Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և շնորհավորանքի համար` նշելով, որ ուրախ ու հպարտ է Հանրապետության Նախագահի հետ միասին տնկել գեղեցիկ ծիրանենին ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի: «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, և վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առևտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև: Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, և մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առևտրային և ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:

Հանրապետության Նախագահը ևս բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են հատկապես առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ քննարկելով առկա ներուժը, այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու զարգացման հեռանկարը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության, այդ թվում՝ ս.թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«2017 թվականը մեր երկկողմ հարաբերություններում նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Այսօր աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ անցած ժամանակահատվածում մեզ հաջողվել է կառուցել սերտ, ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրախությամբ եմ նշում, որ մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում:

Հայ-ամերիկյան կապերի սերտացման հարցում, անխոս, մեծ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարումը:

Բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմոլորտ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող՝ ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը:

Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասված է ԱՄՆ նախագահին ուղղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ ցուցակին