Նախագահ

«Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա մեր կորցրածը 400 հեկտարից էլ քիչ տարածք էր». Սերժ Սարգսյան

03.04.2020

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում, խոսելով ադրբեջանական զինուժի նպատակների մասին, նշեց, որ նրանք հույս ունեին շատ տարածքներ գրավել միանգամից, որից հետո, ըստ իրենց տրամաբանության, ինքը պետք է վերցներ հեռախոսն ու համանախագահներին խնդրեր փրկել մեզ ադրբեջանցիներից:

«Եվ բնական է, որ այդ պարագաներում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք, բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 «Ցավոք սրտի, շատ լրատվամիջոցներ, անհատներ, ովքեր սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար»,- ասաց Հանրապետության Երրորդ նախագահը:

Խոսելով կորցրած 800 հա տարածքի մասին` Սերժ Սարգսյանը հիշում է, որ տարածքների կորստի մասին ինքն է առաջինը խոսել Վիեննայից վերադարձի ճանապարհին:

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել: Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները: Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

168.am

← Վերադառնալ ցուցակին