Նախագահ

«Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել». Սերժ Սարգսյան

15.02.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը:

 
Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի հարցին՝ ամենահայտնի արտահայտությունը Ձեր հրաժարականի տեքստի՝ որ նա ճիշտ էր, Դուք սխալվեցիք, վերաբերում էր Ձեր հետնորդի սխալ ընտրությա՞նը։
 
 
«Ոչ։ Կարծում եմ՝ ապրիլյան իրադարձությունների մասին կարելի է մի ամբողջ հաղորդման ընթացքում խոսել կամ մամուլի ասուլիսի ընթացքում, ինչն ինձ համար ավելի հոգեհարազատ է, և դա, կարծում եմ, կլինի տեսանելի ապագայում։ Ինչ վերաբերում է իմ՝ հանրության կողմից հետաքրքրություն ստացած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետևյալը, որ ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»,-իր հրաժարականի մասին ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ խոսք չի եղել իշխանությունը նրանց փոխանցելու մասին, այլ զուտ իր հրաժարականի մասին։
 
 
Հարցին՝ ապրիլի 23-ին իրենք դա որպես իրենց հաղթանակ էին նշում, միգուցե Կարապետյանը իրենց ա՞յլ բան է ասել, Ս. Սարգսյանը պատասխանեց.
 
«Ես չեմ կարծում, որ Կարապետյանն իրենց այլ բան կասեր։ Կարապետյանը նրանց չէր ասել, նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր»,-ասաց նա՝ ընդհատելով հեռուստամեկնաբանի՝ այդ օրերին առնչվող այլ հարցերը.
«Կարծում եմ՝ մենք այսպիսի սկզբով, այսպիսի հարցադրումներով, այսպես սահուն անցնում ենք 2018-ի իրադարձությունների դաշտ»։
 
Լրագրողի ճշտող հարցին՝ ապրիլի 23-ին Կարեն Կարապետյանի միջնորդությամբ այսօրվա իշխանություններին բանտից ազատելով՝ Դուք հասկացրել եք Կարապետյանին, որ Դուք ոչ թե նրանց եք իշխանություն փոխանցում, այլ Կարապետյանին եք իշխանություն փոխանցում։ Դա կարո՞ղ եք լիարժեքորեն ասել, որ ուղերձը եղել է դա, Կարապետյանին էլ է Ձեր ուղերձը եղել դա, որ իրեն չեք տալիս իշխանություն, հետո գործող իշխանությանը դա փոխանցելու հաշվարկով, այլ իրեն եք վստահում պետության կառավարումը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց.
 
«Խոսակցությունն այդպես ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որևէ կասկած չկա։ Նորից եմ կրկնում՝ իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»։
 
168.am

← Վերադառնալ ցուցակին