Նախագահ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ

25.06.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար, Համահայկական խաղերի համահիմնադիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Ալբերտ Բոյաջյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ:

 
Ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Հարգելի՛ պարոն Բոյաջյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ինչպես նաև անսպառ եռանդ` շարունակելու Ձեր անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Ձեր ազգանպաստ նոր ձեռնարկումներով նպաստելու Հայաստանի և Արցախի հզորացմանը:
 
Դուք այսօր էլ շարունակում եք Ձեր մեծ ներդրումն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որի երկարամյա անդամը և խոշոր նվիրատուներից մեկն եք:
 
Վստահ եմ, որ այսօր` Ձեր նշանակալի հոբելյանի օրը, երբ հայացք նետեք Ձեր անցած ուղուն և վերհիշեք Ձեր բազմաթիվ բարեգործություններն ու ազգանպաստ ծրագրերը, որոնց համար արժանացել եք Հայաստանի և Արցախի պետական բարձր պարգևների և արդարացիորեն վայելում եք մեր ժողովրդի սերն ու հարգանքը, գոհունակությամբ կարձանագրեք, որ անցել եք պատվաբեր ճանապարհ, որը հայրենասիրության ու աշխատասիրության, բարին գործելու աստվածահաճո առաքելության վառ օրինակ կարող է լինել երիտասարդ սերնդի համար:
 
Անուրանալի են Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները: Դուք մեծ ավանդ ունեք ինչպես հայոց անկախ պետականության, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում»:
 
ՀՀ երրորդ նախագահը քիչ առաջ նաև հեռախոսազրույց է ունեցել անվանի բարերարի հետ` ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել նրան հոբելյանի առթիվ:

← Վերադառնալ ցուցակին