Նախագահ
«Իհարկե, Շուշին հանձնվել է». Սերժ Սարգսյան
16.02.2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
-Պարո՛ն նախագահ, հրամանատարական կետում ոչ կոմպետենտ անձանց ներկայությունից խոսեցիք, ես խնդրում եմ պատմել պատերազմի օրերին Արցախ Ձեր այցելության մասին. ո՞ւմ հետ եք հանդիպել, երկրորդ նախագահն ասաց, որ Արցախի նախագահն իրեն չի ընդունել: Դուք վստահ եմ, փորձ արել եք իրեն հանդիպելու, հանդիպե՞լ եք:
-Ոչ, չեմ հանդիպել: Ես գնացել եմ Արցախ և 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Արցախի նախագահին՝ մի քանի րոպեով ինձ ընդունել: Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել Ձեզ հայտնի պատճառներով, ես ընդամենը երկու նպատակ ունեի. Արայիկ Հարությունյանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ՝ նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն, ինչպես Դուք եք ասում, կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, որովհետև մի կողմից էլ ոնց որ բեռ ես դառնում քո մարտական ընկերների համար, միշտ պետք է ուշադիր լինեն քո հանդեպ և այլն: Դրա համար վերադարձա Երևան:
-Նույնը վերաբերում է նաև առաջին պատերազմի մարտական գեներալներին, մենք լսում ենք, որ նրանցից ոմանց թույլ չեն տվել մասնակցել պատերազմի կառավարմանը, լինել հրամանատարական կետում:
-Ոչ մեկին թույլ չեն տվել, բայց արդեն պատերազմի վերջում, երբ տեսել են, որ ոչինչ չկա, առանց հրամանի, առանց պաշտոնական որևէ բանի խնդրել են, որ գնա այստեղ օգնի, այնտեղ օգնի և այլն:
-Մեկը՝ Շուշին, մեկը՝ Ստեփանակերտը, կազմակերպեն պաշտպանություն:
-Դե դա ակնհայտ է: Գիտեք, շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այսպիսի ավարտ չունենալու: Նախ` ինչն էր խանգարում, ինչ արել են, արել են, փոխել են զարգացման պլանը, ձեռք չեն բերել, կամ ինչ-որ բաներ ձեռք են բերել: Պատերազմը արհավիրք է, արհավիրքի ժամանակ դու պետք է փորձես ամեն ինչ օգտագործել: Ի՞նչն էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ, առանց ակնկալիք ունենալու, որ այդ խորհուրդը կիրականացվի, բայց բազմափորձ մարդիկ են, չէ՞: Իսկ Օնիկ Գասպարյանը ընդամենը 2-3 ամսվա գլխավոր շտաբի պետ էր, իսկ գլխավոր շտաբի պետ լինելը դա խաղ ու պար չէ, ու հատկապես ռազմական գործողություններ վարելը, իսկ և՛ առաջինը, և՛ երկրորդը, տեսեք քանի ռազմական գործողություններ են վարել: Լավ, ի՞նչ էր խանգարում, նույն անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին՝ որպես խորհրդատու, էլի մի արեք ասածները, բայց գոնե ինչ-որ բանից կարող էիք օգտվել, այլ ոչ թե պատահական մարդկանց ընդունեիք, ովքեր այստեղից գնում էին որպես բարձրաստիճան պաշտոնյա: Եվ ավտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ հայտնվում են այդ կետում, ախր սա զավե՞շտ չէ, սա հանցագործությո՞ւն չէ:
– Պատերազմի ավարտական փուլում Ձեր ասած անձանց թողնվեց պաշտպանությունը՝ Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա էր, Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի:
-Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց: Եթե Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը: Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Դավի՛թ, տեսեք, ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, թեև այդտեղ գաղտնի բան չկա, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը:
-Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:
-Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել:
-Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա իրենց նպատակադրումն է:
-Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը:
168.am