«Ես նորից եմ ասում, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ոչ գաղտնի, ոչ բաց: Չի ստորագրվել: Ես Ձեզ ուղղակի կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով: Դուք կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016թ. ապրիլի 12-ի հայտարարությունը: Այդտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 94թ. անժամկետ համաձայնագիրը: Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Հո համանախագահներն էլ չե՞ն կարող խաբել, չէ՞: Մենք իրավունք չունենք կասկածել նրանց սուտ ասելու մեջ: Միգուցե դուք իրավունք ունեք կասկածել իմ ասածներին, բայց Մինսկի խմբի համանախագահները հո չե՞ն կարող ապատեղեկատվություն տալ միջազգային հանրությանը: Դուք կարող եք ծանոթանալ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը, և, ի վերջո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նաև հոկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը: Բոլոր իմ նշած հայտարարություններում ասվում է, որ է 94թ. անժամկետ համաձայնագիրն ուժի մեջ է: Այստեղ կասկածելու ի՞նչ կա»,- պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ի՞նչ գաղտնի փաստաթուղթ է Ապրիլյանից հետո ստորագրվել Մոսկվայում, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ մի քանի անգամ զրույց է ունեցել գեներալ Խաչատուրովի հետ:
«Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Նա շատ երկար ժամանակ, իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը: Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում: Խաչատուրովն ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, և նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները: Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ էին տարածում, որ ռազմական գործողությունները սկսվելու պահին Խաչատուրովը բիլյարդ էր խաղում: Դուք ձեզ վրա վերցրեք: Դուք ձեր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի, ու պատահական մարդիկ սկսեն «հեքիաթներ» պատմել ձեր մասին, վատ առումով հեքիաթներ: Նույնիսկ հանձնաժողովում, երբ խոսակցություն գնաց, ես ասացի, որ մեկ անգամ ևս կհորդորեմ Խաչատուրովին մասնակցել նիստին: Այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը: Գիտե՞ք, ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինչպե՞ս կարող էր Խաչատուրովն իմ ասածը չանել, բայց ուզում եմ հասկանաք՝ ես այլևս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, և Խաչատուրովն էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չէ: Ես պաշտոնաթող նախագահ եմ, Խաչատուրովն էլ՝ պաշտոնաթող գեներալ, և կարող է ունենալ իր սեփական կարծիքը: Ես այդտեղ շատ էական հանգամանք չեմ դիտարկում, քանի որ քիչ առաջ ես թվարկեցի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, ինչ մի քանի նախադասությամբ ձևակերպված է: Այնպես որ, կարծում եմ, որ կանցնի ժամանակ, ու Խաչատուրովն էլ առիթ կունենա շփվել լրագրողների հետ ու նաև իր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Աքսաննա Հայրապետյան
168.am