Նախագահ

«Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում». Սերժ Սարգսյան

16.02.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

 

-Պարո՛ն նախագահ, գործող իշխանությունը շատ է խոսում նախկինների ռևանշի մասին՝ նաև Ձեզ նկատի ունենալով: Ձեր ղեկավարած կուսակցությունը ակտիվորեն գործում է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում, բայց Դուք չեք երևում հանրային ասպարեզում, հարթակներում տևական լռությունից հետո սա ձեր առաջին մեծ հարցազրույցն է: Դուք ունեք անձնական ծրագրեր` կապված պետության ապագայի հետ, միգուցե ունե՞ք ցանկություն վերադառնալու մեծ քաղաքականություն ինչպես, օրինակ, երկրորդ նախագահը: Ի՞նչ ծրագրեր ունեք:
 
-Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը և հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝ որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի:


-Որևէ պարագայո՞ւմ:
 
-Որևէ պարագայում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում , որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք:
 
-Իրենք հրաժարվել են ընտրությունների գաղափարից, ինչպես տեսնում ենք:
 
-Դե, ես չունեմ այն՝ միամտությունն ասեմ, ազնվությունն ասեմ, որ հավատամ սա վերջնական որոշում է: Քանի՞ անգամ է եղել՝մեկ այս են ասել, մեկ այն են ասել:
 
-Սա վերջնական որոշում չէ՞:
 
-Իհարկե, վերջնական որոշում չէ. եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ի՞նչ արժե սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրություններ: Ընտրությունն ավելի կարևոր չէ, քան պատերազմը:

-Ինչո՞ւ, Սասուն Միքայելյանը ասում էր, որ Արցախյան ազատամարտը պակաս կարևոր է քան հեղափոխության հաղթանակը:
 
-Դե, ասում էին, դա իրենց կարծիքն է: Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, դրա համար և ոչ միայն դրա համար, մենք հրաժարվեցինք:
 
-Նրա կազմակերպած ընտրություններին չէի՞ք պա տրաստվում մասնակցել:
 
-Այո, բայց դա որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես պասիվության նշան, մենք ակտիվ ենք լինելու: Բայց կրկնում եմ՝ այլևս չեմ լինելու որևէ ղեկավար պաշտոնում:
 
168.am

← Վերադառնալ ցուցակին