Նախագահ

Նախագահը ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի եվ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային

29.06.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել նրա այցը Հայաստան և դրա շրջանակներում անցկացված հայ-վրացական գործարար համաժողովը, որը Նախագահի համոզմամբ, նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը, երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի հետագա խորացման ու ամրապնդման համար:

Հանրապետության Նախագահը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, փոխշահավետ մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է փոխադարձ աջակցությունը երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու, համատեղ արտահանման ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում՝ ՀՀ-ն անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր, մեծ ներուժ ունեն զարգացնելու փոխգործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին