Նախագահ
«Այդ ապատեղեկատվությունը կամ կեղծիքները շատ նեղ շրջանակներում էին շրջանառվում». Սերժ Սարգսյան
19.08.2020
Այսօրվա ասուլիսում Yerevan Today» կայքի թղթակիցը Սերժ Սարգսյանից հետաքրքվեց․ Այն ժամանակ, երբ Դուք իշխանության էիք, երբ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ, դրան հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ մեղադրանքներ կային սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի որակի մասին: Ինչո՞ւ այդ ժամանակ, երբ Դուք իշխանության էիք, չեղավ արձագանք, վերաբերմունք նաև իրավական հարթությունում»։
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց․ «Ասեմ, որովհետև, ինչպես իմ ներածական խոսքում ասացի, ես դրա անհրաժեշտությունը չէի տեսնում: Ինչո՞ւ չէի տեսնում, որովհետև այդ ապատեղեկատվությունը կամ կեղծիքները, որ հրապարակվում էին, շատ նեղ շրջանակներում էին դրանք շրջանառվում: Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և այդ ուսումնասիրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին: Մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ էր, իսկ թե ինչո՞ւ հետո նպատակահարմար չէր, որովհետև արդեն 2018թ. Ապրիլյան իրադարձություններից հետո շատ դժվար էր հանգիստ պայմաններում խոսել Ապրիլյանի մասին: Անհրաժեշտություն կար, որ մարդիկ ժամանակի ընթացքում գան նորմալ վիճակի, այդ հուզական վիճակը վերանա, և մարդիկ ի վիճակի լինեին լսելու այն, ինչն իրականություն է»:
Աքսաննա Հայրապետյան
168.am