Նախագահ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 17-րդ համագումարում. Մաս 4-րդ
18.12.2021
Հարգելի՛ գործընկերներ,
Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Արցախյան երրորդ պատերազմին, դրա հանգամանքներին և հետևանքներին:
2020 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդն առերեսվեց մի աղետի, որ սանձազերծել էր Ադրբեջանը՝ թիկունքում ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:
Մեկ տարի առաջ մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում՝ ոչ թե հարսանիք կամ փառատոն նկարահանելու, այլ մարդկային կյանքեր խլելու համար: Մեր երեխաներն ու թոռները մտածում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ սիրահարվելու, այլ նաև արգելված զինատեսակների կիրառմամբ այդ մսաղացում ողջ մնալու և Հայրենիքը պաշտպանելու մասին:
Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս անհայրենիք ապիկարներին:
Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար
Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի.
- Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:
- Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:
-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:
- Այո, այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել:
-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:
-Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք:
Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:
Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:
Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ և հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի:
Հավերժ փա՛ռք մեր զոհված բոլոր նահատակներին, փա՛ռք նրանց սխրանքներին, խոնարհո՛ւմ նրանց վառ հիշատակին:
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը:
Հայ ժողովուրդը հարցեր ունի ոչ միայն երկրի ներսում՝ թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս բերեց այս պատերազմը, այլև հարցեր ունի երկրից դուրս՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում հանդուրժեց, այդպիսով անուղղակի խրախուսեց ադրբեջանաթուրքական գործակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ագրեսիայի զոհ դարձած Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը վկայող հազարավոր անհերքելի ապացույցներ ու փաստեր են հրապարակվել:
Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:
Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը:
Այսօր էլ` 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չափազանց մտահոգիչ է Սյունիքի և ոչ միայն Սյունիքի շուրջ ստեղծված իրադրությունը, դատապարտելի են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը: Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ և անպատիվ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում իրենց իսկ կողմից ստեղծված խոր ճգնաժամի և վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը, հատկապես՝ բարձր պաշտոն զբաղեցնողների, լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:
Բազմաթիվ են դեպքերը, երբ սրանց անհեռատես մտքերը, սեփական ճակատագրական սխալները կոծկելու անհեթեթ պնդումներն այնուհետև օգտագործվում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ:
Այս իրավիճակում, երբ մեր հասարակությունը չի կարողանում հաղթահարել հետպատերազմյան շոկը, վախերը, ընկճախտային տրամադրությունները և դառնում է հարմարվող, պասիվ դիտորդի դեր ստանձնում, քաղաքական ուժերն ու առաջնորդները, ինչպես նաև նրանց աջակիցները, հայրենանվեր երիտասարդները պետք է երկրում փոխեն նման տրամադրությունները, հասարակությանը դուրս բերեն այս վտանգավոր թմբիրից:
Մարդկանց հույզերի, սպասումների, ոգևորության ալիքի վրա իշխանության եկած անհայրենիք պոպուլիստները շատ արագ մոռացան բոլոր խոստումները և ամենազազրելի մեթոդներով, հակասահմանադրական քայլերով ասպատակում են մեր պետությունը:
Ինչպես հայտնի է և մարդկության պատմության մեջ բազմիցս ապացուցված` պոպուլիզմից բռնապետություն մեկ քայլ է:
Երկիրը կառավարելու անընդունակ, անգրագետ, մեծամիտ պոպուլիստները սեփական ձախողումները արդարացնելու նպատակով մարդկանց շարունակաբար ստերով կերակրելու վաղուց հայտնի ձևն են օգտագործում` հրապարակ նետելով «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզը, որպեսզի ժամանակ շահեն դեպի ավտորիտար ռեժիմ տանող ճանապարհին իրենց դիրքերն ավելի ու ավելի ամրապնդելու, պատասխանատվությունից խուսափելու համար: Նրանց արդեն բավարար չեն զավթած գործադիր և օրենսդիր իշխանությունները. տևական ժամանակ հարձակում են իրականացնում դատական իշխանության և մամուլի դեմ: Ժողովրդի անունը անընդհատ շահարկելով՝ իբր ժողովրդին ծառայող ու հաշվետու իշխանությունները կարճ ժամանակ հետո սկսեցին նույն ժողովրդի թիկունքում թաքուն որոշումներ կայացնել, գաղտնի բանակցություններ վարել և ցինիկաբար հայտարարել, թե` «լավ ենք անում»:
Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում` համագործակցության պայմաններում, ինչպես նաև միջազգային և տեղական համապատասխան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների աչքի առջև, որոնք հանդուրժում են սրանց ակնհայտ հակաժողովրդավարական, հակաօրինական որոշումներն ու գործողությունները, երբ տարիներ առաջ լուն ուղտ կսարքեին, միջազգային հարթակներում աղմուկ կբարձրացնեին, զեկույցներ կգրեին, հարցազրույցներ կտային: Պատահականությո՞ւն է սա: Արդյո՞ք այդպիսով մինչև այժմ անուղղակի չէին խրախուսում և չեն խրախուսում այս ամենը, և ի՞նչ գին ունի սրանց այդ լռությունը: Իրենց համար՝ չգիտեմ, բայց մեր պետության ու ժողովրդի համար անասելի մեծ գին արժեցավ` ընդհուպ մինչև մեր հայրենիքի մի հատվածի կորուստը և հազարավոր երիտասարդների կյանքեր, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հասցված մեծ հարված:
Արդյունքում ստացվեց, որ այսպես կոչված չտվողը տվեց ամեն ինչ ու մինչև հիմա տալիս է: Իր համար տալը հեշտ է, քանզի վերցնելու համար իր և իր ընկերների արյունը թափված չէ, քանզի իր հոգու մեջ Հայրենիքը գերագույն արժեք չէ, քանզի իր աթոռը, բարեկեցությունը, հիվանդագին ամբիցիաները, նյութական շահերը վեր են դասվում հայրական տնից, պապերի գերեզմաններից, զավակների դպրոցից և Աստծու տաճարներից:
Իր համար հեշտ է, իսկ քե՞զ համար, հա´յ ժողովուրդ, հե՞շտ է հետևել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաներիդ դպրոցի ճանապարհը անցնում ադրբեջանական զինվորների հայացքների ու ավտոմատների ներքո, թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում, իսկ ավելի ճիշտ՝ նավթ ու բենզին, թե ինչպես են հինավուրց մի ժողովրդից փորձում կերտել մանկուրտների հանրույթ:
Եվ այս ամենից հետո խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա: