Նախագահ
«Եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը». Սերժ Սարգսյան
19.08.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ, եթե ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա անպայման Հայաստանը ճանաչելու էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ ԶՈւ հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի ԼՂ բնակչությանը»:
Սերժ Սարգսյանը հիմա էլ համոզված է, որ, եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը. «Ես որոշակի ակնարկ զգացի Ձեր հարցում առ այն, որ ապրիլյան պատերազմի առիթը չօգտագործվեց, դա որպես առիթ չպետք է լինի, դա պետք է լինի իրադրությունից բխող արդարացված որոշում: Իսկ երբ արդեն իսկ առաջին օրը մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը, կարծում եմ՝ ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին, իսկ որ հետագայում այդ քառօրյան վերածվեց նաև մեր դիվանագիտական հաղթանակի, կարծում եմ՝ այստեղ որևէ կասկած չկա»:
Սերժ Սարգսյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ չկատարեց խոստումը և չեղավ Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը:
«Առաջին չվերթի ուղևոր չեղա, որովհետև առաջին չվերթը չիրականացվեց, իսկ ինչո՞ւ չիրականացվեց, ես այդ հարցին կպատասխանեմ այն ասուլիսի շրջանակներում, որ մենք կհրավիրենք՝ կապված ԼՂ խնդրի հետ»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am