Նախագահ

«Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես»․ Սերժ Սարգսյան

18.12.2021

 «Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից»,– այսօր հրավիօրված ՀՀԿ համագումարում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը:
 
«Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում: Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով:
 
Երբ  ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից»,– նկատեց Ս․ Սարգսյանը:
 
Նրա խոսքով՝ կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:
 
«Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով:
 
Այսօր և այստեղ ուզում եմ ձեզ հետ շատ բաց և շիտակ լինել, եթե կուզեք՝ խոցելիության աստիճանի: Ահա կանգնած եմ ձեր առջև անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախ պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը:  Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես»:
 
168.am

← Վերադառնալ ցուցակին