Նախագահ

«Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ. բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա». Սերժ Սարգսյան

15.02.2021

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը:

 
Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի հարցին՝ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունե՞ր Արցախյան հիմնահարցի հետ: «Չէ՞ որ 2018-ի գարնանը մենք շատ ծանր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում էինք, Դուք դա հրաշալի տեսնում և պատկերացնում էիք, և իշխանության էին հավակնում մի խումբ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ո՛չ Արցախյան շարժման հետ կապ ունեին, ինչպես առաջին նախագահը, ո՛չ էլ գենեզիսով Արցախից էին, ինչպես երկրորդ նախագահը և Դուք։ Երբևէ պետական պաշտոն չէին զբաղեցրել, չէին մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն՝ մեծ հաշվով, պատկերացում չունեին բանակցային գործընթացի մասին կամ միայն մամուլից էին տեղյակ։ Դուք ի՞նչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը, այդ ծանր իրավիճակում Դուք ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք», դիտարկում-հարցին Սերժ Սարգսյանը հակադարձեց.
 
«Նախ, պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։
 
168.am

← Վերադառնալ ցուցակին