Նախագահ

«Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները». Սերժ Սարգսյան

18.12.2021

 «Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի,  ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

 
Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից»,– այսօր ՀՀԿ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
«Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ:
 
Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար»,– հավելեց նա:
 
Անդրադառնալով կուսակցությանը, Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենց իշխանության տարիներին ինքը մշտապես կասկածամտությամբ է վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին՝ համարելով, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ:
 
Նրա գնահատմամբ՝ ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից:
 
«Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում:
 
Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին   գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով: Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը:
 
Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ»,– ասաց նա:
 
Կուսակցական հետագա գործունեության համար Ս․ Սարգսյանն առաջնահերթ է դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել է նաև«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած իրենց վերջին հավաքի ընթացքում:
 
Նա հակիրճ թվարկեց դրանք՝
 
1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում,
 
2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
 
3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
 
4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
 
5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
 
6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:
 
Ս․ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները:
 
Ս․ Սարգսյանի խոսքով՝ այսօր ՀՀԿ–ի առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: ՀՀԿ–ն, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտի դառնալ իշխանություն` իրենց ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ «այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին»:
 
«Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից:
 
Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն:
 
Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին  մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս:
 
Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք  վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է«,– հայտարարեց Ս․ Սարգսյանը։
 
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ–ի երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։
 
«Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։
 
Մեր կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը և կուսակցական մի շարք ընկերներ իրենց երիտասարդ տարիների զգալի հատվածը նվիրել են ազգային ազատագրական պայքարին և պետականաշինության գործին։ Հանրապետական լինելը ծանր պատասխանատվություն է, որը ենթադրում է անձնազոհություն և աշխատասիրություն։ Դուք պարզապես պարտավոր եք անձնական օրինակով դառնալ ազգային պահպանողական արժեքների տարածողը ձեր շրջապատում։ Պահպանողականությունը հնի պաշտամունք չէ, պահպանողականությունը հետադիմություն չէ, ինչպես շարունակաբար քարոզչական հնարքներով փորձում են համոզել ձեզ՝ նպատակ ունենալով մեր ժողովրդին կտրել սեփական արմատներից: Ու նաև  հիշեք՝ այն կուսակցությունը, որի շարքերում մեծ թիվ են կազմում նվիրված ու աշխատասեր երիտասարդները, դատապարտված է հաջողության։
 
Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը: Մենք առաջարկում ենք ստեղծել կուսակցական նոր մարմին՝ ուսանողական կազմակերպություն։ Իմ գործընկերները կանոնադրական փոփոխությունները ներկայացնելիս այս հարցին ևս կանդրադառնան: Ես միայն կընդգծեմ, որ ուսանողությունը միշտ եղել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, և վստահ եմ, որ այդ կառույցն իր շուրջը կհամախմբի ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալ ուսանողների։
 
Նախորդ երկու համագումարների ժամանակ իմ և մեր մյուս գործընկերների ելույթներում կարևորել էինք մեր կուսակցության քաղաքական դպրոցի ստեղծումն ու զարգացումը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի     700-ից ավելի ունկնդիր և շրջանավարտ (այս պահին՝ 100 ունկնդիր և 600-ից ավելի շրջանավարտ)»,– հայտարարեց Ս․ Սարգսյանը։
 
Նրա խոսքով՝ այս տարիներին իրենք լուրջ ուշադրություն են դարձրել ոչ միայն մեր կուսակցության շարքերում, այլև հանրապետությունում քաղաքականապես գրագետ, բանիմաց և մրցունակ կադրերի պատրաստման, որակավորման շարունակական բարձրացման հարցերին: Ս․ Սարգսյանի գնահատմամբ՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը դրան մեծապես նպաստել է` դառնալով որակյալ ոչ ֆորմալ կրթության կայացած և ճանաչված հաստատություն։
 
«Մեր դպրոցի շրջանավարտները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, նաև անկուսակցականներ, ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ պետական ծառայողներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլն։
 
Մենք շարունակելու ենք զարգացնել քաղաքական դպրոցը, որի աշխատանքը պետք է արտացոլվի հասարակության մեջ: Մենք հավատում ենք, որ Հանրապետականի հետագա հաջողությունների գրավականը պահանջկոտ և քաղաքականապես կրթված ընտրողն է։
 
Ինչպես գիտեք, ես բանախոսությամբ եմ հանդես եկել դպրոցի բոլոր հոսքերում։ Պետք է հերթական անգամ փաստեմ, որ մենք ունենք հոյակապ երիտասարդներ»– ասաց նա։

168.am

← Վերադառնալ ցուցակին