Նախագահ

«Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ». Սերժ Սարգսյանը՝ 2018թ․ մասին

18.12.2021

 «2018թ. ես հեռացա՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների և աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի և ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արդյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը՝ իշխանության եկածներից նույն ոգևորությամբ պահանջելով հետևողականորեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին»,- ՀՀԿ համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
Նա ընդգծեց, որ միայն ուրախ կլիներ, եթե այդպես լիներ և երկրում խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն լիներ:
 
«Թավշյա և ժողովրդական հեղափոխության շղարշի ներքո քողարկվածի իրական նպատակներն այսօր արդեն շատերին տեսանելի են: Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ, կամ ուժ կիրառելով, սեփական երկրում արյուն թափելով՝ մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հետո հեղափոխություն կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուներն ինչ վիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին՝ բնորոշելով նրա ղեկավարին բռնապետ, իսկ երկիրը՝ իզգոյ, և այլն, և բողոքի նորանոր ալիքներով անկայունություն կհրահրեին՝ մինչև հասնեին իմ հրաժարականին: Նրանց ամենևին էլ հետաքրքիր չէր, որ Հայաստանի ներքաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, որ սահմանին միանգամից լարվածություն է առաջանում, և թշնամին օգտվում է հարմար առիթից: Նրանց համար միևնույն էր, գուցե և՝ ցանկալի, ինձ համար՝ ոչ: Ես այդ ամենը հաշվի էի առել: Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումներն Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատկերացումների հետ: Մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր»,- ասաց Երրորդ նախագահը:
 
«Իմ նպատակը 2018թ. ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը: Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար: Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ էր արժենալու Հայաստանի համար: Ես դրանում վստահ էի, մինչդեռ ինձ մեղադրեցին իշխանությունը հավերժ պահելու ցանկության մեջ և ամեն ինչ արեցին՝ հեռացնելու համար: Ինձ այսօր հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցի ցուցարարների նկատմամբ. Ասել եմ և կրկին կասեմ՝ հեշտ է հետհայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018թ. իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև, տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին