Նախագահ

Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները հատվածաբար վերաշարադրելիս ոչ լիարժեք է ներկայացրել. Մերի Հարությունյան

17.04.2020

2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո   հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել  նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների  ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ: 
 
Նախագահ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: 
 
Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցին ի պատասխան նշեց.
 
 «Նիստում ՀՀ երրորդ նախագահի արտահայտած մտքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հատվածաբար վերաշարադրման արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արվել են նախագահ Սարգսյանի կողմից, հետևաբար` ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը: Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրված է և այս տեսանկյունից չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ):
 
Նիստը, ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ, ամբողջությամբ անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն կարևոր է աշխատանքի ավարտին հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:
 
Նախագահ Սարգսյանը, ինչպես երեկ խորհրդարանում հայտարարել է, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում հանգամանորեն կանդրադառնա այս և ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին, որոնք կհետաքրքրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

← Վերադառնալ ցուցակին