Նախագահ
«Այո, թշնամին պետք է ոչնչացվի». Սերժ Սարգսյան․ «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 18 հունիսի, 1992թ․
23.07.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է արխիվային հարցազրույց ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որը տեղի է ունեցել 1992թ․ հունիսի 18–ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթում։
Պաշտպանության կոմիտեի նախագահի հարցազրույցը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածի մասին, ի ցույց դնում Արցախն ազատագրելու այն վճռականությունն ու կամքը, որ ունեին Հայրենիքի ազատագրությանը զինվորագրված նվիրյալները:
Կամավորական ջոկատներից կազմակերպված ստորաբաժանումների վերածված և Հայրենիքի մի հատվածի` Արցախի պաշտպանությունն ստանձնած հայոց բանակն իր մկրտությունն էր ստանում և թրծվում էր թվաքանակով ու սպառազինությամբ իրեն գերազանցող թշնամու հետ անհավասար պատերազմում, որը շարունակվեց ևս երկու տարի:
Արցախի տարածքում թշնամին ոչնչացվեց, Արցախն ազատագրվեց:
Թշնամին զինադադար մուրաց:
Բազում զոհողությունների և մեծ դժվարությունների գնով ձևավորված ու կայացած բանակին նոր հաղթանակներ էին սպասվում, և առ այսօր մեր փառապանծ բանակը պատվով է անցել իր ճանապարհը:
Փա՛ռք Հայոց բանակի ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին և առ այսօր բանակում իրենց պարտքը կատարած քաջորդիներին:
Հայաստանի և Արցախի անկախության հռչակումից ի վեր Հայոց հաղթական բանակի պատմությունը, անցած փառահեղ ուղին միայն հպարտության զգացում կարող է առաջացնել:
Հաղթական ճանապարհի շատ ավելի ուշագրավ դրվագները դեռ առջևում են…»։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
-Պարոն Սարգսյան, մենք հանդիպել էինք հունիսի 14-ին: Այսօր հունիսի 17-ն է: Ինչպե՞ս կգնահատեք ռազմական իրավիճակը:
– Հունիսի 16-ին ադրբեջանական բանակի կազմավորումները հարձակվել են Չայլվի վրա: Այստեղ նրանք հանդիպել են ուժեղ դիմադրության, կորցրել երեք զրահամեքենա և նահանջել: Չայլվի պաշտպանները հանդես են բերել իսկական հերոսություն: Դժբախտաբար Թալիշում թշնամին չհանդիպեց լուրջ դիմադրության: Այնտեղից ազերի զինյալները յոթ զրահամեքենայով շարժվեցին դեպի Մադաղիս և գրավեցին այն: Որպեսզի Չայլվի պաշտպանական ուժերը չընկնեն շրջապատման մեջ, նրանք հրաման ստացան ետ քաշվել: Ներկայումս մեր պաշտպանական դիրքը գնում է Մադաղիս-Լեվոնարխ-Լենինավան գծով, այսինքն` Մադաղիսից սկսվող ջրատարի հարավային սահմանով հասնում է Լենինավան և Միր-Բաշիր ճանապարհ: Պաշտպանական գիծը ամուր է, թշնամու առաջխաղացումը կանգնեցվել է և միջոցներ են ձեռք առնվում թշնամուց ետ խլելու մեր բնակավայրերը:
Հստակ տվյալներով մինչև 17-ի առավոտը, թշնամին չի մտել Չայլու: Կիչան-Սրխավենդ գծի վրա մեր նախկին դիրքերը վերականգնվել են և այսօր սկսվել են մարտեր առաջ շարժվելու և ավելի հստակ պաշտպանական գիծ գրավելու համար:
Նախիջևանիկ-Աղբուլաղ-Դահրազ ուղղությամբ 16-ից 17-ի գիշեր մարտեր են գնացել, թշնամին արդեն թողել էր այդ գյուղերը, բայց երկրապահ ջոկատներից մեկի ոչ հստակ գործողության պատճառով հաջողությունը չի հաջողվել ամրապնդել: Ներկայումս պաշտպանական գիծը ամրացվել է` նպատակ ունենալով ետ վերցնել թվարկածս գյուղերը:
Հունիսի 16-ից 17-ի գիշերը մարտեր են գնացել Նորշեն-Մյուրիշեն-Ավդուռ գծից դեպի Ավդալ-Գյուլափլու: Առայժմ այդ հատվածում որոշակի հաջողություն չունենք:
Հանրագումարի բերելով այս ամենը, կարելի է ասել, որ Մարտակերտում, Ասկերանում, հատկապես Սրխավենդում թշնամին կրել է լուրջ կորուստներ: Գերի վերցրած տանկիստի վկայությամբ Սրխավենդում ոչնչացվել է 400 ազերի զինվոր, խփվել է 10 միավոր զրահատեխնիկա, թշնամուց խլել ենք S-72 մեկ տանկ, ետ ենք վերցել երկու զրահամեքենա, որ Սրխավենդում տվել էինք հակառակորդին: Վերցրել ենք մեծ քանակությամբ հրազեն, մասնավորապես ԱԳՍ-17 տիպի զենք:
Ասկերանի տարածքում մեր տվյալներով թշնամին թողել է 100-ից ավելի դիակ, ոչնչացրել ենք 8 զրահամեքենա: Մեկ տանկ էր խփվել Մյուրիշեն-Նորշեն հատվածում: Չայլու-Թալիշ-Մադաղիս հատվածում թշնամին կորցրել է 60-ից ավելի զինվոր և 8 զրահամեքենա:
Կորուստներ ենք կրել նաև մենք: Խփվել է մեկ S-71 հրասայլ, բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Թշնամին Թալիշում վերցրել է մեկ զրահամեքենա:
– Մեզ մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք համալրվում է մեր զրահատեխնիկան, ընդհանրապես հագեցվու՞մ է մեր զինվածությունը:
– Մեր զինվածությունը ներկայումս ավելի է լավանում, չնայած այս հարցում թշնամին ճնշող առավելություն ունի: Մեկ տանկից բացի, որի մասին ասացի, գրավել ենք նաև երկու տանկ ևս, որոնք վերանորոգումից հետք կարելի է մարտի դաշտ ուղարկել: Երևի Ստեփանակերտի բնակիչները անցած գիշեր լսել են Շուշիից իջնող տանկերի շարասյան հռնդյունը:
Որոշակի քայեր արվում են, բայց, կրկնում եմ, թշնամին ունի գերազանցություն:
«Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 18 հունիսի, 1992թ․