Նախագահ

«Այսինքն՝ որպեսզի իրեն չասեին դավաճան, ինքը պատրաստ էր հազարավոր մարդկանց զոհելու, հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելու». Սերժ Սարգսյան

16.02.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:



-Դուք ՀԱՊԿ-ին կդիմեի՞ք այս իրավիճակում, պարո՛ն նախագահ:
 
-Այս իրավիճակում ես ինչպես փորձեցի բացատրել, այդպես էլ կվարվեի, նախ՝ առաջին հերթին ես կխոսեի մեր գլխավոր դաշնակցի հետ` ասելով հանդերձ, որ ես կանխատեսում եմ այսպիսի բան, խնդրում եմ, ասեք՝ ինչով կարող եք մեզ օժանդակել, և ելնելով դրանից, իմ խնդրանքները կձևակերպեի: Մամուլում երևաց` ասացին՝ բա եթե դիմեինք, կարող է մերժեին, այսինքն՝ դուք ի՞նչ է, այսպես, տղա-աղջիկ հարաբերություննե՞ր եք մեջտեղ բերում պետական հարաբերություններում՝ ամուսնության առաջարկով գնաս, կմերժեին, քեզ համար դա վիրավորական է:
 
– Հիմնական հակադարձումն այն էր, որ ՀԱՊԿ-ի իրավազորությունը չի տարածվում Արցախի վրա:
 
-Բայց մինչև ՀԱՊԿ, մենք ունեինք դաշնակից, ինչո՞ւ մեր դաշնակցին չենք դիմել, բա եթե մենք ՀԱՊԿ-ին համարում ենք մեր անվտանգությունն ապահովող բաղկացուցչ մաս, բա ինչո՞ւ էինք ՀԱՊԿ-ի նկատմամբ այդպես վարվում: Լավ, դա էլ գլխներին տված, բա երբ զորավարժության ժամանակ քեզ համարյա թե հասկացնում են, որ լսիր, այսպիսի վտանգ կա, բա դու ինչո՞ւ չես քո առաջարկություններն անում: Այո, ՀԱՊԿ-ը Ղարաբաղի համար պատասխանատու չէ, բայց Հայաստանի համար պատասխանատու է, թող խնդրեին Հայաստանի անվտանգությունն ապահովեր:
 

-Իսկ մեր զորքը զբաղվեր Արցախով:
 
-Իհարկե, ես որևէ մտադրություն չունեմ թերագնահատելու կամավորականներին, ընդհակառակը, հայտնի պատճառներով ես իրենց շատ հարգալից եմ վերաբերվում, բայց ո՞րն ավելի արդյունավետ կլիներ՝ այդ կամավորականները գնային ՀՀ սահմանները պահեի՞ն, թե՞ գնային Ղարաբաղ, ինչպես ասում են` չգիտեմ ուր, ինչ զորամասի կազմում: Նույն պահեստազորայինները, հարցնում եմ` ինչո՞ւ նախ բավարար քանակով չուղարկեցիք, ինչո՞ւ չհամալրեցիք ՀՀ սահմանները պաշտպանող զորամասերին, իսկ զորամասի բուն անձնակազմը, ովքեր պատրաստվել էին պատերազմի համար, համենայն դեպս այդպես պետք է լիներ: Գիտեք պատասխանը որն է, ուժեղ բռնվեք. բա ժողովուրդը չթողեց, ժողովուրդը դուրս եկավ և չթողեց զորքը տանենք:
 
-Այո, զորամասերի մուտքերը փակեցին, կա՞ այդպիսի պնդում:
 
-Բա մենք հազարավոր ռազմական ոստիկաններ ունենք, բա այդ ոնց է, երբ ժողովուրդը դուրս է գալիս, ոստիկանությունը գնում է ջարդելով, ինչպես Իջևանում և այլ դեպքերում, կարգուկանոն է հաստատում, բա ռազմական դրությունը ինչի՞ ես մտցրել, եթե մի քանի հոգի պետք է դուրս գային և ասեին՝ զորքը չենք թողնում տանեք: Բա հոխորտում էր չէ՞, չեմ ուզում նմանակել, թեև մեծ ցանկություն կա, հոխորտում էր չէ՞, որ իմացեք, ես փայլուն գիտեմ գերագույն հրամանատարի պարտականությունները:

-Բայց պատերազմից հետո ասում էր` վարչապետը հո մարտ չի՞ ղեկավարել:
 
-Դե գիտես, ասել միշտ էլ կարելի է, բայց իրականության մեջ ինքը գերագույն հրամանատար չէր:

-Հայաստանը պատերազմ չէր հայտարարել:
 
-Այո, բայց այդ չհայտարարված պատերազմում ինքը այդ դերակատարությունն էր տանում, գոնե հրապարակավ կուրծք չպետք է ծեծեր և ասեր, որ ինքը այդ բոլոր բաները փայլուն գիտի:
 
-Հիմա հրամանատարական ուղղահայացի մասին, սա շատ կարևոր դրվագ է, պարո՛ն նախագահ, պաշտպանության պաշտոնաթող եղած…
 
-Ես հասկանում եմ ինչպիսի հարց եք ուզում տալ:
 
-Պատասխանատուների մեղքի չափը եկեք գծենք:
 
-Ես ուզում եմ հետևյալը ասել. այդ ուղղահայացի ոչ արդյունավետ լինելը և այլն, դրանք հեքիաթներ են, դրանք մարդկանց կարծիքներ են, որոնք լավ չեն տիրապետում ոչ միայն մեր Սահմանադրությանը, այլ նաև օրենքներին, մեր պաշտպանության մասին օրենքում շատ հստակ գրված է, որ այդ ուղղահայացը պետք է գործի, իսկ թե ինչու պաշտոնատար անձինք չկարողացան այդ ուղղահայացը ձևավորել այնպես, ինչպես պարտավոր են, ապա ո՞վ է մեղավորը: Երևի, ոչ մենք, էլի ուզում են մեր «ջեբը» գցեն, էլի ուզում են ասեն, որ հստակ չի:
 
-Որը ձեր գրած Սահմանադրությունն է:
 
-Այդ Սահմանադրության մասին խոսողները թող իրենց նեղություն տան, ոչ թե մի անգամ ընթերցելու և անցնելու, այլ էությունը հասկանալու համար, բայց, քանի որ առիթ է, մի բան ես կրկնեմ. գերագույն հրամանատարը շատ կարևոր ֆունկցիաներ ունի, բայց ունի երկու կարևորագույն ֆունկցիա, երբեք գերագույն հրամանատարը չի նստում այսպես քարտեզի կողքը կամ կանգնում և տքնելով մտածում ու ասում` ա՛յ այս գունդը այստեղ պետք է գնա, այս դիվիզիան՝ այստեղ, այս հրետանին` այստեղ:

-Մարտավարություն չի մշակում:
 
-Դա իր գործը չէ բնավ, և նույնիսկ եթե ինքը քաջածանոթ լինի էդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին՝ իրականացնելու իր մտահաղացումները, միևնույն ժամանակ, երևի, ինչ-որ չափով թուլացնում ես իր պատասխանատվությունը: Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը արժանի դիմադրություն ցույց տալու: Սա առաջին կարևորագույն պարտականություն է: Բայց երբ մենք ինչ-որ պատճառներ ենք բռնում, բա էսինչ պատճառով չկարողացանք լրահամալրում անել, էսինչ պատճառով չկարողացանք զորք ուղարկել, նորից փորձեցինք վերադառնալ ջոկատներին, որոնցից դեռևս 90-ական թվականներին էինք այսպես ասած՝ ազատվել, դա նշանակում է`դու պետք է լռես: Գերագույն հրամանատարի երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել: Այսինքն, եթե բոլոր տեղերից այդպիսի զեկույց է գալիս, և դու հասկանում ես, որ ի վիճակի չես արժանապատվորեն շարունակել ռազմական գործողությունները, դու պարտավոր ես ուղղակի բոլոր ջանքերը գործադրելու, որպեսզի կանգնեցնես այդ ռազմական գործողությունները` հետևանքների մասին երբեք չմտածելով, թե դա անձնական վարկանիշի վրա ոնց կազդի և այլն, նվազագույնը գոնե պետք է դիմես քո դաշնակիցներին` ասես խնդրում եմ, պատերազմը կանգնեցրեք: Հիշո՞ւմ եք, ոնց էր կապիտուլյանտը արդարանում, երբ ասում էին՝ բա ինչո՞ւ Ջաբրայիլից հետո պատերազմը չկանգնեցրիք, ասում է՝ կանգնեցնեի, որ ասեին դավաճա՞ն է: Այսինքն՝ որպեսզի իրեն չասեին դավաճան, ինքը պատրաստ էր հազարավոր մարդկանց զոհելու, հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելու, այսինքն, սա ինչ վերաբերմունք է, այս ամենը պետք է մնա անպատի՞ժ, մեր ժողովուրդը այդպե՞ս է մտածում: Սրանք հարցեր են, որ բազմաթիվ անգամներ հնչել են և հնչելու են:
 
