Նախագահ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 17-րդ համագումարում. Մաս 5-րդ
18.12.2021
Մենք հայտարարում ենք.
- Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:
- Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:
Հանրապետականը, ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր և ակտիվ վերափոխումների ժամանակաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ինչպես գերտերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև առկա ուժային հավասարակշռության փոփոխման, ազդեցության նոր գոտիների ձևավորման ուղղությամբ։ Նման մասշտաբային փոփոխությունները անխուսափելիորեն հանգեցնում են նոր ճգնաժամերի և մեծացնում անկանխատեսելի զարգացումների ռիսկը:
Աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները, լարվածության ավանդական օջախներին ավելանում են նորերը, և այս ամենը ոչ մի լավատեսություն չի ներշնչում։
Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում մեր խնդիրները աշխարհին ավելի հետաքրքիր չեն, քան սեփական հոգսերը։ Մենք չենք կարող քայլել համաշխարհային գործընթացների տրամաբանությանը հակառակ և պահանջել, որ աշխարհն ու միջազգային հանրությունը մեր փոխարեն լուծեն մեր խնդիրները։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է ընկած լինի ցանկացած ողջամիտ իշխանության քաղաքականության հիմքում, քանի որ դրա անտեսումը պատմականորեն ողբերգական հետևանքներ է ունեցել պետությունների համար։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում այսպիսի մասշտաբային փոփոխություններ տեղի են ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 100 տարի առաջ, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, մենք կարողացանք վերականգնել Հայոց պետականությունը, միաժամանակ` հենց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները ճիշտ չընկալելու, սեփական ուժերը ճիշտ չգնահատելու, անփորձության, պառակտվածության արդյունքում կարճ ժամանակ անց կանգնեցինք մեծ կորուստների փաստի առջև։ Սեփական սխալներից դասեր չքաղելը հղի է նոր աղետների կրկնություններով:
Գլոբալ փոփոխությունների վտանգավոր ժամանակահատվածում, մեծ հաշվով, կարողանում են ճիշտ դիրքավորվել այն երկրները, որոնց հաջողվում է գրագետ քայլերով, ճկուն դիվանագիտությամբ պահպանել հավասարակշռությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. ոչ թե փորձել աշխարհին քայլեցնել քո կամայական ու հաճախ չհիմնավորված ցանկությունների ուղղությամբ, այլ քայլել համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին զուգահեռ։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից սկսած՝ մեր քայլերը հենց այդպիսին են եղել, որոնց վրա ընթացիկ առանձին խնդիրները մեծ ազդեցություն չեն ունեցել: Արդյունքում` մենք ունեինք կայուն և զարգացող երկու հայկական պետություն, մեզ հարգում էին որպես հաղթանակած ազգ, որպես ընկալելի և կանխատեսելի գործընկեր։
Ցավոք, վերջին տարիներին մեր երկիրը շեղվել է այս պարզ տրամաբանությունից և շարժվում է անհասկանալի ու խիստ վտանգավոր ճանապարհով։ Գործող վարչակարգի անհեռատես ու արկածախնդիր քայլերի հետևանքով Հայաստանը կորցրել է երբեմնի հեղինակությունը, դիրքավորվել որպես աշխարհի համար լրացուցիչ խնդիր դարձած երկիր և ակնկալում է, որ իրեն աջակցեն։ Ընդ որում, այդ ակնկալիքը արտահայտվում է մե՛րթ անհասկանալի ամբիցիաներով ու հռետորաբանությամբ, մե՛րթ նվաստացուցիչ խեղճուկրակ զիջողականությամբ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը, առհասարակ, կասկածի տակ է դնում մեր պետության և ժողովրդի կենսունակությունը։
Անհրաժեշտ է գիտակցել, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:
Վերը թվարկածիս գումարվել է մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային լրջագույն խնդիր է դարձել բոլոր երկրների և առաջին հերթին ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողունակ և անպատասխանատու իշխանություններ ունեցող երկրների համար։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որը համավարակի հենց սկզբնական շրջանում այնպիսի անլուրջ և անպատասխանատու մոտեցում ու գործելակերպ որդեգրեց, որ մարդիկ սկզբից ևեթ ամբողջ լրջությամբ չընկալեցին վերահաս վտանգը և անգրագետ ղեկավարի անպատասխանատու վարքագիծը, անհեթեթ որոշումները, ուշացած արդարացումներն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակում ձեռնարկած քայլերը ոչ միայն ցանկալի արդյունք չապահովեցին, այլև Հայաստանը հայտնվեց համավարակից ամենաշատը տուժած երկրների ցանկում:
Աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից մեզ պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի առիթով ես ասել եմ, որ այդ ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը: Քաղաքական դաշտում գործընթացների զարգացումը տարավ նրան, որ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ ձևավորելով «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը: Ընտրությունների արդյունքները որքան էլ մեզ համար կանխատեսելի էին, քանի որ իրավիճակը մենք լավ էինք պատկերացնում, այնուամենայնիվ, ցավալի էր տեսնել, որ ժողովրդի մի զգալի հատվածին կրկին մոլորեցրին ստի, վախի, բռնաճնշումների և տարբեր մանիպուլյացիաների միջոցով, այնինչ կապիտուլյանտ իշխանություններն առհասարակ պետք է դուրս շպրտվեին քաղաքական դաշտից և իրենց բերած աղետի ու ավերի համար կրեին խստագույն պատասխանատվություն:
Ի հեճուկս հանրապետականներին քաղաքական լուսանցքում տեսնել տենչացողների՝ մեր կուսակցությունը 2 տարի անց կրկին վերադարձավ խորհրդարան: Եվ սա՝ մեր դեմ իշխանական լծակների լայնորեն կիրառման, մեր գրասենյակներ անհիմն ներխուժման, բռնության հրահրման, սպառնալիքների ու ատելության մթնոլորտի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում:
Այս իրավիճակում, չնայած խմբակցության փոքրաթիվ լինելուն, գործընկերների հետ շարունակում ենք պայքարը կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելու ուղղությամբ` ի լրումն խորհրդարանից դուրս տարվող մեր աշխատանքի: Ապազգային մեծամասնությամբ այս խորհրդարանում մեր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին տեսակետները տարբեր են: Մենք ականջալուր ենք մեր ընտրողների տեսակետներին, հաճախ տեղին քննադատություններին, խմբակցության պատգամավորների առջև դրվող պահանջներին և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք` այդ մանդատներից մեր պատգամավորները կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս:
«Ի՞նչ է լինելու այս ամենից հետո, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, ի՞նչ է պետք է անել դրա համար»՝ այս օրերին ամենաշատը տրվող հարցերն են:
Առաջին` չհամակերպվել այս իրավիճակի հետ և չշարունակել այն մտայնությամբ ապրել, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Թոթափել պարտվածի հոգեբանությունը, նախևառաջ` արիանալ հոգով, վերագտնել հավատը մեր ուժերի և մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:
Երկրորդ` ամեն օր լրացնել սեփական գիտելիքների պաշարը՝ շարունակական կրթությունը դարձնելով կենսագործունեության մաս: Ձգտումը՝ դառնալու ավելի լավը, խելացին և ուժեղը, կարևոր նախապայման է հայրենիքին պիտանի լինելու և արժանվույնս ծառայելու համար:
Երրորդ` իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե` մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո: Վերլուծությունից ճիշտ հետևություններ անել, որը շատ կարևոր է նույն սխալը, ցավոք, ճակատագրական սխալը, չկրկնելու համար: Չապրել պատրանքներով, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր խնդիրը լուծելու է:
Չորրորդ՝ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով, կրկնում եմ` բոլոր հնարավորություններով, գործել ազգադավ ուժերի դեմ: Միաժամանակ աշխատել երիտասարդության հետ, կրթել ազգային ոգով` քաջ գիտակցելով, որ մեր պայքարի համար պիտանի չեն նույնիսկ աշխարհի լավագույն բուհերում կրթված այն երիտասարդները, որոնք Հայրենիք չունեն իրենց հոգում և մտքի մեջ, չունեն ազգային արժանապատվություն:
Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում:
Նշածս նպատակին հասնելու համար ոչ մի դեպքում ճանապարհ չի կարելի ընկնել ծուլության, մեծամտության, հուսահատության, սնափառության հետ: Սրանք կործանարար են:
Անհրաժեշտ է, որ բոլորս մեր հետագա գործողություններում հստակ ամրագրենք՝
- զրո հուսահատություն, քանզի ստեղծված իրավիճակում հուսահատությունը մեղք է ոչ միայն Աստծու, այլև Հայրենիքի հանդեպ,
- զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու,
- զրո ամբիցիա, քանզի հանուն Հայրենիքի բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները։
Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ մենք քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ ենք:
Աստված պահապան մեր ազգին, մեզ զորավիգ՝ հայրենանվեր մեր ձեռնարկումներն իրականացնելու ճանապարհին:
Շնորհակալ եմ ուշադրության համար: