Նախագահ
«Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում և նաև՝ շփման գծում, մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ». Սերժ Սարգսյան
19.08.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները:
«Անշուշտ, Տավուշում մեր Զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր՝ սա պետք է գնահատել և շնորհավորել մեր ԶՈՒ-ին: Բայց նույնը պետք էր անել 2018թ. մայիս-հունիս ամիսներին՝ Նախիջևանի ուղղությամբ. դա անհրաժեշտություն էր: Այստեղ ունեմ երկու նկատառում՝ առաջին՝ իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին, որ պարգևատրվել են կամ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչով», պարգևատրվել այդ բարձր շքանշանով: Սա չափազանց կարևոր հանգամանք է հատկապես ինձ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանը նկատեց. «1994թ. կնքված հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները, դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում՝ Շուշի և այլ օպերացիաներ, ընդամենը 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով: Ես սա որևէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի և տավուշյան մարտերի տարբերությունը, ըստ Երրորդ նախագահի՝ շատ մեծ է. «Մի բան է՝ լայնածավալ ռազմական գործողություններ, որ մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է՝ մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում: Բայց նորից եմ կրկնում՝ ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր ԶՈւ իրենց ցուցաբերեցին լավագույնս: Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր ԶՈւ-ը մարտունակ չեն: Ես համոզմունք ունեմ, որ ապագայում ևս մեր ԶՈՒ-ը ևս իրենց կցուցադրեն լավագույն կողմից»:
Ինչ վերաբերում է դիրքային բարելավումներին կամ կորուստներին, Սերժ Սարգսյանն ասաց, որ 1994թ. հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել. «Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց ձորում, Սյունիքում, Տավուշում և նաև՝ շփման գծում, մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ: Կարող եք հարցնել մեր երրորդ բանակային կորպուսի, այսինքն՝ այն, որ պահպանում է Տավուշի սահմանները, այն ժամանակվա հրամանատարներ գեներալ Լևոն Երանոսյանին, գեներալ Օնիկ Գասպարյանին, որը հիմա մեր ԳՇ պետն է, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, մեր այս կողմի կորպուսի այն ժամանակվա հրամանատարներին, հատկապես՝ գեներալ Անդրանիկ Մակարյանին, թե ինչքան բարելավումներ ենք մենք ունեցել մինչ ապրիլյան պատերազմը և դրանից հետո: Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև կարևորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքը ընդլայնելու: Կարևորը այն չէ, որ դրա համար մենք շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և այսպիսով շահագրգռելով Ադրբեջանին՝ փոխադարձ գործողություն կատարելու: Հսկայական տարածքներ են, ես հիմա իրավունք չունեմ նույնիսկ ասելու, թե ինչքան, բայց ես հավատացնում եմ՝ շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել»:
Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ 2018թ. հրաժարականի տեքստում, երբ ասում էր՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Թե ես ի՞նչ եմ նկատի ունեցել իմ հրաժարականի հայտարարության մեջ, կարծում եմ՝ այսօրվա մեր ասուլիսի թեմայից դուրս է, որովհետև մենք հաստատ համոզված ենք, որ 2018թ. ապրիլյան իրադարձությունների թեման շատ-շատերին է հետաքրքրում, և այդ թեմայով մենք առանձին ասուլիս կկազմակերպենք»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմի հետախուզությանը, Սերժ Սարգսյանը նշեց. «Խորապես համոզված եմ, որ բոլոր այն հայտարարությունները, որ մենք իբր թե իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական իմանալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում նաև՝ հետախուզության կողմից տրամադրված տեղեկությունները, կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ հետախուզական տեղեկություններ: Ո՛չ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն: Ձեր հարցերի մի մասն էլ այն էր, թե ինչու չենք իմացել: Սա էլ է մասնագիտական հարց, և պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն: Կարծում եմ, որ դուք չեք կասկածում, որ աշխարհի լավագույն հետախուզություններից մեկը ԱՄՆ հետախուզական ծառայությունն է, որ նախնական տեղեկություններ չուներ սեպտեմբերի 11-ի այդ ողբերգության իրականացման մասին: Ես կարող եմ բերել տասնյակ նման օրինակներ: Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելու ոչինչ չկա: Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն: Այսպիսի բնույթի է եղել տեղեկությունը, և ենթադրվող հատվածներում, իհարկե, համապատասխան աշխատանք կատարվել է»:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am