Նախագահ

«Ես ասել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն». Սերժ Սարգսյան

15.05.2021

 Այսօր ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը: Արարողությունից հետո  ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը միասին ծառ տնկեցին: Ծառատունկի ընթացքում լրագրողներից մեկը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ճի՞շտ է հասկացել, որ վերջինը չի մասնակցելու հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սարգսյանն ի պատասխան՝ խնդրեց, որ թողնեն սկզբում գործն անի (ծառը տնկի), հետո խոսի: Ծառը տնկելուց հետո ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց լրագրողի հարցին.

 
 
«Բա եթե չեմ մասնակցելու, այստեղ ես ի՞նչ եմ անում: Ցուցակում չլինելը չի նշանակում՝ ընտրություններին չմասնակցել, իսկ ինչո՞ւ ցուցակում չեմ, ավելի ճիշտ, ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև տարրական քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում՝ նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն: Ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
 
Հարցին, թե ինչո՞ւ չի հավակնում բարձր պաշտոնի, Սարգսյանն արձագանքեց.
 
«Ինչո՞ւ, շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում: Ունե՞մ այդպիսի իրավունք»:
 
Լրագրողները նաև հարցրին, թե ճի՞շտ են տարածվող այն լուրերը, թե Սերժ Սարգսյանն է կազմում նախընտրական ցուցակը:
 
«Ոչ, խնդրում եմ էս գլխից այդ պրովոկացիոն բամբասանքներին չհավատալ, ես կարող եմ հիմա այնպիսի լուրերի մասին խոսել, որ ձեր մազերը կարող է  բիզ-բիզ կանգնեն, բայց խոսքը դրա մասին չէ, մենք հավասար դաշնակիցներ ենք և այդպես էլ աշխատելու ենք»,- ասաց Սարգսյանը:

Անահիտ Հովհաննիսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին