Նախագահ
«Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն». Սերժ Սարգսյան
09.05.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մայսիսյան եռատոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների և թոռների փառավոր հաղթանակը:
Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն՝ իրենց թոռների ու ծոռների ծննդյան և պսակադրության առիթներով, և այսուհետ ոչ մի պատերազմ նրանց վիշտ ու տառապանք չբերի:
Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության և բռնատիրության դեմ:
Փառք այդ հաղթանակը կերտողներին:
Սակայն հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից և մարդկությանն սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար:
Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետևանքներով:
Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը:
Պատերազմի ծանր պայմաններում կամավորական ստորաբաժանումների հիմքի վրա կազմավորված Արցախի պաշտպանության բանակն իր մեջ ամփոփեց այն հերոսականությունը և ոգին, որ կրում էին հայրենիքի նվիրյալ կամավորները:
Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության և սխրանքի բացառիկ դրսևորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը և ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը:
Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին:
Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը և փառավոր հաղթանակի նոր էջ գրեցին հայոց պատմության մեջ:
Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին:
Հավերժ փա՛ռք նրանց:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս եռատոնի առթիվ, մաղթում հարատև խաղաղություն և ստեղծագործ աշխատանք»: