփական հայրենիքում մարգարեներ չկան: Վերջին ընտրությունների արդյունքները ևս փաստեցին, որ հասարակությունը դեռևս խորությամբ չի գիտակցում իր հետ տեղի ունեցածը: Բացարձակ նպատակ չունեմ բոլոր սխալները, մեղքերն ու խնդիրները բարդել ուրիշների վրա, հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց և հասկանալի լեզվով չեմ խոսել, որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը, որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության և պաշտպանության հարցերի վրա, ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել, որ որոշ դեպքերում, և այդ դեպքերը քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին, և, որպես հետևանք, գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը»,- ասաց Երրորդ նախագահը:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am