-Պարո՛ն նախագահ, հրամանատարական ուղղահայացը կամ կառավարման անհստակությունները ինչպե՞ս էր ձևակերպվում, տեսեք մի քանի հիմնական պերսոնաժի թվարկեցինք`վարչապետ, որը գերագույն հրամանատար էր համարվում, մինչդեռ պատերազմ հայտարարված չէր, պաշտպանության նախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Արցախի նախագահ և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գոնե հիմնական պատասխանատուների անունները թվեցի, Դուք հիմա կարող եք ասել նրանցից յուրաքանչյուրի մեղքի չափը, որովհետև տեսեք, ասում եք զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը չորրորդ օրը զեկուցել են, այսինքն՝ իրենք իրենց գործը արել են ու վե՞րջ, թե՞ իրենք ունեն իրենց մեղքի բաժինը:
 
-Ես որևէ ցանկություն չունեմ ինձ վրա վերցնել դատավորի դերակատարություն, ոչ թե դրանից ես, կոպիտ ասած, վախենում եմ, այլ ուղղակի ճիշտ չեմ համարում գնահատականներ տալը յուրաքանչյուրին հատկապես մեղքերի բաժնում, որովհետև դրա համար անհրաժեշտ է հետաքննություն: Մի բան կարող եմ ասել, որ ակնհայտորեն գերագույն հրամանատարի դերակատարությունը ուղղակի ձախողված է, փոքր օրինակներից սկսած` մեծով ավարտած: Ես մեծերի մասին ասացի: Մի փոքր օրինակ էլ ասեմ: Ինչպես հայտարարվեց, գերագույն հրամանատար ասվածը միայն պատերազմի հինգերորդ օրն է զանգահարել պաշտպանության բանակի հրամանատարին, պատկերացնո՞ւմ եք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքնաթիռից անմիջապես կապվել եմ նաև պաշտպանության բանակի հրամանատարի հետ` ոչ թե որպեսզի ղեկավար ցուցումներ տամ, այլ որպեսզի մարդուն ոգևորեմ, որպեսզի ասեմ, որ ես ամբողջ հնարավորություններով քեզ սատարում եմ, ինչպե՞ս կարելի է, հատկապես այդպիսի ծանր կորուստներ ունենալուց հետո, ո՞նց կարելի է այդպես վարվել: Առաջին հայացքից կարող է թվալ՝ դա մանր բան է, բա այդ դեպքում ո՞նց ես ճշտել, թե ինչպես պետք է շարունակվի: Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, անկեղծ եմ ասում, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն է: Ասեմ նաև, որ ես չեմ պաշտպանում Օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը ներգրավված լինեն ենթադրյալ ինչ-որ դավադիր գործողությունների մեջ, բայց որպեսզի նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինեն, հստակ կանգնեին, նրանք առնվազն պետք է ունենային արդեն բավականաչափ փորձառություն, որը նրանց հնարավորություն կտար ասելու՝ վերջ, ես չենթարկվելու կոչ չեմ անում…

-Կառավարումը վերցնում ենք մեր ձե՞ռքը:
 
-Ոչ, խոսքը, կառավարումը ձեռքը վերցնելու մասին չէ, խոսքը հետևյալի մասին է, որ եթե դու համոզված ես՝ որ որպես հրամանատար այլևս ի վիճակի չես շարունակելու մարտական գործողությունները այնպես, ինչպես դու ես ցանկանում կամ ինչպես դու պարտավոր ես և ունենալու ես անդառնալի կորուստներ, եթե ուրիշ բան չլինի, չեմ ասում հրաժարական տա, բայց գոնե ինչ-որ չափով պետք է հրապարակայնացվի դա: Միշտ էլ կարելի է ասել` ասաց, արեցի, բայց քո պարտականությունը մենակ անելը չէ: Նույնիսկ այդքան փոփոխություններից հետո գրագետ սպաներ էին մնացել, լավ ճանապարհ անցած, այդ մարդկանց կարծիքն էր պետք հաշվի առնել: Ախր, դա «դմփ-դմփ-հու» չէ, կամ փողոցում խորոված անելը չէ, դու պետք է կարողանաս, այդ մարդիկ պետք է հասկանան, պետք է քեզ հավատան: Պետք է քեզ հասկանան, որ դու հանիրավի իրենց չես մեղադրելու, մեղքը իրենց վրա չես բարդելու, բա գերագույն հրամանատար ինչո՞ւ են ասում, թիվ մեկ պատասխանատուն է, թիվ մեկ մեղավորը կամ թիվ մեկ հաղթողը: Իսկ այս բառախաղերը` թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր, բա էդ պատասխանատվությունը ինչպե՞ս է դրսևորվում, ինչպե՞ս: Ասես՝ ես եմ պատասխանատու, բայց ես այնքան էլ մեղավո՞ր չեմ: Մեքենայի վարորդը ասի՝ վարելու պատասխանատուն ես եմ, բայց վթար արեցի, ես չեմ մեղավո՞ր:
 
168.am

← Վերադառնալ ցուցակին