Նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 17-րդ համագումարում. Մաս 2-րդ

18.12.2021

 Հարգելի´ գործընկերներ,

 
Այս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է: Այսօր և այստեղ մենք, որպես քաղաքական ուժ,  ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն ենք ազդարարելու, մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում: Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, սիրելի՛ կուսակից ընկերներ,  ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել. մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն      ու      մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճան ստահակների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների: Կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց պատասխանը` 
- Այո՛, պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին.
- Այո՛, պատրաստ ենք աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում.
- Այո՛, պատրաստ ենք մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից. 
-Այո՛, պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:
 
Մեր հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում ենք այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ` հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են մեր նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էինք տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած  քայլերը: 
 
Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք:  Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի  պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում: 
 
Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել:
Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք: Իրավիճակով պայմանավորված՝ եղել են նաև կուսակցության մի քանի տասնյակ հայտարարություններ ու գնահատականներ: Այդուհանդերձ, հերթական համագումարը հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհը, առավել հանգամանորեն անդրադառնալու և պատասխանելու ձեզնից շատերին և մեր հասարակության մի ստվար հատվածին հետաքրքրող հարցերին. ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը, ի՞նչ է կատարվում հիմա մեր պետության ներսում, ի՞նչ լրջագույն մարտահրվերների ենք առնչվում, և ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կան Հայաստանի ու Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ միջավայրում, ի՞նչ շահերի բախման կիզակետում ենք գտնվում, ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ մշտապես միասնական աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար:
 
Ինչպես տեսնում եք, ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ և նույնը ակնկալում եմ ձեզնից: 
 
Ասել, որ հաշվետու ժամանակահատվածը մեր ժողովրդի և կուսակցության պատմության ամենածանր ու դժվարին տարիներն էին, նշանակում է գրեթե ոչինչ չասել:
 
Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել մեր կուսակցության բոլոր նվիրյալ անդամներին և հավատարիմ աջակիցներին, որոնց շնորհիվ Հանրապետականը ոչ միայն իշխող վարչակարգի անթիվ ապօրինությունների, այդ թվում` ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը անձնական նեղ շահերին ծառայեցնելու պայմաններում ծանր պայքարից հետո մնաց Հայաստանի քաղաքական կյանքում, այլև այսօր հանդիսանում է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, անվտանգության ու պաշտպանության համար պայքարի առաջամարտիկներից մեկը: Մեզնից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականը և նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ «թավշյա» կոչված «հեղափոխության» իրական դրդապատճառներն ու ինչպես ասում են` ծառը իր պտղից ճանաչեցին:
 
Այս հինգ տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք անասելի վայրիվերումների` տեսանք ինչպես միջազգային ասպարեզում իր հստակ տեղն ու դերն ունեցող, հարգանքի արժանի, ազգային արժանապատվությամբ, հաղթած պետության անցնցում ընթացքը, այնպես էլ, ցավոք, արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում հաջողությամբ փորձարկված հայտնի տեխնոլոգիաներով երեքուկես տարի առաջ ժողովրդին մոլորեցրած պոպուլիստների պետականակործան քաղաքականությունը, ազգային արժեքների ոտնահարումը, պետության հիմնասյուների միտումնավոր խարխլումն ու թուլացումը, հասարակության պառակտումն ու այն աստիճանի բարոյալքումը, որ ազգակործան իշխանությունների կողմից բացված «օվերտոնի պատուհանից» գրեթե ամեն օր հանրության ականջին հասցվող հակապետական, ապազգային մտքերն այլևս համազգային միահամուռ ընդվզման ու դատապարտման չեն արժանանում, ինչպես դա պետք է լինի առողջ հասարակություն, ազգային արժանապատվություն և պայքարի ոգի ունեցող ազգի պարագայում: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է պարտվածի հոգեբանություն: Կապիտուլյանտ իշխանություններն իրենց բերած պարտությամբ հասարակության շրջանում այդ հոգեվիճակը միտումնավոր ավելի ու ավելի են խորացնում, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին, կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, վախեր հաղորդել, իջեցնել ազգի ինքնագնահատականը` անցյալի հաղթանակների նսեմացմամբ և թշնամու առաջ նվաստացումների խայտառակ տեսարաններով: 
 
Իրադարձությունների այս շղթան ինչ-որ պահի դարձավ ազգի ինքնաոչնչացմանն ուղղված մի կասկադային հրեշավոր մեխանիզմ, որի ժամացույցը գործի էր դրվել 2018 թվականի ապրիլին, սակայն իրականում այն լարվել էր շատ ավելի վաղ և աստիճանաբար թունավորելով հասարակությանը՝ մոտեցրել գործարկման օրվան:
 
Այս երեքուկես տարիների ընթացքում ես առիթներ ունեցել եմ տարբեր ձևաչափերով` հարցազրույցների, մամուլի ասուլիսի, ճեպազրույցների, ելույթների, կուսակցական տարբեր միջոցառումների ու առանձին հանդիպումների ժամանակ անդրադառնալ վերոհիշյալ թեմաներին, ներկայացնել իմ մոտեցումները, և այսօր դրանցում տեղ գտած մի շարք կարևոր դիրքորոշումներ կվերահաստատեմ:
 
2018 թվականին ես հեռացա` խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք սրտի,  անցած երեքուկես տարիներին ոչինչ չմնաց: 
 
«Թավշյա և ժողովրդական հեղափոխության» շղարշի ներքո քողարկվածի իրական նպատակներն այսօր արդեն շատերին տեսանելի են: Ես, ակնհայտորեն, խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ ուժ կիրառելով՝ սեփական երկրում արյուն թափելով, մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հետո «հեղափոխություն» կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուները ինչ վիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին` բնորոշելով նրա ղեկավարին բռնապետ, իսկ երկիրը իզգոյ և այլն, ու բողոքների նորանոր ալիքներով անկայունություն կհրահրեին,  մինչև հասնեին իմ հրաժարականին: Նրանց ամենևին հետաքրքիր չէր, որ Հայաստանի ներքաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, որ սահմանին միանգամից լարվածություն է առաջանում, և թշնամին օգտվում է հարմար առիթից: Նրանց համար միևնույն էր, գուցե և ցանկալի, ինձ համար՝ ոչ: Ես այդ ամենը հաշվի էի առել: 
 
Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատկերացումների հետ. մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
 
Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար: Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ է      արժենալու Հայաստանի համար: Ես դրանում վստահ էի, մինչդեռ ինձ մեղադրեցին իշխանությունը հավերժ պահելու ցանկության մեջ և ամեն ինչ արեցին հեռացնելու համար:
 
Ինձ այսօր       հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցի ցուցարարների նկատմամբ: Ասել եմ և  կրկին կասեմ՝ հեշտ է հետահայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018-ին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ:
 
Վստահեցնում եմ ձեզ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա      աջակիցներ` տրոյական ձի, որպեսզի ներսից մեր ձեռքով մեր տունը քանդի: Ցավոք, այդպիսիք կային, և մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց: Անգամ այսօր, թեկուզ ուշացած, այսքան աղետ ու ավեր տեսնելուց հետո էլ մեր հասարակությունը կարող է իր ընդվզմամբ, համախմբվածությամբ խափանել աշխարհաքաղաքական այլ շահեր ու նպատակներ ունեցող ուժերի սցենարը, համազգային շահերի պաշտպանության հարցում ցույց տալ իր միակամությունն ու ուժը: Պետք է գիտակցել, որ ամեն ուշացած քայլ, ամեն հաջորդ օր ավելի է մոտեցնում վերահաս նոր վտանգը: 
 
Իշխանազավթումից ամիսներ հետո էլ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, մենք այս ահազանգը հնչեցնում էինք: Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում էր, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին` սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը, քանի ուշ չէ: Հիշո՞ւմ եք, 2018-ի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մեր կարգախոսն էր. «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ,  Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին»: Ցավոք, հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «սեփական հայրենիքում չկան մարգարեներ»: Վերջին ընտրությունների արդյունքները ևս փաստեցին, որ հասարակությունը դեռևս խորությամբ չի գիտակցում իր հետ տեղի ունեցածը:
 
Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի,  ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ      դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:
 
Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից: 
 
Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ: 
 
Ես      հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար:

← Վերադառնալ ցուցակին