Նախագահ
«Այդքան զրպարտություններից հետո՝ ինչի՞ վրա պիտի զարմանամ». Սերժ Սարգսյան
30.10.2019
«Ինչպես հայտնի է, ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո, իրոք, վախեցել եմ. վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար, բայց հազարավոր, տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ միասին, նայելով այդ վախի աչքերի մեջ, մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով:
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված՝ վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով՝ մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով՝ «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով՝ մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտե՞ք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի ոչ մի բանից վախենում:
Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները. ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումները»,- քիչ առաջ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո, ի պատասխան շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա, և հայրենադարձների հոսքն այնքան կմեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը:
Ս. Սարգսյանը նաև ավելացրել է՝ «Այդքան զրպարտություններից հետո՝ ինչի՞ վրա պիտի զարմանամ»։
168.am