Նախագահ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2017



 Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության և ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: 

Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական և քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը և այսօր մեր երկրում իրականություն է դարձել:

Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին և ոգուն:

← Վերադառնալ ցուցակին